Ռուսաստանի Լոո քաղաքում մեկնարկել է այդ երկրի շախմատի թիմային առաջնությունը: Չեմպիոնի կոչումը վիճարկում են տղամարդկանց 18 եւ կանանց 7 թիմեր: Տղամարդկանց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 7 տուրով: Յուրաքանչյուր տուրում թիմերի կազմերում մրցումներին մասնակցում են 6-ական շախմատիստներ: Ընդ որում յուրաքանչյուր մրցախաղին թիմերի կազմերում 3-ից ավելի օտարերկրացի շախմատիստների մասնակցությունն արգելվում է:
ՌԴ թիմային առաջնությանը տարբեր ակումբների կազմերում ընդգրկված են նաեւ հայ շախմատիստներ: Նրանցից ամենափորձառունՙ Սերգեյ Մովսիսյանը հանդես է գալիս շախմատի Եվրոպայի գավաթակիր Սանկտ Պետերբուրգի ֆեդերացիայի թիմում: Մեկնարկային տուրում այդ թիմը 5,5-0,5 հաշվով պարտության մատնեց Կազանի «Նեզմետդինով» թիմին: Հետաքրքրական է, որ միակ կես միավորը մրցակցին պարգեւեց հենց 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Սերգեյ Մովսիսյանըՙ հաշտություն կնքելով Արտյոմ Իլյինի հետ:
Դեսնոգորսկի «Ատոմում» հիմնականում հանդես են գալիս հայ շախմատիստներ: «Ատոմը» մեկնարկային տուրում 1,5-4,5 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի Չիգորինի անվան շախմատի ակումբին: Պողոս Նահապետյանը պարտվեց Ալեքսանդր Շիմանովին, Բենիամին Գալստյանը զիջեց Կիրիլ Ալեքսեենկոյին, Վարդգես Թովմասյանը տանուլ տվեց Վալերի Պոպովի հետ պարտիան: Սարգիս Մանուկյանն ու Գեորգի Պողոսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Իվան Ռոզումի եւ Արտյոմ Սմիռնովի հետ:
Բելգորոդի թիմում Անդրեյ Անանիկյանը պարտվեց Ալեքսանդր Մոսկալենկոյին: Թիմի մեկնարկը շատ անհաջող էր: Բելգորոդցիները 0-6 հաշվով զիջեցին Մոսկվայի «Նավիգատորին»:
Լիպեցկի թիմում հանդես եկող Գոռ Հայրապետյանն էլ պարտություն կրեց Բորիս Գրաչովից: Մեկնարկային տուրում Լիպեցկի թիմը 2-4 հաշվով զիջեց Մոսկվայի ShSM-64-ին:
Առաջին տուրից հետո 9 թիմեր վաստակել են 2-ական միավոր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով (6-ական) առաջատարներն են «Տոմսկ-400-ը» եւ Մոսկվայի «Նավիգատորը»: