Կալիֆոռնիայի հայ գրողների միութեան գրական ժողովը տեղի ունեցաւ Գլենդելի Հանրային գրադարանում 2012 ապրիլի 5-ին, երեկոյեան «ընկերային ժամին», երբ գրողները հանդիպում են մի բաժակ սուրճի շուրջ, հիւրընկալւում, զրուցում են գրչընկերների, գրականասէր հասարակութեան հետ, մտածումներով ու խօսակցութեամբ կիսւում, մտերմանում, վաճառքի դրուած գրքեր գնում: Այնուհետեւ, «ազատ բեմի» ժամին, սեփական ստեղծագործութիւնների ընթերցումով ելոյթ ունեցան գրողներՙ Հրաչ Մանուկեանը, Լաւրենտի Յովհաննիսեանը, Սահակ Թութչեանը, Հենրիկ Անասեանը, Ռուբէն Կորիւնը, Պօղոս Լագիսեանը, Գարուշ Հարեանցը, որ կարդաց նաեւ Պօղոս Գուբելեանից, նրա բացակայութեան պատճառով, Ալեքս Թամրազը, Կիմա Կիրակոսեանը, Արշամ Ղազարեանը, Նիկոլայ Ստեփանեանը, Վռամ Նալբանդեանը, Արծրուն Ալեքսանեանը: Երեկոյթի բնանիւթը Հայոց ցեղասպանութիւնն էր: Գրական ժողովին նախագահում էր Գէորգ Քրիստինեանը:
Միութեան հովանաւորութեամբ կիրակի, ապրիլի 15-ին տեղի կունենայ գրող Յակոբ Յակոբեանի «Լաւ է ուշ քան երբեք» նորահրատարակ գրքի շնորհանդէսը, Գլենդելի Տարեցների կենտրոնում:
Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցի կապակցութեամբ կիրակի, ապրիլի 22-ին, երեկոյեան ժամի 5-7-ը, կկատարուի ծաղկամատոյց Գլենդելի Սբ Աստուածածին եկեղեցու «ՂՕՂԱՆՋ ՈԳԵԿՈՉՄԱՆ» խաչքարին, որտեղ գրողները կընթերցեն Հայոց ցեղասպանութեանը մարտիրոսուած գրողների ստեղծագործութիւնները, կհնչեցնեն նրանց անմահ խօսքըՙ նահատակների յիշատակին ծաղիկ կմատուցեն խաչքարին:
ԿՀԳՄ