Նախագահ Ասադի զորքերի՞, թե՞ «Ազատ Սիրիայի բանակի» գրոհայինների
ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Կոֆի Անանի ծրագրով նախատեսվում էր մինչեւ ապրիլի 10 Սիրիայում կառավարական զորքերը դուրս բերել քաղաքներից, ապա 48 ժամվա ընթացքում, այսինքն ապրիլի 12-ին հաստատել ընդհանուր զինադադար եւ սկսել հաշտության բանակցություններ: Սակայն Անանի ծրագրի վերջնաժամկետի նախօրեինՙ ապրիլի 9-ին, Սիրիայի թուրքական սահմանի Քիլիսին հարող հատվածում տեղի ունեցան բախումներ:
Թուրքական պաշտոնական տվյալներով, կառավարական զորքերը կրակ են բացել այն սիրիացի փախստականների վրա, որոնք փորձում էին ապաստան գտնել Թուրքիայում, ինչի հետեւանքով 19 փախստականներ վիրավորվել են, որոնցից 2-ը այնուհետեւ մահացել են: Եվս 2 մարդ վիրավորվել է նաեւ Քիլիս գյուղաքաղաքի մոտակայքում տեղակայված փախստականների ճամբարում, մեկը այնտեղ աշխատող մի թուրք կին է, մյուսըՙ ոստիկան:
Թուրքիա ապաստանել կնշանակի ապօրինի անցնել Սիրիայի սահմանը, այսինքնՙ խախտել: Խնդիրը, սակայն սիրիացի փախստականների սահմանը խախտելու արարքը չէ միայն, այլ կառավարական զորքերի կրակոցներից Սիրիայի տարածքում վիրավորված փախստականների թուրքական ծառայությունների օգնությամբ Քիլիս փոխադրումը:
Այդ մասին հատկանշական է «Ենի չաղի» վկայությունը: Ահա թե ինչ է գրում. «Վիրավորներին Սիրիայից մեր տարածք փոխադրող խմբի անդամ Աբդուլքադիր Աբդուլլահն ասաց, որ անհայտ անձինք կեսգիշերին ծանր զենքով հարձակվել են Հալեպի Սուջու գյուղի վրա, կան բազմաթիվ վիրավորներ: Նա իր խմբի հետ սահմանն անցնելով Թուրքիա է փոխադրել այնքան վիրավոր, որքան հնարավոր է եղել»:
Զարմանալի է, որ Սիրիայի փախստականների վրա կրակ բացող նախագահ Ասադի զորքերը, անտեսելու գնով սիրիական սահմանի խախտումը, խնայում են երկրի տարածք ներխուժած թուրքական խմբին, ընդ որում այս խմբի ներխուժման պահին սիրիական զորքերը չէին կարող հեռացած լինել թուրքական սահմանի մոտակայքից, քանի որ Թուրքիայում Սիրիայի հավատարմատարը արտգործնախարարություն էր հրավիրվել հաջորդ օրը միայն, որտեղ նրան զորքերը սահմանամերձ շրջանից հետ քաշելու պահանջ էր ներկայացվել:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ վիրավոր սիրիացիները փախստականներ չեն եւ նրանց Թուրքիայում ապաստանելու ճանապարհին սիրիական կանոնավոր զորքերը չեն վիրավորել, այլ Սուջու գյուղի բնակիչներ են, իսկ գյուղի վրա կեսգիշերին հարձակում գործած «անհայտ անձինք» հավանաբար այսպես կոչված Ազատ Սիրիայի բանակի գրոհայիններ: Այլ կերպ, թուրքական խումբը Թուրքիա է տեղափոխել գյուղում գրոհայինների կրակոցներից վիրավորված գյուղացիներին: Այդ իսկ պատճառով էլ կարողացել է Թուրքիայից անարգել անցնելով սահմանը, ներթափանցել Սիրիայի տարածք: Սա միանգամայն բխում է Թուրքիայի նկրտումներից:
Որո՞նք են այդ նկրտումները: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ ոչ ՄԱԿ-ը, ոչ Արաբական լիգան, ոչ էլ սրանց հատուկ ներկայացուցիչ Կոֆի Անանը Սիրիայում խաղաղություն հաստատելու մտադրություն չունեն: Չեն էլ կարող ունենալ, որովհետեւ Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգին փաստի առջեւ կանգնեցնելու հրահանգ են ստացել, այլ ոչ թե երկրի խաղաղությունը վերականգնելու առաջադրանք: Պահանջել երկրի օրինական իշխանություններից բանակցությունների սեղանին նստել խռովարարների հետ, ինչն անում են ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը, կնշանակի հենց Ասադի վարչակարգի ձեռքով օրինականացնել խռովարարների Արեւմուտքի անվերապահ աջակցությամբ երկրում իշխանությունը զինված միջոցներով տապալելու հակասահմանադրական գործունեությունը:
Թերեւս այդ ամենի առումով պատահական չէր թուրք-սիրիական սահմանում փախստականների վրա կառավարական զորքերի հարձակման պատրվակով Թուրքիայում Սիրիայի հավատարմատարին արտգործնախարարություն հրավիրելու, «կրկնության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու» մասին Դամասկոսին զգուշացնելու Անկարայի արարքն ու ի լուր աշխարհի հայտարարությունը. «Սիրիան խախտել է Թուրքիայի սահմանը, դա միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում է»:
Մինչդեռ սիրիացի վիրավոր փախստականներին Թուրքիա հասցնելու համար Սիրիայի սահմանը խախտել էին թուրքական ծառայությունները: Ինչ վերաբերում է Թուրքիայի նկրտումներին, ապա այդ հարցին «Ենի չաղի» ապրիլի 9-ի համարում պատասխանել է պաշտոնաթող դեսպան Ինալ Բաթուն, ասելով. «Էրդողանի կառավարությունը Ասադին չի ուզում: Եթե նույնիսկ զինադադար հաստատվի եւ կյանքի կոչեն բարեփոխումները, միեւնույն է, չի ուզում, որ Ասադն այլեւս իշխի Սիրիայում: Կամուրջները այնպես են այրել եւ այնպիսի թշնամանք են սերմանել, որ Ասադը ոչ մի սպանություն էլ չկատարի, Էրդողանի կառավարությունը չի համաձայնվելու: Մինչդեռ Անանի ծրագիրը նախատեսում է ընդդիմության հետ Ասադի հաշտեցումը: Թուրքիան Անանի այս նախաձեռնությունից բոլորովին գոհ չէ, բայց այդ մասին բարձրաձայն չի խոսում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ