«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2012-04-06 | #63, 2012-04-07 | #64, 2012-04-10


ԱՐՏՈ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՐՔԸՙ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբՙ վերջերս Մանչեսթրում (Անգլիա) վերահրատարակվել է Արտո Տեր-Հարությունյանի դասական համարվող խոհարարական գիրքը հատուկ բուսակերների համար:

Տեր-Հարությունյանը ծնվել էր 1940-ին Հալեպում (Սիրիա), հոգեւորականի ընտանիքում: Մեծ եղեռնի օրերին հայրը կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին, բացի մի քրոջից: 1952-ին հայրն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Մանչեսթր (Անգլիա), որտեղ որպես քահանա ծառայել է հայկական եկեղեցում:

Ընտանիքը հաջողությամբ ռեստորան է բացել նախ Մանչեսթրում, ապա նաեւ Լոնդոնում: Դրանք հանդիպման վայր են հանդիսացել ճանաչված հայ արվեստագետների համար: Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, Լորիս Ճգնավորյանը, Արամ Խաչատրյանը եւ ուրիշներ այնտեղ վայելել են ավանդական հայկական ճաշերն ու սիրալիր հյուրասիրությունը: Ի դեպ, Արամ Խաչատրյանը նաեւ դարձել է Արտո Տեր-Հարությունյանի որդուՙ Րաֆֆիի կնքահայրը:

Արեւելյան ճաշատեսակների սիրահար լինելովՙ Արտոն այնուհետեւ սկսել է մի շարք խոհարարական գրքեր գրելՙ օտարներին ներկայացնելով Մերձավոր Արեւելքի երկրների հարուստ խոհանոցը: Նա նաեւ տաղանդավոր նկարիչ է եղել եւ մեծ հայրենասեր: 1978-ին հրավիրվել է Հայաստանՙ մասնակցելու Հայ արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումին: Վերադարձին բանաստեղծությունների մի հատոր է հրատարակել «Ապագայից դեպի անցյալը» խորագրով, որտեղ ամփոփել է իր խոհերը: 1987-ի հոկտեմբերին 47 տարեկանում իր մահկանացուն է կնքել սրտի կաթվածից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4