«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ ՄԵՐ ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՏԱՁԵՌՆ ՉԵՆ

«Եղե՞լ ես պարսիկների հետ»:

Վերոնշյալ հարցի պատասխանը գտնելու եւ «պարսկական շիլաշփոթը պարզելու համար» մի քանի օր է պահանջվել «Շանթ» հեռուստաալիքի ապրիլմեկյան «Կիրակնօրյա հորիզոն» հաղորդման լրագրող Մանվել Քեշիշյանից:

Ընթացքում, իհարկե, նա ավելին պարզեց: Օրինակ, որ փողի հարցով, պարսիկները մեր խեղճուկրակ մարմնավաճառների նկատմամբ առատաձեռն չեն: Հաղորդման հերոսուհին հայտարարեց ի լուր ողջ հայության.

- Փողի հարցով պարսիկները առատաձեռն չեն:

Մանվելը հաջորդ գիշեր պարզեց ավելին. թե օրական կամ շաբաթական քանի պարսիկ է այցելել հերոսուհուն, եւ նրանցից քանիսն են առատաձեռն եղել, ու քանիսի հետ է հաճելի եղել կամ տհաճ:

Իր պրպտումների ընթացքում «Շանթի» լրագրողին բախտ վիճակվեց նաեւ հանդիպելու հայրենասեր մարմնավաճառների: Օրինակ, նա հանդիպեց մի մարմնավաճառի, որը հպարտությամբ հայտարարեց, թե զզվում է պարսիկներից ու սպասարկում է բացառապես հայ տղամարդկանց:

Ավելին ասեմ. մարմնավաճառներից մեկը, նույնիսկ մեկ միլիարդի դիմաց, պատրաստ չէ սպասարկել որեւէ պարսիկի: Իհարկե, լրագրողը մոռացավ պարզելՙ մեկ միլիարդ դոլարի՞ մասին է խոսքը, թե՞ դրամի:

Ու հետո մենք դժգոհում ենք մեր լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից ու հայրենասիրության բացակայությունից:

Մանվել Քեշիշյանը գրանցեց նաեւ մի կարեւոր փաստ. «Աղջիկները իրենք են գնում` գտնելու պարսիկներին, ու մասնագիտությունից ելնելով, նույնիսկ պարսկերեն են սովորում»:

Վերջում Մանվելը այդքանով չբավարարվեց, ու որոշեց նաեւ պարզել, որ պարսկահայ լինելը օգնո՞ւմ է մարմնավաճառության գործին: Մեջբերում եմ տեսանյութի երկխոսությունը բառ առ բառ.

Մանվել - Էս կոնկրետ պարսիկների համար գործ եք անում, հա՞:

Մարմնավաճառ - Չէ, ցավդ տանեմ, գործ չենք անում: Դե պապս, տատս Պարսկաստանից են եղել:

Մանվել - Հա, բայց դա ամեն դեպքում գործին էլ է օգնում, չէ՞:

Թող այս մասին դատեն հենց իրենք` իրանահայերը:

Վերջում հաղորդավար Արամ Աբրահամյանը, թերեւս վատ զգալով, հայտարարեց, թե իբր ի հակադրություն այս տեսանյութիՙ հարեւան երկրից եկած տուրիստներին կարելի է հանդիպել նաեւ Ազգային պատկերասրահում եւ սիմֆոնիկ երաժշտության համերգներին, ավելացնելով, որ պետք է մեր իրական արժեքներով հետաքրքիր լինենք ուրիշների համար:

Իսկ ի պատասխան ես կասեի. «Պարոն Աբրահամյան, Ձեր լրագրողը, մի քանի գիշեր քրտնաջան աշխատանքի արդյունքում փորձեց մեզ ավելի հետաքրքիր ցույց տալ աշխարհին: Չէ՞ որ ըստ Ձեզ ու Ձեր կիրակնօրյա հաղորդմանՙ հարեւան երկրից գալիս են Հայաստան ոչ թե իրական արժեքների համար, «այլ որովհետեւ մեզ մոտ օրինական դաշտում գործում են գիշերային ակումբները եւ ոգելից խմիչքը անվճար է, կարելի է գլխաշոր չօգտագործելՙ առանց վախենալու մտրակի հարված ստանալուց»:

ԺՈՐԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4