ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ
Անցյալ տարվա համեմատությամբ սահմանում թշնամու կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը շատացել են: 2011-ին հակառակորդն ավելի շատ է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ, քան 2010-ին: Անցյալ տարի թշնամու գնդակից տասնմեկ զոհ է եղել: Կրակոցներն արդիական զենքերից էին, հայ տղաները հիմնականում մահացել են գլխի շրջանում ստացած վնասվածքից: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ընդգծում է, որ դա արվում է ադրբեջանական զորքի մարտական ոգին բարձրացնելու համար, ինչն արժանանոմ է պաշտպանության բանակի զորքերի պատժիչ գործողություններին: «Ոչ մի դեպք չի մոռացվում, եւ առաջին գծում չենք թողնում, որ հակառակորդն աշխուժանա: Առաջին գծում գերիշխող դիրքում մենք ենք», ասում է Հակոբյանը` հավաստիացնելով, որ թշնամու կրակոցներին պատասխանը խիստ է: «Այնքան ենք պատժում, որ հասկանան` մեզ հետ այդ լեզվով խոսելն անհնար է: Եթե թշնամին մի զինվորի է պատժում, մենք մի քանիսին ենք խփում, որ նրանք հասկանան` ներողամտություն չկա, խիստ ենք ու շատ վճռական»:
ԼՂՀ պաշտպանության նախարարի ներկայացմամբ` սկզբում ՊԲ առաքելությունն ուժերի կենտրոնացումն ու թշնամու կողմից գրավված տարածքների ազատագրումն էր: «Հակառակորդին պարտադրեցինք զինադադար: Հաստատվեց խաղաղություն եւ թվում էր` պետք է սրերը դնենք պատյանի մեջ եւ ասենք, որ հակառակորդին հաղթել ենք, մինչդեռ այս ամենը ժամանակավոր է: Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիրը, պաշտպանական բանակը պետք է լինի»:
Պատերազմից հետո պաշտպանական բանակի համար նոր փուլ սկսվեց: «Զարկ տվեցինք բանակաշինությանը: Ստեղծեցինք կանոնավոր բանակ եւ զորակոչ: Եթե պատերազմի ժամանակ մեկ ձեռքի վրա կարելի էր հաշվել ռազմական կրթություն ունեցող անձանց, ապա այսօր անձնակազմի ուսուցումն ու ռազմական պատրաստվածությունն օրակարգային հարց է: Նոր տեխնիկայի համալրումն ու սպառազինումը նույնպես գերխնդիր է: Յուրաքանչյուր տարի սպառազինությունն արդիականացվում է: Անցյալ տարվա սպառազինությունը գերազանցել է հետպատերազմյան տարիների ընթացքում եղած սպառազինության ցուցանիշը», ասում է ՊԲ հրամանատարը` հավելելով, որ դա ինքնանպատակ չէ: «Պարտադված ենք զինվել, քանի որ ՊԲ ուժի շնորհիվ է տարածաշրջանում հաստատվել խաղաղություն: Եթե հակառակորդն իմանա, որ կարող է հաղթել, ապա կդիմի ռազմական գործողությունների: Ադրբեջանին զսպող ուժը սահմանին կանգնած հայ զինվորն է», ասում է Հակոբյանը` հավելելով, որ «ոչ մի ձեւ» չի գնահատում ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությունը: «Պետության նախագահն է զբաղվում այդ հարցերով: Եվ չեմ կարծում, որ պետության նախագահն իրեն իրավունք կվերապահի փոխելու ԼՂՀ սահմանադրությունը, որտեղ նշված է, թե ԼՂՀ սահմանները որտեղից որտեղ են ձգվում: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին, ապա մեր տեսակետը չի փոխվել. այդ հարցը լուծելու է Արցախի ժողովուրդը: Մայիսի 9-ին կազմակերպվելիք զորահանդեսով էլ ժողովրդին ցույց կտանք, թե տարիների ընթացքում ինչի ենք հասել եւ ինչ վիճակում է բանակը: Մեր զորահանդեսը կտարբերվի Երեւանի զորահանդեսից: Ոչ թե գեղեցկություն, այլ պատրաստակամություն ցույց կտանք, քանի որ մեր զորահանդեսն ուղղված է լինելու հակառակորդին եւ այն թշնամիներին, որ ունի Ղարաբաղը»:
Բանակում արձանագրվող հաջողություններին զուգահեռ, Հակոբյանը շեշտում է, որ ամենացավոտ հարցը շարունակում է մնալ զորամասերում միջանձնային հարաբերությունների կարգավորումը, որի հետեւանքով գրանցվում են ինքնասպանություններ, սպանություններ: «Այս երեւույթն առկա է հասարակության բոլոր ոլորտներում, բանակը հասարակության մյուս մասը չէ, որ նման երեւույթներից ձերբազատված լինի: Բանակում կա վերահսկողություն, ստուգում, որոշակի աշխատանք ենք տանում, բայց տեղի են ունենում նման դեպքեր: Այսօրվա երիտասարդը չի ներում, հանդուրժող չէ: Մահը ցավալի է: Երբ ընկերոջը կորցնում են, զորամասի մարտական ոգին կոտրվում է»: Հակոբյանի մեկնաբանությամբ` հանցագործը պետք է պատժվի` անկախ հանգամանքից` գեներալ է, թե շարքային: «Չունենք զինծառայող, որ հանցանք կատարի ու չպատժվի: Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն էլ դատվել է հանցագործություն կատարելու համար: Չկան հրամանատարներ, որ բացթողում են ունեցել եւ չեն պատժվել: Պետք է ընդունենք, որ սպան նույն հասարակությունից է եկել` նույն արժեքներով ու հոգեբանությամբ»: Մովսես Հակոբյանին բարկացնում է, երբ հասարակությունը զինվորիներին անվանում է երեխաներ: «Նրանք երեխա չեն, նա պետք է պատրաստվի հակառակորդի կոկորդը կրծելու: «Ծնողի համար է երեխա, բայց վիրավորական է իմ զինվորին երեխա անվանելը»: ՊԲ հրամանատարը հավելում է, որ իր հեռախոսը երբեք անջատված կամ անհասանելի չի լինում, զինվորներն էլ հաճախ են զանգում: Նախարարը հիշում է, որ վերջերս զինվորներից մեկն իրեն զանգել էր ու ասել, որ վաշտի հրամանատարը իրենց հասանելիք գումարը չի տալիս: «Անմիջապես մեկնեցինք զորամաս, ու հարցը միանգամից կանոնակարգվեց»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին` կապված Ստեփանակերտում օդանավակայանի շահագործման առնչութամբ, Մովսես Հակոբյանը հավաստիացնում է, որ անվտանգության առումով մտավախություն չկա: «Օդանավակայանը գործարկվելու է, կահավորանքն` արդիական է: Դա Ադրբեջանի ցանկությունն է, եւ նա կարող է ինքնաթիռ խփել նաեւ Հայաստանի տարածքում: Օրվա ընթացքում մեր հակաօդային պաշպանությունը 260 ինքնաթիռ է ուղեկցել, եւ մենք էլ այսօր կարող էինք Ադրբեջանի տարածքում 260 ինքնաթիռ խփել: Բայց կա միջազգային պարտավորվածություն, եւ Ադրբեջանը դա չի խախտելու: Մենք Ադրբեջանի սահմանը չենք անցնելու, եւ ինքնաթիռը հանգիստ վայրէջք է կատարելու: Իսկ եթե Ադրբեջանը գնա սադրանքի, ապա հակաօդային ուժերն ունեն այդ հնարավորությունըՙ շարքից հանելու արձակված հրթիռը: Առաջինը ես եմ թռչելու այդ ինքնաթիռով: Գնալու եմ Երեւան, այնտեղից առաջին թռիչքով գալու եմ Ստեփանակերտ», ասաց Հակոբյանը: