Ադրբեջանում եւ ադրբեջանական պաշտոնյաների գտնվելու այլ վայրերում հաճախ են փորձեր արվում աշխարհին ներկայացնելու, թե իրենք ժողովրդավարության ու բարեգթության մարմնացում են, ու ադրբեջանցիները, տվյալ դեպքում հայկական կողմին զինադադարի խնդրանքով ժամանակին դիմած լինելով հանդերձ, աշխատում են կապեր հաստատել Արցախի «հայ եւ ադրբեջանական համայնքների» միջեւ: Որոշ դեպքերում նման խոսակցությունները ներառում են մտավորականներին ու նրանց հավասարեցված կատեգորիաները, նաեւ հասարակական կազմակերպություններին:
Ադրբեջանական լրատվամիջոցները առիթ-անառիթ հայկական կողմի գրեթե բոլոր ներկայացուցիչներին ծաղրելու, անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելու ու որեւէ նախաձեռնության դեպքում` նույն այդ ձեռնարկումը զավեշտալի ներկայացնելու ինչպես ցանկություն, այնպես էլ հրաման են կատարում: Այդօրինակ հիմարություններին պատասխանելը անգամ անպատվաբեր է, սակայն երբեմն ստիպված անհրաժեշտություն է առաջանում նույն այդ զավեշտի կիզակետում պահել որեւէ հայի, որին, որքան էլ տարօրինակ է, ադրբեջանական կողմը «խնայում» ու երբեմն չի ծաղրում, թեեւ ճիշտ տեղին կլիներ:
Գյումրու լրագրողական «Ասպարեզ» ակումբում ապրիլի 12-ին կայանալիք «ադրբեջանական ֆիլմերի փառատոնը» հենց այն դեպքն է, երբ ինչպես նախաձեռնությունը, այնպես էլ նախաձեռնողն ուղղակիորեն միավորել են վերը նշված երկու երեւույթների ողջ բացասականը, այն էլ այն դեպքում, երբ Ադրբեջանից նմանօրինակ «ջանքերը չեն ողջունվում»:
Գեորգի Վանյանին, որ այդ նախաձեռնության ցցուն ներկայացուցիչն է ի դեմս «Խաղաղության կովկասյան տան», առանձնակի ներկայացնելու կարիք չկա, դրա փոխարեն ադրբեջանական մամուլում միակ «չդատափետվող» հայի կերպարն իսկ բավարար է: Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, ըստ տարածված բացատրությունների, կազմակերպվում է Հայաստանում, հայերեն թարգմանությամբ ու «Ադրբեջանում կինոարվեստի ժամանակակից լավագույն օրինակներին ծանոթանալու» հնարավորությամբ:
Եվ այսօրինակ նախաձեռնությունն իրագործվում է այնպիսի մի «հայ ֆաշիստների» մասին բառակույտի ֆոնին, որ ամենայն առատությամբ Բաքվում «հյուրընկալված» հայ պատգամավորների առաջ շաղ էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առնվազն հարց է առաջացնում. ինչ է, Վանյանը որոշել է ադրբեջանական «բարձրարվեստությամբ» կրթե՞լ «հայ ֆաշիստներին»:
Մեկնաբանություններ անելուց զերծ մնալով եւ առանձնակի դրանց չձգտելով հանդերձ` մնում է փաստել, որ այս խեղկատակությանը Ադրբեջանից ամենայն լրջությամբ ու չորությամբ են պատասխանել` առանց աջակցության թողնելով հայ հանդիսատեսի դատին ադրբեջանական մի քանի ֆիլմ ներկայացնելու ցանկությունը:
Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունից տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ «չեն աջակցում Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը»: Ավելին, Ադրբեջանում բավականին հետաքրքրական հարցեր են բարձրացնում, թե ինչպես են հայերի ձեռքն անցնել ադրբեջանական ֆիլմերը այն դեպքում, երբ բոլոր ֆիլմերը պահվում են հատուկ պահոցում ու առանց պետական թույլտվության ոչ մի ֆիլմ չի արտահանվում:
Իսկ եթե ֆիլմերի հեղինակները կամ դրանք որեւէ կերպ տնօրինող անհատները, կամ կազմակերպությունները իրենք են տրամադրել դրանք «Խաղաղության կովկասյան տանը», ապա նույն այդ մարդիկ տեղյա՞կ են արդյոք, որ Ադրբեջանում իրենց «ճակատը չեն պաչելու»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ