Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը մոտենում է վերջնագծին: Շուտով հայտնի կդառնան պատվավոր մրցանակի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակիցները: Հիշեցնենք, որ այս տարի գավաթի մրցաշարերի պատմության մեջ առաջին անգամ գավաթակիրը հայտնի կդառնա Գյումրիում կայանալիք վճռորոշ խաղում: Գավաթի վճռորոշ հանդիպումը նշանակված է ապրիլի 29-ին: Այդ օրը մեկամսյա ընդմիջումից հետո կրկին իր հյուրընկալ դռները կբացի Գյումրու վերակառուցված մարզադաշտը:
Ինչ խոսք, գյումրեցիները ցանկանում են իրենց սիրելի թիմին այդ օրը տեսնել խաղադաշտում: Իսկ դրա համար «Շիրակին» նախ անհրաժեշտ է կիսաեզրափակիչում հաղթահարել «Միկայի» արգելքը: Իջեւանում կայացած մրցակիցների առաջին խաղում «Միկան» հաղթել է 1-0 հաշվով: Այժմ «Շիրակին» անհրաժեշտ է վաղը «Միկա» մարզադաշտում կայանալիք պատասխան խաղում 2 գնդակի առավելությամբ պարտության մատնել մրցակցին: Խնդիրն իրոք բարդ է, քանի որ «Միկան» էլ գյումրեցիների նման հաջող է մեկնարկել առաջնությունումՙ տոնելով 2 անընդմեջ հաղթանակ:
«Միկան» երկրի գործող գավաթակիրն է: Թիմը գավաթային հանդիպումներում բավականին հաջող է հանդես գալիսՙ 6 անգամ նվաճելով պատվավոր մրցանակը: Դա յուրօրինակ ռեկորդ է հայկական ակումբների միջեւ: Իսկ ահա «Շիրակին» դեռեւս չի հաջողվել նվաճել գավաթըՙ 3 անգամ հանդես գալով եզրափակիչում:
Գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը կորոշվի այսօր Ոսկեհատում կայանալիք «Ուլիս»-«Իմպուլս» մրցախաղում: Այդ հանդիպումը խաղացանկով նախատեսված էր «Հանրապետական» մարզադաշտում, սակայն խաղադաշտը դեռեւս պատրաստ չէ: Առաջին խաղում «Իմպուլսը» հաղթել էր 2-1 հաշվով: