Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Բ հատորի (1951-1960) շնորհանդեսը, որին ներկա էին գրողներ, գրականագետներ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, ուսանողներ:
Գիրքը ներկայացրեց կազմողը` բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը: Համոզված, որ գիրքն էլ ճակատագիր ունի, Մ. Խաչատրյանը պատմեց գրքի երկու հատորների ճակատագրերի մասին: Որքան զավեշտաողբերգական եղավ Ա հատորի պատմությունը, նույնքան երջանիկ ու հուզիչ է Բ հատորի պատմությունը: Ստեղծագործական յուրատեսակ հաճույք է մամուլում պահպանված տեքստերի միջոցով գրողի ստեղծագործական խոհանոցի գաղտնիքների բացահայտումը: Նա պատմեց, թե ինչպես է գրողը իր պատմվածքները ժողովածուներում զետեղելուց առաջ վերամշակել ու հատուկ նշում արել գրքերում, բայց երբեմն այդ նշումների բացակայությունը կարող է մասնագետներին խանգարել: Պարզվում է` գրողը պատմվածքները միշտ վերամշակվել ու հղկել է, եւ նույնիսկ վերնագրի կրկնությունը դեռեւս հիմք չի տալիս կարծելու, թե գործ ունենք ճիշտ նույն ստեղծագործության հետ:
Մ. Խաչատրյանը հատուկ շնորհակալություն հայտնեց գրքի խմբագիրներին, իր ընկերներին ու մտերիմներին, որոնք անշահախնդրորեն աջակցել են այս գրքի լույս ընծայմանը: Նա հատկապես ընդգծեց Ազգային գրադարանի աշխատակազմի հոգատար վերաբերմունքն իր աշխատանքի նկատմամբ եւ ասաց, որ նրանց հետ համագործակցելու 40 եւ ավելի տարիների ընթացքում հավաքել է հսկայական նյութ, որոնք, տա Աստված, շուտով կդառնան նոր հատորներ: Նա գրքի օրինակներից նվիրեց Ազգային գրադարանի փոխտնօրեն պ. Ղազարյանին, որը շնորհակալությամբ ընդունեց նվերը եւ նորանոր հաջողություններ մաղթեց Համաստեղի, Արամ Հայկազի գրքերի հրատարակությանն օժանդակող բոլոր մարդկանց, հատկապես` կազմողին ու խմբագիրներին:
Գրքի խմբագիրները` Գեւորգ Յազըճյանն ու բանասիրական գիտությունների թեկնածու Հայկանուշ Մեսրոպյանը պատմեցին աշխատանքի ընթացքի, Արամ Հայկազի գրական դաշտի իրենց ընկալման մասին: Յազըճյանը շեշտեց, որ դպրոցական տարիներից ծանոթ է Արամ Հայկազի գրականությանը, բայց"Մոռացված էջերի երկու հատորներն օգնեցին ճանաչել պատմաբան, գրականագետ Հայկազին, որի արծարծած բազմաթիվ հարցեր այսօր էլ այժմեական են, ավելին` մի քանիսի լուծումը դեռ չի գտնվել: Նա հատուկ արժեւորեց Արամ Հայկազի գրած գրախոսականները, որպես խորհրդահայ գրականության լավագույն նմուշները Սփյուռքում ներկայացնելու միջոց, ինչպես նաեւ «Շապին Գարահիսար եւ իր հերոսամարտը», «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» գրքերը` որպես Շապին Գարահիսարի հերոսամարտի մասնակցի հուշեր, ինչպես նաեւ չորս տարի դավանափոխ լինելու ցավոտ պատմության արձանագրություններ:
«Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի երկու հատորները (երրորդ հատորն արդեն տպարանում է) շատ ասելիք ունեն հայությանը: Հայկանուշ Մեսրոպյանը պատմեց, թե ինչպիսի սիրով է առնչվում այդ Մեծ հայի գրականությանը, որտեղ միշտ զարմանալու, հիանալու նյութ կա: Որպես բարբառագետի` նրան հատկապես հոգեհարազատ է Արամ Հայկազի լեզուն, որտեղ կա, կենդանի է ծննդավայրի բարբառային զգալի շերտ, իսկ այս անծանոթ նյութերում պահպանված են ազգագրական հարուստ նյութ եւ գրողի ստեղծագործական աշխատանքի հետաքրքրական մանրամասներ:`
Արամ Հայկազի գրքից պատմվածքներ ընթերցեց Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը, որի խոսքը հուզիչ էր: Ներկաները հատուկ ընդգծեցին, որ արեւմտահայերենն առանձնահատուկ հնչեղություն ունի արեւմտահայի կատարմամբ: Պարզվեց` ունկնդիրների մեծ մասը ներկա է եղել Համաստեղի, Արամ Հայկազի գրականությանը նվիրված մի քանի ձեռնարկների Երեւանի տարբեր գրադարաններում, Գրողների տանը, եւ շնորհակալությամբ են հիշում Տիրանուհու` այդ գրողների երկերից ընթերցումը:
Հուսանք` Արամ Հայկազի գրականության հետ նոր հանդիպումը չի ուշանա:
ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԵՍՐՈՊՅԱՆ, Բանաս. գիտութ. թեկնածու, դոցենտ