«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2012-04-06 | #63, 2012-04-07 | #64, 2012-04-10


ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ 40-60 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Պատգամավոր ընտրելիս, բացի թեկնածուի կրթության մակարդակը, մարդկային հատկանիշները, նաեւ առաջնորդին բնորոշ հատկանիշները հաշվի առնելուց, ընտրողները կարեւորում են եւ թեկնածուի տարիքը:

Լավ է, թե վատ, դժվար է ասել, սակայն փորձը ցույց է տալիս, որ երիտասարդներին շատ չեն վստահում: Հապացույց ասվածի` ամբողջ աշխարհում երիտասարդների սակավ ընդգրկվածությունն է խորդարաններում, այս օրինաչափությունը վերաբերում է եւ Հայաստանին: Այստեղ եւս կարծում են` պատգամավոր լինելու համար տարիների փորձով ու գործունեությամբ պետք է օրինակ ծառայել ու վստահություն ներշնչել:

Տարիքը կարեւոր է, բայց արված գործերն էլ պակաս կարեւոր չեն: Եթե պատգամավորական թեկնածուն պատկառելի տարիք ունի, բայց ոչ ոք չի լսել նրա պատկառելի գործունեության մասին, ապա նման թեկնածուն միգուցե ինչ-որ նեղ շրջանակում լինի վստահելի... սակայն ի՞նչ վստահություն կներշնչի ժողովրդին:

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, երիտասարդ թեկնածուները խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2-րդ պլանում են նաեւ եվրոպական երկրներում: Սոցիոլոգը ընդգծում է. «Իսկ եվրոպական չափանիշներով երիտասարդ է համարվում մինչեւ 30 տարեկանը»:

Եթե նկատի ունենանք եվրոպական չափանիշները, ապա Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների մեծամասնական ընտրակարգով ընդգրկված են միայն 5 երիտասարդ` 20-30 տարեկան, ամենաերիտասարդը 26-ամյա Ռոման Խաչատրյանն է , որն առաջադրվել է Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքում ու մրցակցելու է իրենից տարիքով ավելի մեծ մյուս 3 թեկնածուի հետ:

Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով ընդգրկված երիտասարդների` խորհրդարան մտնելու հավանականությանը` սոցիոլոգ Ադիբեկյանը նրանց մուտքը գրեթե անհավանական է համարում: Իսկ երիտասարդ թեկնածուների քիչ ներգրավվածությունը, ըստ նրա, պայմանավորված է ոչ միայն փորձի, այլեւ ֆինանսական միջոցների պակասով, քանի որ առաջադրվելու եւ նախընտրական քարոզարշավին մասնակցելու, անգամ քարոզարշավի մրցապայքարին դիմանալու համար ֆինանսական զգալի միջոցներ են հարկավոր: Եթե կուսակցության ներկայացուցիչ է կամ կուսակցության հովանավորության ներքո, երիտասարդի պայքարի մեջ մտնելու հնարավորություններն ավելին են:

Մինչ պատգամավոր դառնալը երիտասարդը դեռ պետք է ճանապարհ անցնի, միջազգային փորձը նույնպես սա է պահանջում: Հաճախ երիտասարդները խորհրդարան են մտնում որպես խորհրդականներ, հետագայում նոր հավակնում պատգամավորի մանդատին: Սակայն Հայաստանում մի ամսից խորհրդարանում եթե մի անծանոթ երիտասարդ պատգամավորի անուն հնչի, չենք զարմանա ու ոչ էլ երկար-բարակ կքննարկվի վստահության գործոնը, մի բան, որը բազմաթիվ ընտրողների շրջանում ձեւավորված անվստահության մթնոլորտում քննարկելն անտեղի է:

Բնակչության մի ստվար մասը դեռ չի կողմնորոշվել` ո՞ւմ վստահել, մի ամսից էլ քիչ մնացած ժամանակահատվածում մեր թեկնածուները քչերին վստահություն կներշնչեն, եւ չկողմնորոշվածները կգնան ընտրության արդեն մշակված իրենց սկզբունքով` գոնե ձայնս չկորի, թե հօգուտ ու՞մ է լինելու այդ ձայնը, դա նրանց ավելի քիչ է հետաքրքրում:

Այնուամենայնիվ, կիսավստահ ու կիսաանվստահ մթնոլորտում կանցնեն ընտրությունները, իսկ թե տարիքային ի՞նչ համամասնությամբ ու մեծամասնությամբ խորհրդարան կձեւավորի, կիմանանք մի ամսից:

Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ հիմա խորհրդարանում չունենք մինչեւ 30 տարեկան պատգամավորների, հիմնականում 40-60 տարեկաններն են: Սա տարիքային այն սահմանն է, որն ավելի շատ վստահություն է ներշնչում, թերեւս կողմնորոշվածների շրջանում:

Մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուների մեջ գերակշռում են հենց 40-60 տարեկանները. 40-50 տարեկանները կազմում են 42 հոգի, իսկ 50-60 տարեկանները` 60 հոգի:

Ոչ նույնքան, որքան երիտասարդ թեկնածուներն են, բայց 60 տարեկանից բարձր տարիք ունեցողները մեծամասնական ընտրակարգով նույնպես քիչ են` 16 հոգի: Մեծամասնական ցուցակներում տարիքային սահմանը եզրափակում է «Հայոց համազգային շարժումից» 70-ամյա Շալիկո Զորյանը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4