«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսով ապրիլի 8-ին ազդարարվեց «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկը: Շնորհանդեսի ավելի քան 600 ներկաները, կուսակցության ղեկավար կազմը եւ տարածքային կառույցների ղեկավարները ամփոփեցին այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը, որը հանրությանն է ներկայացվում առավելապես մրցունակ եւ իրատեսական նախընտրական ծրագրի տեսքով:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կետ առ կետ ներկայացրեց բազմաթիվ ոլորտներում առաջարկվող նորարարական մոտեցումներով եւ գաղափարներով հարուստ ծրագրի հիմնադրույթները: Նախընտրական ծրագրից դուրս չի մնացել որեւէ ոլորտ, այն խիստ ընդգրկուն է եւ ներառում է բազմաբնույթ տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ` ուղղված նոր աշխատատեղերի ստեղծմանը, արժանավայել աշխատավարձի ապահովմանը եւ սոցիալական անհավասարության հաղթահարմանը, ինչպես նաեւ ձեռներեցությամբ զբաղվելու համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ծրագիրը բազմաբովանդակ է` բազմազավակության եւ ծնելիության նյութական խրախուսման համակարգի զարգացում, հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության իրականացում, աստիճանական եւ կշռադատված քաղաքական բարեփոխումներ, գործուն քայլերի ձեռնարկում արդյունաբերության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության եւ այլ ոլորտներում :
Ծրագրում տեղ գտած նորարարական մոտեցումների թվում են սոցիալական բնակշինարարության ազգային ռազմավարության, «Բնակարան կարիքավոր ընտանիքին» պետական նպատակային ծրագրի մշակումը եւ իրականացումը բնակարանային ապահովման ոլորտում, երիտասարդ ընտանիքներին պետական երաշխավորությամբ ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային երկարաժամկետ վարկերի տրամադրումը զեղչային համակարգով, ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացումը` կոմունալ բնակարանային տնտեսության համակարգում: