Սամբոյի Հայաստանի հավաքականը գերազանց հանդես եկավ Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնությունում: Մեր սամբիստները նվաճեցին 11 մեդալ: Առավել հաջող հանդես եկավ Գոռ Մալյանը, որը մինչեւ 56 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Վճռորոշ գոտեմարտում նա պարտության մատնեց ռուսաստանցի Եգոր Սմերտինին:
Երիտասարդների մրցաշարում 48 կգ քաշային սամբիստ Ջիվան Ղազարյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջեց ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովին ու հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Ռոզա Խաչատրյանը (52 կգ) եւ Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ) դարձան Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ: Պատանիների մրցաշարում բրոնզե պարգեւների արժանացան Լենդրուշ Զատիկյանը (48 կգ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Էդուարդ Պետրոսյանը (81 կգ) եւ ծանրքաշային Մհեր Կարապետյանը:
Երիտասարդների մրցավեճում Մաքսիմ Մանուկյանը (52 կգ) եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Արթուր Զարգոժյանին ու արժանացավ արծաթե մեդալի: Ռաֆիկ Մանուկյանն էլ մինչեւ 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց: Նրա հաջողությունը կրկնեց Սուրեն Գառնիկյանը մինչեւ 74 կգ քաշայինների մրցավեճում:
Այսպիսով, հայ սամբիստները Բուխարեստից տուն վերադարձան մեդալների հարուստ ավարով: Նրանք նվաճեցին մեկ ոսկե, 2 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ: