Արգենտինայի հավաքականը, որի կազմում էր նաեւ Դավիթ Նալբանդյանը, հաջողությամբ հաղթահարեց թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի արգելքըՙ 4-1 հաշվով պարտության մատնելով Խորվաթիայի ընտրանուն:
Առաջինը կորտ դուրս եկան Դավիթ Նալբանդյանն ու Մարին Չիլիչը: Առաջին խաղափուլը Դավիթը շահեց 7-5 հաշվով, 2-րդում պարտվեց (4-6): 3-րդ խաղափուլում Նալբանդյանը կրկին հաջող խաղացՙ հաղթելով 6-4 հաշվով: Սակայն հաջորդ 2 խաղափուլերում նա զիջեց մրցակիցներին (6-7, 3-6) ու պարտվեց: Դա այդ մրցախաղում խորվաթների վաստակած առաջին եւ միակ միավորն էր:
2-րդ մրցախաղում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն հավասարեցրեց հաշիվըՙ հաղթելով Իվո Կառլովիչին (6-2, 7-6, 6-1): Զուգախաղում Դավիթ Նալբանդյանն ու Էդուարդո Շվանկը հաղթեցին Մարին Չիլիչին եւ Իվո Կառլովիչին (3-6, 7-6, 6-3, 6-7, 8-6)ՙ առաջ մղելով արգենտինացիներին: Վերջիններս հաղթեցին նաեւ մնացած 2 մրցախաղերում եւ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին:
Հաջորդ փուլում Արգենտինայի հավաքականը կմրցի չեխերի հետ, որոնք 4-1 հաշվով պարտության մատնեցին սերբերին: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Իսպանիան ու ԱՄՆ-ը: Իսպանացիները 4-1 հաշվով հաղթեցին ավստրիացիներին, իսկ ամերիկացիներն առավելության հասան ֆրանսիացիների նկատմամբ (3-2):