«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԵՂԻՆԱԿԸ

Հայոց մեծ Ցեղասպանության, ապրիլի 24-ին ընդառաջ, Կալիֆոռնիայի (ԱՄՆ) համալսարանի գիտաշխատող, մի շարք գրքերի ու պատմագիտական հոդվածների հեղինակ Ռուբինա Փիրումյանը «Նոյյան տապան» հյուրասրահում երեկ ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված իր երրորդ աշխատությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Թանգարանի գիտական խորհրդի հավանությանն արժանացած աշխատությունը տպագրվել է իրենց իսկ աջակցությամբՙ անգլերեն լեզվով:

Երբ գալիս է ապրիլ ամիսը, ամեն մի հայի հայացքը ուղղվում է 97 տարի առաջ կատարված այն սոսկալի ոճրին, որը լկտիորեն ուրացվում է եւ մնում է անհատույց: Տկն Փիրումյանը շնորհակալություն հայտնեց գրքի տպագրության համար եւ ասաց. «Ժխտողականության շուրջ աշխատանքներ կատարվում են, բայց ոչ այն ցանկալի թափով, որ կուզենայի տեսնել, բայց ամենուրեք, բոլոր ճակատներում պայքարը գնում է: Եվ այդ պայքարը կցանկանայի տեսնել ավելի կազմակերպված, ավելի միացյալ ուժերով եւ կենտրոնացված ու նպատակասլաց: Ես հույս ունեմ, որ այս գիրքն էլ պիտի ավելանա հայոց ցեղասպանագիտության զորքին եւ որպես պարզ մեկ զինվոր պիտի գա ու միանա մեր արդար, հատուցման համար մղվող պայքարին»:

«Ազգի» հետ զրույցում տկն Փիրումյանն ասաց, որ շատ կցանկանար այս գրքի շնորհանդեսը կայանար Երեւանում, ցավոք դա չեղավ եւ այն մոտ օրերս կնշվի ԱՄՆ-ում: «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» աշխատությունը շարունակությունն է այն երկու գրքերի, որոնք ամբողջովին ներկայացնում են հրեաների ողջակիզումը, հայ եւ հրեա ժողովուրդների փորձառությունը, Եղեռնից հետո քրիստոնեությունը ծածուկ պահած հայկական զանգվածների հոգեբանությունն ու ինքնության տարրերը: Ծավալունՙ 500 էջանոց գրքում տեղ են գտել մանրամասներ` պատմված այն սերունդի կողմից, որն ապրել է այդ աղետալի տարիները: Հեղինակը աշխատության մեջ ներառել է նաեւ որբերի սերունդը, որն այդ տարիներին անթիվ ու անհամար էր: Իսկ թե ինչպես է այդ որբերի սերունդը, անապատի սերունդը, ընկալել իր ճակատագիրը, հեղինակը ներկայացնում է հատկապես անգլերենով, որպեսզի շատերին, ովքեր չեն ընդունում ու չեն դատապարտում Հայոց ցեղասպանությունը, ավելի մանրակրկիտ տեղեկանան իսկությանը եւ զգան, թե ինչ անդրադարձ է ունեցել ցեղասպանությունը հայերի հետագա կյանքում եւ գրական ստեղծագործություններում: Հենց այդ գրական ստեղծագործությունների միջոցով տկն Փիրումյանը փորձել է պեղել, բացել եղեռն տեսած, վերապրած ու հիշողություններում խորը հետք թողած անձանց հոգեբանությունը: «1915-ի ցեղասպանությունը վերապրած սերունդը գրական հարուստ ժառանգություն չթողեց, ասում էր տկն Փիրումյանը ու շարունակում. գրականության հսկաները, որոնք պիտի կարողանային իրենց անձնական փորձը հավիտենականության հանձնել, նահատակվեցին, իսկ փրկվողներից քչերը փորձեցին դժոխքի կրակից արվեստ ստեղծել»: Գրքում մեջբերված են Անդրանիկ Ծառուկյանի, Մուշեղ Իշխանի, Զավեն Սուրմելյանի հուշագրությունները, Համաստեղի, Արամ Հայկազի, Շահան Շահնուրի, Վազգեն Շուշանյանի, Որբունու, Սարաֆյանի եւ այլոց ստեղծագործությունները: Մի բաժին էլ հատկացված է հաջորդ սերունդների հուշերին, որոնք ժամանակին լսել են իրենց մեծերից: Աշխատությունը ավարտվում է հեղինակի հետեւյալ խոսքերով. «Թուրքիան հայի արյան կարմիրով է ծածկվում: Դա Հայոց Ցեղասպանությունն է: Դա Հայոց Ցեղասպանության բեռն է Թուրքիայի վրա»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4