«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


«ՎՇՏԻ ՄԵՋ ԷԼ»` ԿԵՂԾԱՎՈՐ

Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել, որի լրիվ անվանումն էՙ «Հայաստանի զինված ուժերի կողմից Շուշի քաղաքի օկուպացման քսանամյակի մասին»: Այդ «պատմական փաստաթուղթն» արժանի է ուշադիր վերլուծության: Սկսենք անվանումից: Շուշին, ինչպես հայտնի է, ազատագրվել է 1992 թ. մայիսի 8-9-ին: Այն իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից դեռեւս բաժանված էր Լաչինի շրջանով, Հայաստանի զինված ուժերը գործնականում չէին կարող մասնակցել ռազմագործողությանը: Այն իրականացրել են ԼՂՀ ԻՈՒ ստորաբաժանումները եւ հայ կամավորականները:

Այսպիսով, Իլհամ Ալիեւը պատմությունը կեղծում է ստորագրած կարգադրության անվանումից սկսած: Այնուհետեւ նա տալիս է Շուշի քաղաքի «բնութագիրը» եւ ասում, որ «այդ քաղաքը պատմության մեջ է մտել շնորհիվ Գասում բեկ Զաքիրի, Խուրշուդբանու Նաթավանի, Միր Մովսում Նավվաբի, Նաջաֆ բեկ Վեզիրովի, Աբդուռահիմ բեկ Հախվերդիեւի, Յուսիֆ Վեզիր Չեմենզեմինլիի, Ֆիրուդուն բեկ Քոչարլիի, Ահմեդ բեկ Աղաօղլուի»:

Ինչպես տեսնում ենք, Արցախի Վարանդայի մելիքության տարածքում 1750-ական թվականներին հիմնադրված եւ մինչեւ 1920թ. մարտի 22-ը մեծամասնությամբ հայ բնակչություն ունեցած քաղաքի «կարեւորությունն» ըստ Իլհամ Ալիեւի «բնութագրում են» միայն ազգությամբ ադրբեջանցի համարվող մարդիկ: «Հանդուրժողական» Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողը գոնե հանուն պատճաշության հարկ չի համարել նշելու ծնունդով շուշեցի հայ գրողներին, գիտնականներին, պետական-քաղաքական ու ռազմական գործիչներին: Հայաստանին մեղադրելով «էթնիկ զտումներ իրականացնելու» մեջ, Իլհամ Ալիեւն ինքը էթնիկ զտման է ենթարկում Շուշիի պատմամշակութային անցյալը:

Նա գրում է, որ «1977թ. համազգային առաջնորդ (խորհրդային Ադրբեջանի ղեկավարն արդեն «համազգային առաջնո՞րդ էր- Վ. Ա.) Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ ընդունվել է «Շուշի քաղաքի պատմական հատվածը պատմամշակութային արգելոց հայտարարելու մասին» որոշումը»: Ահա թե որտեղից է սկիզբ առել Արցախյան շարժումը: Ի՞նչ է նշանակում Շուշի քաղաքի «պատմական մաս» ձեւակերպումը: Դա փաստորեն 1920 թ. մարտին իրականացված ցեղասպանության «օրինականացում» էր, քանի որ հիշյալ որոշմամբ, ինչպես Իլհամ Ալիեւն է խոստովանում, «ստեղծվել են մեր (ադրբեջանական- Վ. Ա.) մշակույթի մեծ գործիչներ Ուզեիր բեկ Հաջիբեյլիի (որը ծնվել է Աղջաբեդիում եւ այն տարիներին կոչվում էր Ուզեիր Հաջիբեկով, ինչպես ինքն էր ստորագրում- Վ. Ա.), Խուրշուդբանու Նաթավանի (որի «ստեղծագործություններից» գրավոր ոչ մի տող հայտնի չէ նույնիսկ ադրբեջանցիներին- Վ. Ա.), Բյուլբյուլի (որի ծննդավայրն անհայտ է- Վ. Ա.) տուն-թանգարանները, կառուցվել է Մոլլա Փանահ Վագիֆի (որը Շուշի է ներգաղթել Ղազախի Սալահլի գյուղից- Վ. Ա.) դամբարանը»:

Այնուհետեւ Իլհամ Ալիեւը թվարկում է «հայերի բարբարոսությունները»: Նա գրում է, որ հայերը «ոչնչացրել են հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններ, պղծել սրբավայրեր եւ մզկիթներ, ոչնչացրել մեծ քանակությամբ հազվագյուտ ձեռագրերի օրինակներ»: Որեւէ տարբերություն չկա 1988թ. ամռանը Բաքվի հանրահավաքներում «Թոփխանայի անտառի հազվագյուտ ծառատեսակների եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների ոչնչացման» մասին ամբոխավարական ստախոսությունների եւ նախագահի պաշտոն զբաղեցնողի «փաստարկումների» միջեւ: Ցանկության դեպքում կարելի է ասել, որ Շուշիում է «եղել նաեւ Ալիեւների նախապապի շքեղ առանձնատունը»:

Դրանից կեղծիքը ճշմարտանման չի դառնա: Իրականությունն այն է, որ 1988թ. շուշեցի վերջին մի քանի հարյուր հայերն արտաքսվել են, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ ջարդուփշուր է արվել ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին: Ընդ որում, Նելսոն Ստեփանյանը միակ շուշեցի հայն էր, ում կիսանդրին կանգնեցվել էր: Բայց ոչ թե ցանկությամբ, այլ` ստիպողաբար. ԽՍՀՄ-ում գործող կարգի համաձայն այդ երկրի կրկնակի հերոսն իր ծննդավայրում պետք է կիսանդրի ունենար:

Ի վերջո, Իլհամ Ալիեւը կարգադրել է Ադրբեջանի ողջ տարածքում եւ արտերկրում անցկացնել «հիշատակի արարողություններ»: Պարզ է, որ դրանք կազմակերպվելու են սույն կարգադրության «ոգուն եւ տառին» համաձայն: Այսինքն` հերթական անգամ կեղծվելու է իրականությունը: Դա վկայում է, որ Շուշին ադրբեջանական կողմին օտար է: Քանի որ եթե անկեղծ լիներ Իլհամ Ալիեւի «վիշտը», ապա նա գնահատականների եւ բնութագրումների մեջ շատ ավելի զուսպ կլիներ: Իրական ցավը քարոզչանյութ չի դառնում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4