Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի պատմական հուշարձանների ճանաչմանն ամբողջ աշխարհում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է նոր` «Տեսակրպակ» նախագիծը: Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի պատմական հուշարձանների ճանաչմանն ամբողջ աշխարհում:
Առաջին սարքը տեղադրվել է Էջմիածնումՙ Սուրբ Գայանե եկեղեցու հարեւանությամբ: Այն հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին, վճարելով ընդամենը 500 դրամ, տեսագրելու 1 րոպե տեւողությամբ տեսանյութ եւ ուղարկելու որեւէ էլեկտրոնային հասցեով: Սարքը տեղադրված է այնպես, որ ձայնագրելիս հետին պլանում երեւում է եկեղեցին: Յուրաքանչյուր նամակում կա հղում, որը պարունակում է տեղեկատվություն տվյալ պատմամշակութային հուշարձանի մասին, եւ հասցեատերը հնարավորություն է ստանում տեսնելու ոչ միայն իրեն ուղարկված ողջույնը, այլեւ ծանոթանալու տվյալ հուշարձանի պատմությանը: Սարքը նաեւ հնարավորություն է տրամադրում հաղորդագրությունն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից առաջարկվող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ տեսակրպակը տեսահաղորդագրությունների միջոցով հուզիչ պահերն անմիջապես նկարահանելու եւ ուրիշների հետ օնլայն ռեժիմում կիսելու ամենադյուրին տարբերակն է: Այն զգալիորեն կրճատում է այդ պահերը նկարահանելու եւ հեռու գտնվող ընկերների եւ ընտանիքի անդամների հետ կիսելու ժամանակը: Պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանների եւ վայրերի մասին տեղեկություններ ստանալու այս հարմարավետ լուծումն օգնում է այցելուների մոտ ձեւավորել ամուր զգացմունքային կապ պատմական վայրերի հետ», - նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է նմանատիպ եւս ութ սարք տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տարբեր պատմամշակութային հուշարձանների հարեւանությամբ:
Պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: