ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, որը մեծամասնական կարգով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, երեկ լրագրողներին հայտնել է, որ չի կարողանում նախընտրական ենթաշտաբ բացել, քանի որ իր ընտրատարածքը ներառող Արաբկիր համայնքում ոչ ոք իրեն տարածք չի տրամադրում ՀԱԿ-ի ենթաշտաբ բացելու համար: Նույնիսկ մարդիկ են եղել, որ ներում են խնդրել, նշելով, որ` «հերներս կանիծեն»: ՀՀՇ վարչության նախագահը կարծում է, որ սրա մեղավորը իշխանությունն է, որը թաղապետարանի միջոցով ճնշումներ է բանեցնում: Ելքը Մանուկյանը համարում է համակիրների բնակարանները շտաբներ դարձնելը: Թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ից Արմեն Եփրեմյանը (ինքնաառաջադրում), անկուսակցական Ալեքսան Մինասյանը, Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը (ՀՀԿ թեկնածու), «168 ժամ» թերթի խմբագիր, նախկին թաղապետի տիկին Սաթիկ Սեյրանյանը եւ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, որոնց բոլորին էլ Արամ Մանուկյանը զարմանալիորեն իրեն մրցակից չի տեսնում, քանի որ ինքն իրեն ուժեղ թեկնածու է համարում եւ իր թիմի ու համակիր ընտրազանգվածի շնորհիվ հաղթելու է: Դե, եթե «Ժառանգության» ակտիվ պատգամավորը, նորին մեծության փողը եւ 4-րդ իշխանության ներկայացուցիչը, ըստ Արամ Մանուկյանի, ուժեղ մրցակիցներ չեն, ապա ուժեղ-թույլի մանուկյանական չափորոշիչներն են չափվում մեզ անհայտ չափի միավորով: Բոլոր դեպքերում նա անշտաբ չի ընկճվելու եւ կիրառելու է 2008 թվականի մեթոդոլոգիան` մեկ-մեկ տներն անցնելով:
Մ. Խ.