Իսրայելի իշխանությունները գերմանացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասսին զրկել են իրենց երկիր մուտք գործելու իրավունքից: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ պատճառը Իսրայելի հակաիրանական քաղաքականության վտանգավորության վերաբերյալ նրա գրած բանաստեղծությունն է:
Գրասսին «անցանկալի անձ» հայտարարելու որոշումն ընդունվել է իսրայելական այն օրենքի հիման վրա, որը ներքգործնախարարությանը թույլատրում է արգելել նացիստների նախկին կամակատարների մուտքը Իսրայել: 2006-ին Գրասսը խոստովանել էր, որ 2-րդ աշխարհամարտի վերջին տարիներին ինքը ծառայել SS-ի զորքերում:
Իսրայելի ներքգործնախարար Էլի Իշայը հայտարարել է, որ Գրասսը կարող է իր «ստահոդ ստեղծագործությունների» համար լսարան գտնել Իրանում:
Պատժամիջոցների պատճառը Գրասսի «Ինչ է անհրաժեշտ ասել» բանաստեղծությունն է, որն ապրիլին հրապարակվեց աշխարհի մի շարք առաջատար հրատարակություններում: Բանաստեղծության մեջ նա Իսրայելն անվանում է «դյուրաբեկ խաղաղության սասանիչ» եւ համաշխարհային ընկերակցությանը կոչ է անում վերահսկողության տակ առնել ոչ միայն Իրանի, այլեւ Իսրայելի միջուկային ծրագիրը:
Գրասսի ստեղծագործությունը բացասական արձագանք է առաջացրել նաեւ նրա հայրենիք Գերմանիայում, որի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն դատապարտել է էթիկական առումով Իսրայելն ու Իրանը նույն մակարդակի վրա դնելու Գրասսի որոշումը, այն անվանելով «ոչ սրամիտ» եւ «անհեթեթ»: