«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


ԱՊՐԻԼԻ 14` ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, երեկ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին եւ ծառատունկին, ինչպես նաեւ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: «Բացի կազմակերպված ծառատունկից, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաեւ բակերին է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները եւս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնելու: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը», ասել է է Տարոն Մարգարյանը: Նրան զեկուցվել է նաեւ, որ քաղաքապետարանի 2012-ի բարեկարգման եւ կանաչապատման ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:

Տարոն Մարգարյանը խոստանում է երթուղիների թափանցիկ մրցույթներ

Անդրադառնալով երթուղային նոր ցանցի ներդրմանըՙ երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Մրցույթները լինելու են բաց եւ թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ եւ պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»: Նա նաեւ ավելացրել է, որ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով եւ WiFi կապով:

Երեւանի քաղաքապետը երեկ անդրադարձել է նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցին: Նա շեշտել է, որ բոլոր տնտեսվարողները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել եւ խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ պայմանագրերի դադարեցում» ասել է Տարոն Մարգարյանը:

Շենքերի նախագծերում թեքահարթակըՙ պարտադիր նորմ

Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսուհետեւ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա վերաբերում է նաեւ նախորդ տարիներին շինթույլտվություն ստացած, բայց դեռեւս անավարտ շինարարություններին:

Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ դարձնելու նպատակով, Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի եւ, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության եւ բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4