Վիեննայում «գորշ գայլերի» առաջնորդը կատաղել էՙ շրջապատված յուրայիններով
Նախորդ համարում «Հայոց ցեղասպանության հեքիաթով զբաղվողները մոլորության մեջ են» վերնագրով անդրադարձել էինք «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիի փարիզյան ելույթին Ֆրանսիայում գործող թուրքական ֆեդերացիայի 10-րդ համագումարում: Պարզվեց, որ այդ ֆեդերացիան հենց «գորշ գայլերին» պատկանող կառույց է, այդ պատճառով էլ համագումարը Բահչելիին «գորշ գայլի» բարեւով է ողջունել, իսկ նա յուրայինների մեջ կատարելապես լկտիացել էր: Իր կատաղի ելույթում «խելքի գալու» կոչ էր անում Ֆրանսիային, ինչպես նաեւ հայկական սփյուռքին:
Բահչելին նախորդ օրը նույն ոճով ավելի կատաղի ելույթ է ունեցել Վիեննայում, նմանապես «գորշ գայլերի» առջեւ, որոնց Չիլլերը վարչապետի կարգավիճակով անվանել էր մինչեւ կոկորդը արյան մեջ թաղված մարդասպաններ, ընդ որումՙ Մեջլիսի ամբիոնից: Արյուն ասելով Չիլլերը նկատի ուներ առաջադեմ շարժման մասնակից թուրք երիտասարդներին, որոնց 70-ականների 2-րդ կեսին հարյուրներով էին սպանել «գորշ գայլերի» մարդասպան հրոսակները:
Ապրիլի 8-ին Վիեննայում Բահչելին կատարել է Ավստրիայում գործող Թուրքական ֆեդերացիայի մասնաշենքի բացումը, ապա եւ դիմել 500 ներկաների: Նա, նկատի ունենալով Ֆրանսիային, թուրքական կայքէջերի վկայությամբ, ասել է, որ Փարիզում ունեցած ելույթով «լույս է սփռել գաղութատիրական եւ իմպերիալիստական շրջանակների գործունեությանը»: Այնուհետեւ Բահչելին ավելացրել է. «Մենք այնտեղ հակազդել եւ հակադարձել ենք մեղադրանքը այն չարանենգ պատվազուրկների, որոնք հանդգնում են քննության ենթարկել մեր պատմությունն ու փորձում որպես ջարդարար ներկայացնել մեր ազգին: Կարգի ենք հրավիրել եւ դաս ենք տվել այն մոլորյալներին, ովքեր մեր ազգի դեմ դավեր են նյութում: Քանի դեռ դուք կաք, նրանք չեն կարող ընկճել թուրք ազգին: Նրանք չեն կարող նսեմացնել փառքով եւ հաղթանակներով լի մեր անցյալը: Մի բուռ ավազակի ցանկությամբ ինչ-որ փոքրամասնության ակնկալիքների եւ մութ ուժերի պահանջների համար մենք չենք կարող ստիպել մեր ազգին, որ հետքայլ կատարի: Չենք կարող պատմության մաղով անցկացնել թուրքերին, պատճառաբանելով, թե այդպես են պահանջում մարդու իրավունքները, դա պարտավորեցնում է մարդ լինելու կոչումն ու դրան բոլորն են սպասում»:
Այլ կերպ, «գորշ գայլերի» առաջնորդ Բահչելիի համար նշանակություն չունեն մարդու իրավունքները, ոչ էլ մարդու կոչման արժանանալը, միայն թե շատ փառապանծ թուրք ազգը հետամուտ լինի Հայոց ցեղասպանության ժխտողականությանն ու հանկարծ չհամակերպվի սեփական արյունահեղ պատմության հետ առերեսվելու փաստին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ