Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, որը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ ուժերի վերջին ստուգատեսն է ծանրորդների համար: Ի տարբերություն նախորդ առաջնությունների, այս անգամ Հայաստանից ընդամենը 3 ծանրորդ է մասնակցելու եվրոպական ստուգատեսին: Ընդ որում կանանց մրցավեճում մերոնք ներկայացուցիչ չունեն:
Հայ ծանրորդներից այսօր առաջինը մրցահարթակ դուրս կգան 69 կգ քաշային ծանրորդներ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Իսկ մրցումների վերջին օրը մեդալների համար կպայքարի գերծանրքաշային Հայկ Հակոբյանը:
Մրցումների առաջին օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 48 կգ քաշային կանայք, իսկ տղամարդիկ մեդալները վիճարկեցին մինչեւ 56 կգ քաշային կարգում:
Կանանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց լեհ մարզուհի Մարժենա Կարպինսկան, որը երկամարտում ցույց տվեց 187 կգ (85+102) արդյունք: Նա լավագույնն էր նաեւ առանձին վարժություններումՙ արժանանալով փոքր ոսկե մեդալների: Լեհ մարզուհու առավելությունը մրցակցուհիների նկատմամբ ակնհայտ էր: Նա 10 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, Թուրքիան ներկայացնող Նուրդան Կարագոզին: Վերջինս արծաթե մեդալ նվաճեց նաեւ հրում վարժությունումՙ ցույց տալով 100 կգ արդյունք: Իսկ պոկում վարժությունում արծաթե մեդալը բաժին հասավ իտալուհի Կատերինա Պագլիարոյինՙ 81 կգ:
Երկամարտի 175 կգ (78+97) արդյունքով բրոնզե մրցանակակիր դարձավ Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկած բուլղարուհի ծանրորդ Սիլվիա Անգելովան: Նա բրոնզե մեդալներ նվաճեց նաեւ առանձին վարժություններում:
Տղամարդկանց մրցավեճում երկամարտի 280 կգ (125+155) արդյունքով չեմպիոն հռչակվեց բուլղարացի Վալենտին Խրիստովը, որը ներկայացնում էր Ադրբեջանը: Խրիստովն ուժեղագույնն էր 2 վարժություններում էլ: Մոլդովացի Օլեգ Սերգին երկամարտի 262 կգ (116+146) արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Նա պոկում վարժությունում 116 կգ-ով արժանացավ բրոնզե մեդալի, իսկ հրումում արծաթե մեդալ նվաճեց: Պոկում վարժության արծաթե մեդալը 121 կգ արդյունքով բաժին հասավ թուրք Գոկհան Կիլիկին: Վերջինս երկամարտի 257 կգ (121+136) արդյունքով գրավեց 3-րդ տեղը: