Contact.az-ը տեղեկատվություն եւ տեսահոլովակ է տարածել Բաքվում ապրիլի 10-ին տեղի ունեցած աննախադեպ ակցիայի մասին: Ըստ այդմ, մի խումբ խաբված ավանդատուներ, որոնց բողոքները ոչ մի պետական ատյան, այդ թվում` նախագահի աշխատակազմը, քննության չի առնում տարիներ ի վեր, որոշել են այցելել պատվավոր հուղարկավորումների ծառուղի, ծաղիկներ դնել Հեյդար Ալիեւի շիրիմին, աղոթել եւ նրան «պատմել իրենց խնդիրների մասին»: Այդ նպատակով նրանք իրենց հետ նույնիսկ մոլլա են տարել: Ոստիկանությունը, սակայն, մարդկանց արգելել է մտնել պատվավոր հուղարկավորումների ծառուղի: Ակցիայի մասնակիցները, որ հիմնականում կանայք էին, նախ զարմանք են արտահայտել, թե «ինչո՞ւ արտասահմանցիները կարող են այցելել Հեյդար Ալիեւի շիրիմին, հարգել նրա հիշատակը, բայց Ադրբեջանի քաղաքացիներին դա արգելվում է», ապա նրանցից մեկն արել է հետեւյալ հայտարարությունը.
- Մենք մտադիր ենք լռելյայն ծաղիկներ դնել եւ աղոթել, մենք հավատում ենք, որ նրա հոգին կլսի մեզ, կհասկանա եւ կօգնի:
Ոստիկանությունը չի ազդվել անգամ նման հոգեցունց ելույթից եւ մարդկանց ուժով հեռացրել է ծառուղու մերձակայքից: Ավելացնենք, որ հարյուրավոր մարդկանց խաբել է Gen շինարարական կազմակերպությունը` նորակառույց շենքում նույն բնակարանը «վաճառելով» մի քանի հոգու:
Նկատի առնելով, որ Բաքվում շինարարական եւ ընդհանրապես որեւէ բիզնես գտնվում է կառավարող ընտանիքի ձեռքում կամ նրա անմիջական վերահսկողության տակ, բացառված չէ, որ ավանդատուների գումարները յուրացրել է նույն ինքը` Իլհամ Ալիեւը: Թերեւս այդ պատճառով է, որ նա ոստիկանությանը կարգադրելՙ թույլ չտալ, որ «հավատավոր քաղաքացիները հարգեն Հեյդար Ալիեւի հիշատակը եւ ոգեկոչեն նրան»: Որդին թերեւս զգուշացել է, որ քաղաքացիների արցունքներից եւ աղոթքներից «վերահառնած» հայրն իրեն ամոթանք կտա այդ աստիճան դրամաշորթ լինելու համար:
Վ. Ա.