Հանրահայտ դաշնակարուհի, 23-ամյա Նարե Արղամանյանը հերթական փայլուն համերգաշարն է անցկացրել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Այս անգամ թե մենահամերգներով, եւ թե տարբեր նվագախմբերի հետ նա ելույթներ է ունեցել Տորոնտո, Ալբանի, Սան-Անտոնիո, Լոս Անջելես եւ Սան-Ֆրանցիսկո քաղաքներում: Մարտի 31-ին Լոս Անջելեսում կայացել է Նարեի դեբյուտը «Ambassador Auditorium»-ում. Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կատարել է Մոցարտի թիվ 20 ռե-մինոր կոնցերտը: Այդ համերգին նվիրված իր հոդվածում «Los Angeles Times»-ը Նարե Արղամանյանին բնութագրել է որպես Մոցարտի խորը եւ հասուն մեկնաբան, ընդգծելով նրա կատարման արտիկուլյար մաքրությունը, հիասքանչ ձայնային հնչողությունն ու էմոցիոնալ հավասարակշռությունը: Թերթը շարունակում է. «Արղամանյանը ներկայացավ որպես մի վիրտուոզ, որի ձեռքերը բալետի պարուհու նման ճախրում էին օդում` ընթացքում հաղթահարելով մի շարք բարդ պասաժներ»:
Նարե Արղամանյանը ուսանում է Վիեննայի երաժշտության եւ արվեստի համալսարանում, իր վարպետությունը կատարելագործում նաեւ Հանովերի երաժշտական համալսարանում` պրոֆեսոր Արի Վարդիի մոտ: Նա 2008 թվականին արժանացել է Մոնրեալի երաժշտական մրցույթի Մեծ մրցանակին(*), հաղթել միջազգային այլ մրցույթներում, մասնակցել տարբեր փառատոների, ելույթներ ունեցել Վիեննայի սիմֆոնիկ, Բեռլինի, Համբուրգի, Ֆրանկֆուրտի, Հեսսենի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբերի ու այլ հանրաճանաչ կոլեկտիվների հետ: Պայմանագիր կնքելով «PentaTone» ձայնագրման ստուդիայի հետ` Նարեն մարտ ամսին թողարկել է իր երկրորդ ձայնասկավառակը, որում ընդգրկված են Ռախմանինովի ստեղծագործությունները, իսկ արդեն աշնանը ունկնդրին հասու կլինի նաեւ նրա մյուս CD-ն, որում Բեռլինի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կատարելու է Լիստի ստեղծագործությունները:
2012 թվականին Նարե Արղամանյանը ելույթներ է ունենալու նաեւ Ճապոնիայում, Մալազիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում... Հայ հանդիսատեսը Նարեին կարող է ունկնդրել մայիսի 9-ին «Արամ Խաչատրյան» Մեծ համերգասրահում, որտեղ նա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է Ա. Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:
«ՕՐԵՐ» ամսագիր, Պրահա
(*) «Ազգը» ժամանակին հաճույքով անդրադարձել է այդ փաստին, ինչպես դրանից առաջ Նարեի բոլոր հաջողություններին, երբ նա դեռեւս «Նոր անուններ» խմբում առաջին քայլերն էր անում երաժշտական ասպարեզում: