«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀՆԴԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Մի փոքր հատված հնդկական, մի փոքր հատված էլ հայկական մշակույթից: Սա առաջին անգամը չէ, երբ «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված միջոցառումը ներդաշնակվում է հայկական ու հնդկական մշակույթներին:

2 երկրների ու նրանց մշակույթի հանդեպ հետաքրքրությունը 2 ազգերի ներկայացուցիչներին ապրիլի 10-ին միավորել էին «Նարեկացիում»` մասնակիցը լինելու «Մշակութային խաչմերուկ» խորագրով միջոցառմանը: Կազմակերպիչը «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպությունն էր:

Առաջին մասում ցուցադրվեց հնդկական սարիների մասին պատմող «Հմայքի 6 մետր» ֆիլմը:

Չնայած նորաձեւության քմահաճույքներին, հնդկական ազգային զգեստները հնդիկ կանանց պահարաններից անպակաս են: Սարիները, որոնց գունեղ երանգներն ու գեղեցիկ ձեւվածքը ընդգծում են կնոջ նրբագեղությունն ու կանացիությունը, նորաձեւության թոհուբոհի մեջ բնավ չեն զիջել իրենց դիրքերը: Թեեւ որոշ տարրեր, օրինակ` կտորի տեսակները կամ գույների համադրությունը ոճաբանները վերցրել են նորաձեւությունից, սակայն պահպանել են սարիի ավանդական տեսքն ու զարդաձեւերը, որոնք բոլոր ժամանակներում սիրված են ոչ միայն հնդիկ կանանց կողմից:

Բացի ֆիլմի ցուցադրությունից` ներկա աղջիկներից մեկը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի կնոջ` Անիտա Մալհոտրայի օգնությամբ ներկայացրեց` ինչպես են հնդկուհիները հագնում սարիները:

Միջոցառման 2-րդ մասը ներկայացնում էր հայկական մշակույթը` հայկական տարազներով տիկնիկների ցուցադրությամբ ու «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի պարային կատարումներով:

Լուսինե Թորոյանը , որն այսուհետեւ Հայաստանում ղեկավարելու է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, փոքր-ինչ պատմեց հայկական տարազներից, որոնք եւս ազգային հարուստ մշակույթի արտացոլումն են, ինչպես Հնդկաստանում ազգային սարիները:

«Հայ-հնդկական բարեկամությունը» ակտիվ է նաեւ Հնդկաստանում: Ամեն ինչ սկսվեց 2009 թվին, երբ ազգությամբ հնդիկ Ռանանջայ Անանդն ինտերնետային կայքերից մեկում ծանոթացավ Հայաստանից Ռուզաննա Աշուղյանի հետ:

Ռանանջայ Անանդը , որն օրերս է եկել Հայաստան, պատմում է` ինտերնետում Ռուզաննայի հետ սկզբում քննարկել են 2 ժողովուրդների փիլիսոփայությունը, մշակույթն ու ավանդույթները: Քննարկումների ընթացքում ծնվել է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն ստեղծելու գաղափարը:

Չնայած հազարավոր կիլոմետրերի հասնող հեռավորությանը, կազմակերպության անդամներն ինտերնետի օգնությամբ միավորվել են, եւ «Facebook» սոցիալական ցանցում բացել «Հայ-հնդկական բարելամության» խումբը, որն այսօր ավելի քան 1600 անդամներ ունի:

Ինչպես նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան , որը եւս ներկա էր «Նարեկացիում», այս կազմակերպությունն օրինակն է այն բանի, թե 21-րդ դարում ինչ է կարելի է անել ինտերնետային սոցցանցերի միջոցով:

Կազմակերպության նախագահ Ռանանջայն առաջին անգամ եղել է Հայաստանում անցյալ տարի, այս տարի նրա 2-րդ այցելությունն է: Ասում է` իրենց նպատակը հայ-հնդկական բարեկամությունն իրապես ամուր պահելն ու մարդկանց 2 ժողովորդների մասին իրազեկելն է:

Կազմակերպությունը համագործակցում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ, իսկ Աչալ Կումար Մալհոտրան սկզբից եւեթ սատարել է կազմակերպությանը:

Շուտով Ռանանջայը համահիմնադիրներից Ռուզաննա Աշուղյանի հետ մեկնելու է Հայաստանից, նրանք պատրաստվում են ամուսնանալ իրար հետ եւ ապրել Հնդկաստանում, սակայն ամուսնությունն ամենեւին չի խանգարի կազմակերպության գործունեությանը, հակառակը` «Հայ-հնդկական բարեկամությունը» շարունակելու է աշխատել ակտիվորեն ե՛ւ այստեղ, ե՛ւ Հնդկաստանում:

Իսկ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը հավաստիացնում է` արվեստի միությունը կշարունակի համագործակցել կազմակերպության հետ. «Անհատները գալիս եւ գնում են, սակայն ավանդույթը պահպանվում է»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4