Թուրքական կիսապաշտոնական «Անատոլու» գործակալությունը երեկ հետմիջօրեին տեղեկացրեց, որ Ստամբուլի 15-րդ դատարանը ազատ է արձակել թուրք հայտնի մտավորական եւ հրատարակիչ, արդարադատության անխոնջ մարտիկ, Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող պատմաբան Ռաղըփ Զարաքոլուին, որ ամբաստանվում էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) եւ Քրդական համայնքների միության ահաբեկչական գործունեությունը քաջալերելու ծանր հանցագործության համար եւ դատախազությունը նրան նկատմամբ պահանջում էր 8-10 տարվա ազատազրկման դատավճիռ: Նրա հետ ազատ են արձակվել եւս 15 ամբաստանյալ, մեծ մասամբ քրդեր: Նույն գործով դեռեւս կալանքի տակ են 14 հոգի:
Հիշեցնենք, որ թուրք իրավապաշտպանը նախապես բազմիցս դատական հետապնդումների է ենթարկվել հատկապես «Հայկական» գործերով, մասնավորապես Թուրքիայի քրեական օրենսգրքի թիվ 301 տխրահռչակ հոդվաօի տրամադրություններով: