«Շիրակն» ու «Միկան» հաջող են մեկնարկել
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Երկրի չեմպիոն «Ուլիսին» ոչ մի կերպ չի հաջողվում ոչ միայն առաջին հաղթանակը տոնել, այլեւ բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: Առաջնության մեկնարկային խաղում Իջեւանում հյուրընկալելով «Գանձասարին», «Ուլիսը» խաղն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա 2-րդ խաղում, կրկին Իջեւանում, այս անգամ հյուրընկալվելով «Շիրակին», «Ուլիսը» պարտվեց: Երկու թիմերին էլ չհաջողվեց լուրջ սպառնալիքներ ստեղծել միմյանց դարպասին: Հանդիպման ելքը վճռվեց 70-րդ րոպեին, երբ չեմպիոնը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները: Գյումրեցի Անդրանիկ Բարիկյանը դիպուկ իրացրեց 11 մ հարվածըՙ հաղթանակ պարգեւելով իր թիմին: Այդ գոլը «Շիրակի» կազմում Բարիկյանի հոբելյանականՙ 50-րդ գնդակն էր: «Շիրակը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Վերջին 10 տարում գյումրեցիներն առաջին անգամ առաջնության մեկնարկային 2 խաղերում էլ հաղթեցին:
Հաջող է մեկնարկել նաեւ «Միկան», որը եւս 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Թեեւ կազմի կորուստներին, «Միկայի» երիտասարդ ֆուտբոլիստները Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ իրենց լավ են դրսեւորում: «Արարատի» հետ խաղում էլ «Միկան» 3-0 խոշոր հաշվով հաղթեց: Ճիշտ է, դրանում մեղքի իրենց բաժինն ունեին արարատցիները, որոնցից երկուսը դարձան ինքնագոլի հեղինակ:
Հաշիվը բացվեց 42-րդ րոպեին, երբ Աղվան Մկրտչյանի անկյունային հարվածից հետո «Արարատի» ավագ Արթուր Մինասյանը գնդակը ուղարկեց սեփական դարպասը: Ընդմիջումից քիչ հետո Աղվան Մկրտչյանը կրկին աչքի ընկավ, այս անգամ արդեն առանց արարատցիների միջամտությամբ: Նա հիանալի իրացրեց մոտ 25 մետրից կատարած տուգանային հարվածը: Իսկ հանդիպման ավելացված ժամանակում «Միկան» 3-րդ գոլը խփեց: Հենրիկ Հարությունյանը մենմենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, որը հետ մղեց գնդակը: Այն դիպավ արարատցի Արթուր Պետրոսյանին ու հայտնվեց անպաշտպան դարպասում: «Միկան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հետաքրքրությամբ էր սպասվում «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը: Խաղասկզբում ավելի ակտիվ էին փյունիկցիները, որոնք էլ 24-րդ րոպեին բացեցին հաշիվը: Ղուկաս Պողոսյանը ձախից ներխուժելով տուգանային հրապարակ, գրավեց դարպասը: 8 րոպե անց «Փյունիկի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը կոպիտ խաղաց Նորայր Գյոզալյանի դեմՙ լուրջ վնասվածք հասցնելով վերջինիս, որի համար թիմը պատժվեց 11 մ հարվածով: «Իմպուլսի» լեգեոնական Ֆիլիպ Տիմովը հաջող իրացրեց 11 մ հարվածը, իսկ 9 րոպե անց խփեց 2-րդ գնդակըՙ իր թիմին հաշվի մեջ առաջ մղելով: 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված էր խաղադաշտը թողնել Սարգիս Հովսեփյանը: Պարզվեց, որ նրա ոտքի քառագլուխ մկանն է վնասվել: Ավելացված ժամանակում Նարեկ Դավթյանը 3-րդ գոլը խփեց եւ «Իմպուլսը» տոնեց առաջին հաղթանակը 3-1 հաշվով: Թիմի լեգեոնական Ֆիլիպ Տիմովը 2 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:
«Գանձասար»-«Բանանց» հանդիպումը սկսվեց նախատեսվածից կես ժամ ուժ, քանի որ ավտոբուսի խափանման պատճառով հյուրերը ուշացումով էին հասել Կապան: Դժվար է ասել, թե դա՞ էր արդյոք խոշոր հաշվով կրած պարտության պատճառը: Դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ խփեցին հյուրերի դարպասը: Աչքի ընկան Գուստավո Կորեան, Դեյան Վուկոմանովիչը եւ Արա Խաչատրյանը, որը հստակ իրացրեց 11 մ հարվածը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Միկա | 2 | 2 | 0 | 0 | 5-1 | 6 |
2. Շիրակ | 2 | 2 | 0 | 0 | 3-1 | 6 |
3. Գանձասար | 2 | 1 | 1 | 0 | 3-0 | 4 |
4. Իմպուլս | 2 | 1 | 0 | 1 | 4-3 | 3 |
5. Ուլիս | 2 | 0 | 1 | 1 | 0-1 | 1 |
6. Փյունիկ | 2 | 0 | 1 | 1 | 2-4 | 1 |
7. Բանանց | 2 | 0 | 1 | 1 | 1-4 | 1 |
8. Արարատ | 2 | 0 | 0 | 0 | 1-5 | 0 |