«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


ԼԻԲԵՐԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական մեծ վերափոխումների մեր օրերում, երբ գլոբալիզացիան իր շրջապտույտի մեջ է ներառել կյանքի բոլոր բնագավառները, երբ տեսաբանները հայտարարում են մարդկային հասարակության նոր կացութաձեւ (ֆորմացիա) թեւակոխելու մասին, պետք է փաստել, որ Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկություններից է այն, որ հասարակության մի ստվար, ես կասեի` գերակշիռ հատվածն ուղղակի տեղյակ չէ կուսակցությունների ծրագրերից եւ պետական կառավարման համակարգի հիմք հանդիսացող գաղափարախոսություններից: Քաղաքական կողմնորոշումների մեջ որոշիչ է հանդիսանում անհատը` անկախ այն հանգամանքից` լիբերալ է նա, ազգայնական, թե սոցիալիստ: Անկասկած, այս իրավիճակն ունի իր օբյեկտիվ պատճառները: Սակայն մի բան հստակ է. առանց գաղափարախոսության կառավարումը կհանգեցնի քաոսի: Իսկ անհատը որքան էլ լավ եւ բարի նպատակներ ունենա, դրանք այդպես էլ կմնան անկատար ցանկություններ, որովհետեւ քաղաքական գաղափարա-խոսությունն է, որ տալիս է ցանկությունների կատարման հստակ ուղեգիծը:

Վաղուց հայտնի է, որ բացարձակ ճշմարիտ եւ իդեալական գաղափարախոսություններ գոյություն չունեն, սակայն դրանցից լիբերալ-դեմոկրատականը ամենաերկարակյացն է, առայժմ լավագույն քննությունն է բռնել ու տիրապետող է աշխարհի քաղաքակիրթ գրեթե բոլոր երկրներում, բայց ոչՙ ՀՀ-ում: Մեր կարծիքով, դա պայմանավորված է մի քանի կարեւոր գործոններով:

1. Պատմա-քաղաքական : ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՊՀ երկրների մեծ մասը որդեգրեց տնտեսության շուկայական հարաբերությունների կայացման ուղին, իսկ նրանց կառավարություններն իրականացնում էին լիբերալ քաղաքականություն, այսինքն` այդ երկրներում (ՀՀ-ում եւս) լիբերալները պետք է դառնային նոր իշխանության կրողները: Սակայն որովհետեւ խզվեցին նախկին հումքաիրացման կապերը, դեմոկրատիան հաստատվեց կիսատ-պռատ, դրա համար էլ քաղաքացիական հասարակությունը լիարժեք չկայացավ: Ամեն մի նոր ղեկավար սկսեց անձամբ «կառավարել» այդ գործընթացը` այն հարմարեցնելով իր կրթության մակարդակին եւ ճաշակին: Խորհրդային հոգեբանությամբ դաստիարակված ղեկավարներն սկսեցին լիբերալ-դեմոկրատիան հարմարեցնել իրենց եւ իրենց շրջապատին: Դրվեցին կոռուպցիայի հիմքերը, որի արդյունքում այսօր ունենք զգալի ստվերային տնտեսություն, որի կապիտալների մի մասն ուղղվում է նոր կուսակցություններ ստեղծելուն, որոնք միշտ խոսում են ժողովրդի շահերից, թվարկում լիբերալ-դեմոկրատական սկզբունքներ, իսկ գաղափարախոսության մասինՙ ոչ: Գաղտնիք չէ, որ մեզանում կուսակցությունների զգալի մասը ծնվում եւ սնվում են ֆինանսական կամ իշխանական լծակների տիրապետող հայտնի անհատների կողմից եւ սպասարկում են նրանց շահերը: Կա անհատը` կա կուսակցությունը եւ` հակառակը: Գաղափարախոսությունը տվյալ պարագայում ոչ միայն ավելորդ է դառնում, այլեւ վարկաբեկվում է: Իսկ Հայաստանը, որտեղ ականատես ենք քաղաքական գաղափարախոսությունների փոփոխվելու եւ քայքայման գործընթացին, միանշանակ լիբերալիզիմի հիմնասյուներից չէ:

2. Սոցիալական : Պատմությունից հայտնի է, որ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության կրողն ու ջատագովը հիմնականում հասարակության միջին ունետերերի խավն է, իսկ ՀՀ-ում անկախության առաջին օրվանից ցայսօր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ոչ միայն չձեւավորվեց, այլեւ միջին խավը գնալով գրեթե դադարեց գոյություն ունենալուց:

3. Ներքին : Դրանք արդյունք էին օբյեկտիվ (երկրաշարժ, տնտեսական ճգնաժամ, նախկին արտադրական հնարավորությունների քայքայում եւ փլուզում) եւ սուբյեկտիվ (քաղաքական լարված իրավիճակ, նորանկախ հանրապետության իշխանությունների երբեմն ոչ հասու գործունեություն, նախկին իդեալների կրախ, նորածին օլիգարխների եւ իշխանությունների սերտաճում, քրեական հեղափոխություն եւ երկրի ունեցվածքի համագործակցված թալան): Իսկ լիբերալիզմը, որը քարոզում է այնպիսի հասարակություն, որը հիմնված է անհատի ազատ արտահայտման վրա եւ պետք է միացնի մի կողմից տնտեսական բնագավառում` մասնավոր նախաձեռնությունը, ազատ մրցակցությունը եւ շուկայական տնտեսությունը եւ մյուս կողմից` օրենքով հստակորեն որոշված քաղաքական եւ տնտեսական իշխանությունները, այսինքն` հաստատում է ազատության սկզբունքները եւ անհատական պատասխանատվությունը սուվերեն իշխանության հանդեպ: Ստեղծված իրավիճակում ՀՀ-ն հայտնվեց փակուղում:

4. Արտաքին : Մեզ ուղղակի պարտադրված արցախյան պատերազմը, շրջափակումը, աշխարհի հզորների կողմից երկակի ստանդարտների կիրառումը, որը շատ հաճախ խճճում էր առանց այդ էլ ստեղծված բարդ իրավիճակը, հանգեցնում երբեմն անելանելի իրավիճակների:

5. Հայոց մեջ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության դրոշակակիր ՌԱ կուսակցությունը, վերադառնալով հայրենիք եւ հավատարիմ իր կառուցողական սկզբունքներին, անմիջապես ինտեգրվեց նորանկախ հանրապետության կյանքին` շատ արագ ոչ միայն դառնալով խորհրդարանական կուսակցություն, այլեւ ունեցավ ամենամեծ ֆրակցիաներից մեկն այնտեղ: Սակայն զանազան պատճառներով ՌԱԿ-ում առաջացած անառողջ մթնոլորտի հետեւանքով դարից ավելի կենսափորձ ունեցող կուսակցությունն աստիճանաբար զիջեց դիրքերը, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք` շատ տխուր, բայց հուսադրող մի պատկեր:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մեր կարծիքով, հարկավոր է, նախ, խորությամբ ուսումնասիրել այդ գաղափարախոսության հիմնարար դրույթները: Մասնավորապես` որ անհատը կենտրոնական դեր ունի լիբերալիզմի մեջ: Պետության ամենամեծ ջանքը պետք է լինի անհատական ազատության պաշտպանությունը, յուրաքանչյուր մարդկային էակ ինքն է իր տերը եւ ունի հիմնարար եւ անփոխարինելի իրավունքներ, որ բխում է նրա իսկ գոյությունից եւ անբաժանելի է մարդկային բնույթից` անկախ այն սոցիալական կառույցներից, որոնցում նա ներգրավված է: Դրանք ազատության եւ սեփականության իրավունքներն են: Անհատական ազատությունը հիմնարար է եւ մարդկային հասարակության հիմքն է, որի շուրջը պետք է կառուցվի պետության քաղաքական եւ տնտեսական համակարգը: Անհրաժեշտ է կազմակերպել հասարակական կյանքն այնպես, որ հնարավորություն ընձեռի յուրաքանչյուր անհատի օգտվել առավելագույն ազատությունից, հատկապես տնտեսական բնագավառում: Լիբերալների համար տնտեսական եւ քաղաքական լիբերալիզմների միջեւ տարանջատում գոյություն չունի, քանզի խոսքը գնում է նույն դոկտրինի մասին տարբեր բնագավառներում: Կարեւորվի արժանիքը` որպես հիերարխիայի հիմք: Սեփականության իրավունքը յուրաքանչյուր անհատի իրավունքն է: Անհատը կարող է ունենալ հարստություններ, որոնք նա ստեղծել է լեգիտիմ ճանապարհով, ինչպես նաեւ սեփականացնել մեկ այլ անհատի սեփականությունը չհանդիսացող ամեն ինչ: Այս իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ: Դրանք կիրառելի են բոլոր մարդկային էակների համար, բոլոր ժամանակներում եւ բոլոր տեղերում, ինչն էլ իրավահավասարության հենքն է:

Կարեւոր է գիտակցել, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ծագեց հիասքանչ փոխհամաձայնություն լիբերալ-դեմոկրատների (որպես օրինականության կառավարման համակարգ) միջեւ, քանզի այն պարտության մատնեց այնպիսի հակադիր գաղափարախոսությունների, ինչպիսիք են ժառանգական միապետությունը, ֆաշիզմը եւ կոմունիզմը: Լիբերալ-դեմոկրատիայի գաղափարախոսության ժամանակակից տեսաբան Ֆ. Ֆուկույաման նշում է. «Լիբ.-դեմոկրատիան կարող է լինել մարդկության գաղափարական զարգացման վերջնակետը եւ մարդկային կառավարման վերջնական ձեւը...»: Այսինքն մինչ կառավարման նախկին ձեւերը բնութագրվում էին լուրջ արատներով եւ իրենց հնարավոր կործանմանը տանող անիրատեսությամբ, լիբերալ-դեմոկրատիան հնարավորինս ազատ է այդպիսի հիմնարար ներքին հակասություններից: Այն սոցիալական եւ ինստիտուցիոնալ թերությունների դեմ ամենակարող դեղամիջոց է, որին հաջորդելու է տարբեր երկրների քաղաքական եւ մշակութային համակարգերի «համահարթեցումը» եւ դրանց տնտեսությունների ենթակայությունը կենտրոնացված վերազգային համակարգին: Արդի դեմոկրատիայի միջոցները խաղաղ քաղաքական եւ հասարակական զարգացումների հնարավորություններ են ստեղծում:

Գաղտնիք չէ, որ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը մեզանում զգալի նահանջ է ապրել, եւ մոտակա տարիներին հավանաբար դա շարունակվելու է, որի հիմնական մեղավորները իշխանությունների ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքն ու աջ գաղափարախոսությանը դավանող ուժերն են, որոնք փոխանակ միասնաբար պայքար ծավալեն այդ գաղափարախոսության վեհ դրույթները կյանքի կոչելու համար, ավելի շատ տարափեղկված են ու տարված օրախնդիր հարցեր լուծելով: Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ մեր երկիրն ունենա զարգացման հստակ ծրագիր, որտեղ հաստատ տեղ չպիտի ունենա ստվերային տնտեսությունը, պետական կառավարման ապարատը զերծ լինի կոռուպցիայից, ժողովուրդն ընտրությունների ժամանակ չվաճառի իր եւ երեխաների ապագան, հետեւաբար հայ հասարակության գենոֆոնդն էլ չզարգանա անդեմ համակարգում Այսինքն` դավանի լիբերալ-դեմոկրատական (ռամկավար-ազատական) գաղափարախոսության սկզբունքներ:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4