Նոր Մարաղան բնակավայր է Արցախի Մարտակերտի շրջանում: Հիմնադրվել է 1993-94 թվականներին: Այստեղ ապրում է ավելի քան 500 մարդ: Ունի դպրոց, բուժկետ: Գյուղը վերջին մի քանի տարում անճանաչելիորեն գեղեցկացել է: Պետական միջոցներով կառուցվել են հարմարավետ տներ, անցկացվել է էլեկտրահոսքագիծ, հեռախոս: Գործում է նաեւ բջջային կապը: Նոր Մարաղան գտնվում է Մարտակերտ-Ստեփանակերտ` վերջերս հիմնովին բարեկարգված մայրուղու վրա: Մարդիկ այստեղ զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Արցախում նրանք առաջինն են շուկա հանում իրենց աճեցրած բերքը. տեղանքը նպաստավոր է, ոռոգման ջուրը` բավարար: Ամենակարեւորը` մարաղացիներն ունեն լավ հողագործի համբավ, որ սերնդեսերունդ պահպանվել է:
Նոր Մարաղայում այսօր մի համեստ հուշաքար է կանգնեցված` ի հիշատակ 1992 թ. ապրիլի 10-ի զոհերի: Այդ օրը ադրբեջանական կանոնավոր բանակը, որին օժանդակում էին նախկին խորհրդային զորքերի` Գյանջայում տեղակայված 24-րդ մոտոհրաձգային դիվիզիայի սպաներն ու վարձկան մասնագետները, գրոհեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը: Բնակավայրը, գտնվելով Միրբաշիր, այժմ` Թարթառ քաղաքից մեկ-երկու կիլոմետր հեռավորության վրա, ադրբեջանական կողմի համար ռազմական տեսակետից որեւէ վտանգ չէր ներկայացնում:
Ռազմագործողության նպատակն էր բնաջնջել Մարաղան, բռնատեղահանել խաղաղ բնակչությանը, ինչը եւ իրականացվեց ամենադաժան ձեւով: Չճշտված տեղեկություններովՙ սպանվել է 100 մարդ, հիմնականում` կանայք, երեխաներ եւ ծերեր, մի քանի հարյուրը` պատանդ տարվել: Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ: Մարաղայի սպանդը Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն էր: Այդ ողբերգության մանրամասնությունների մասին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկացվել են անմիջապես. 1992 թ. ապրիլի 11-ին ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է հակագրոհով ազատագրել Մարաղան:
Ականատեսների վկայությամբՙ պատկերը սահմռկեցուցիչ էր. մարդիկ դաժանորեն սպանվել էին իրենց տանը, բակերում, փողոցում, որտեղ էլ մնացել էին նրանց խոշտանգված դիակները: Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները եղբայրական գերեզմանոցում ամփոփել են նահատակների աճյունները: Այդ ամենը վավերագրված է:
Նույն 1992 թ. ապրիլի 28-ին Մարաղան վերստին ենթարկվել է նախահարձակման: Համառ մարտերից հետո հայ մարտիկներն ստիպված էին թողնել գյուղը: Այդ պահից Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ:
Փոխարենն ազատագրված տարածքում հիմնադրվել է Նոր Մարաղան: Այդուհանդերձ, նախկին շուրջ 2500 բնակչության մեծ մասն այսօր ապրում է հայրենիքից հեռու: Նրանք սպասում են հայրենի գյուղի վերջնական ազատագրմանը: Իսկ դրա գրավականը Նոր Մարաղան է, գյուղ, որ ապրում եւ զարգանում է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ