ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գրեթե 160 տարի է անցել այն ժամանակից, երբ Պերճ Պռոշյանը գրեց «Հացի խնդիրը», սակայն ստեղծագործությունն առ այսօր արդիական է: Հետեւաբար, պատահականություն չէ, որ առաջիկայում «Հացի խնդիրը» կրկին կբեմականացվի, այս անգամ Համազգային պետական թատրոնի բեմում:
Վեպը կրկին բեմականացնելու հովանավորությունը ստանձնել է Վարդանյանների ընտանիքը:
ԱԺ պատգամավոր, «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը նշում է, որ Վարդանյանների ընտանիքը շարունակում է մշակութային նախագծերի հովանավորությունը: Իսկ «Հացի խնդիր» վեպի բեմականացումը հովանավորելը Վարդանյանների ընտանիքի նվերն է Համազգային թատրոնին` նրա 20-ամյակի առթիվ:
Կարեն Վարդանյանն անցյալ տարի դիմել է ՀՀ ժողովրդական արտիստ եւ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանին` առաջարկելով հովանավորել հայ դասականների գործերից մեկը: «Միասին ընտրեցինք «Հացի խնդիրը»: Կարծում եմ հասարակության համար ներկայացումը կունենա եւ դաստիարակչական նշանակություն: Կանենք ամեն ինչ, որպեսզի այն դառնա մեր ժամանակների լավագույն բեմադրություններից մեկը», ասում է Կարեն Վարդանյանը:
Սոս Սարգսյանը նշում է` թեեւ հայկական ռեպերտուարն աղքատիկ է, հաջողված պիեսներն էլ բազմիցս բեմադրվել են, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել Պ. Պռոշյանի ստեղծագործության վրա:
Համազգային թատրոնում երեկ հրավիրված ասուլիսին ներկա էր նաեւ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը , որի խոսքով` ոչ միայն Համազգային թատրոնի գործունեության, այլեւ մեր իրականության մեջ առաջին անգամ է, երբ գործարարն ինքն է գնում թատրոն եւ առաջարկում իր հովանավորությունը:
Ներկայացման ստեղծագործական խումբն արդեն աշխատում է, սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 21-ը ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին, եւ «Հացի խնդիրը» պիեսով կմեկնարկի թատրոնի 21-րդ թատերաշրջանը:
Բեմադրության գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը Սոս Սարգսյանն է, բեմականացնող ռեժիսորը` Վիգեն Ստեփանյանը, կոմպոզիտորը` Մարտին Վարդազարյանը, բեմադրող-նկարիչը` Դավիթ Մինասյանը, իսկ դերասանախումբը ձեւավորվել է Համազգային թատրոնի դերասաններից: Քանի որ ներկայացման մեջ տեղ են գտնելու նաեւ ազգային պարեր ու խաղեր, բեմադրությունը կունենա ազգագրագետ-խորհրդատու:
Բեմականացման համար «Գրանդ Քենդին» հատկացրել է շուրջ 18 միլիոն դրամ, որից 1 միլիոնը տրամադրվելու է գովազդներին, թեեւ դրանից զատ «Գրանդ Քենդի» ընկերությունը ներկայացումը գովազդելու է անվճար:
Իսկ թատրոնի տնօրենը հավաստիացնում է` թատրոն մտած յուրաքանչյուր դրամը ծախսվելու է լավ ներկայացում ստեղծելու համար:
«Իսկ եթե ներկայացումը հաջողվեց եւ սիրվեց, ապա հանդիսատեսն անպայման կգա թատրոն, հատկապես ազգային ինքնությանը վերաբերող թեմաներին հանդիսատեսը շատ ավելի լավ է արձագանքում», հավելում է թատրոնի տնօրենը:
Չնայած տնօրենի լավատեսությանը` Սոս Սարգսյանը հիշեցնում է. «Հացի խնդիրը» բավականին բարդ ստեղծագործություն է` խոր դատողություններով, հետեւաբար բեմադրելն էլ պակաս բարդ չի լինելու, մանավանդ որ Համազգային թատրոնի բեմի տարածքային հնարավորությունները սահմանափակ են:
Ներկայացումն արտացոլելու է նաեւ մեր իրականությունը` թեմատիկ զուգահեռներով, եւ «Հացի խնդրի» փիլիսոփայությունը կապվելու է մեր օրերին:
Կարեն Վարդանյանը հավելում է` մինչ հանդիսատեսի դատին հանձնելը, ներկայացման պատրաստման ընթացքին կարող ենք հետեւել հեռուստատեսությամբ: Ժամանակի զուգահեռներն ավելի տեսանելի դարձնելու համար կնկարահանվեն Աշտարակի տարածքում ապրող գյուղացիները, որոնք այսօր էլ ապրում են հացի խնդրով եւ ապրուստը վաստակելու հոգսերով: