Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցությունների տարբերակով ինչպես կողմերը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում են պահել «գործող» կարգավիճակում` որպես պատերազմական իրավիճակից խուսափելու ամենահիմնական միջոց: Մինչդեռ դրան ավելի մեծ հնարավորությամբ նպաստելու հավանականություն ունեցող մի շարք այլ քայլեր, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոսվում ու բարձրաձայնվում է, մնում են չիրագործված, քանի որ Ադրբեջանում դրանց ընթացք չեն տալիս:
Ադպես էլ չի գտնվում մեկը, որ հարեւաններին «հասկանալի» լեզվով կմատուցի, մասնավորապես, դիպուկահարներին շփման գծից հեռացնելու անհրաժեշտությունը կամ բանակցությունների յուրաքանչյուր փուլում նոր առաջարկներով հանդիպման չգնալու հրամայականը: Եվ հիմա էլ, երբ առավել ընդգրկուն առումով մեր տարածաշրջանը կարող է ներքաշվել ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի դեմ հավանական հարձակումների նախագծերում, Ադրբեջանի «ձեռքը» բռնող չի լինի:
Հերթական անգամ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել, որպիսիք հազարներով իրեն թույլ է տալիս Ադրբեջանը, իր կողմից էլ տեղեկացնում ոչ միայն սեփական վիրավորների կամ կորուստների մասին, այլեւ լուրեր տարածում հայկական կողմի «ավելի մեծաքանակ կորուստների» առնչությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե իբր ապրիլի 10-11-ին հայկական կողմից մի քանի ուղղություններով կրակոցներ են արձակվել, վիրավորվել է մեկ ադրբեջանցի զինվոր: Ադրբեջանի ԱԳՆ տեղեկություններովՙ «հայկական կողմից մեկ մարդ զոհվել է, մի քանիսը` վիրավորվել»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը «Պանորամա.ամ»-ին տեղեկացրել է, որ, նախ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները: Հայ զինծառայող վիրավորվելու առնչությամբ էլ Հասրաթյանը հերքել է դիպուկահարներից այդքան դժգոհող, բայց քայլ չանող ադրբեջանական կողմի տեղեկությունը, հավաստիացնելով, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կորուստներ չեն գրանցել:
Այս ամենի ֆոնին գրեթե երբեք եւ ոչինչ չարձանագրող ԵԱՀԿ դիտարկումներից հերթականը անցկացվելու է այսօր: Արդեն քանի անգամ Ադրբեջանը դիտարկման մասնակիցներին չի թույլատրում հասնել առաջապահ դիրքեր, նույն դիտարկման մասնակիցները եւս որեւէ զեկույցում կամ հանրային փաստաթղթում այդ մասին չեն հիշատակում:
Այդուհանդերձ, հիշատակում այս օրերի միջադեպի մասին ամենայն հավանականությամբ կարվի Վարշավայում վաղը կայանալիք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, որին, որպես հավասարակշռության պահպանում, հաստատապես մոտ օրերս կհետեւի նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համանախագահների հանդիպումը:
Ա. Հ.