«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ` ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում երեկ «Oրինաց երկիր» կուսակցության հերթական հանդիպմանը, որին ներկա էին մեծ թվով հաշմանդամներ, ներկայացվեցին հաշմանդամների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կուսակցության կողմից առաջարկվող մոտեցումները:

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված հաշմանդամների հիմնախնդիրներին: Հասարակության մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրումը դիտարկելով որպես կարեւոր առաջնահերթություն` «Օրինաց երկիրն» այս ուղղությամբ առաջարկում է մի շարք գործուն քայլեր, որոնք ուղղված են հաշմանդամների հիմնախնդիրների համակարգային լուծմանը` հաշմանդամների օժանդակության եւ զբաղվածության պետական նպատակային համալիր ծրագրի մշակում եւ իրականացում, ֆիզիկական տկարություն ունեցող քաղաքացիների երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, մարզական ակտիվ կյանքին ակտիվ մասնակցություն ապահովող օրենքների ընդունում, հաշմանդամներին տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ հաշմանդամներին անվճար կրթություն եւ պետական բուժօգնության տրամադրում:

Իր ելույթում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդգծեց հաշմանդամների խնդիրներին համակարգային լուծում տալու կարեւորությունը, քանի որ այս հարցում ժամանակավոր մոտեցումները անարդյունավետ են եւ անընդունելի:

Հաշվի առնելով երկրում հաշմանդամների մեծ թիվը` ՕԵԿ-ը առաջարկում է նաեւ Եվրոմիության բազմաթիվ երկրների օրինակով ստեղծել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական առանձին կառույց` ՀՀ կառավարությանն առընթեր, ինչը հնարավորություն կտա հաշմանդամների հիմնահարցերը պահել պետական մշտական հոգածության ներքո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4