«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՌՆԱԼ

Անթալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ մրցահարթակ դուրս եկան Հայաստանի առաջին 2 ներկայացուցիչները` Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը, որոնք չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին մինչեւ 69 կգ քաշային կարգում: Ցավոք մեր ծանրորդներին չհաջողվեց մեդալ նվաճել:

Պոկում վարժությունում ավելի հաջող էր Վանիկ Ավետիսյանի ելույթը, որը հաջորդաբար բարձրացրեց 138, 142 եւ 144 կգ` գրավելով 5-րդ տեղը: Իսկ ահա Սամվել Գրիգորյանը միայն առաջին մոտեցումը հաջող կատարեց` բարձրացնելով 140 կգ: Իսկ 145 կգ-ը բարձրացնելու նրա 2 փորձերն էլ անհաջող էին: Սամվելը պոկում վարժությունում գրավեց 10-րդ տեղը: Հրում վարժությունում էլ միայն 3-րդ մոտեցմամբ Սամվել Գրիգորյանը բարձրացրեց պատվիրած 165 կգ-ը եւ երկամարտի 305 կգ արդյունքով գրավեց 10-րդ տեղը:

Վանիկ Ավետիսյանը հրում վարժությունը սկսեց 172 կգ-ից` ծանրաձողը գլխավերեւում պահելով միայն 2-րդ փորձից: 3-րդ մոտեցմամբ նա չկարողացավ բարձրացնել 176 կգ-ը ու երկամարտի 316 կգ (144+172) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Թվում էր, թե Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում մրցակցությունից դուրս էր ռուսաստանցի Օլեգ Չենը, որը պոկում վարժությունում 13 կգ-ով առաջ էր անցել իր մոտակա մրցակիցներից` հաղթահարելով 158 կգ-անոց ծանրաձողն ու արժանանալով փոքր ոսկե մեդալի: Սակայն հրում վարժությունում նա տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին` չկարողանալով բարձրացնել նախնական 175 կգ-ը ու 0 ստացավ: Նրա բացակայությամբ երկամարտի 321կգ (143+178) արդյունքով չեմպիոն հռչակվեց ադրբեջանցի Աֆգան Բայրամովը: Հետաքրքրական է, որ նա պոկում վարժությունում ընդամենը 7-րդ արդյունքն էր ցույց տվել: 2-րդ տեղը երկամարտի 318 կգ (143+175) արդյունքով զբաղեցրեց ֆրանսիացի փորձառու ծանրորդ Վենսելա Դաբայան: Բրոնզե մեդալը երկամարտի նույնպիսի արդյունքով բաժին հասավ Ֆրանսիան ներկայացնող մեկ այլ ծանրորդի` Բերնարդին Կինգուեին, որն անձնական քաշով ավելի թեթեւ էր Դաբայայից:

Մինչեւ 62 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ թուրք Բունյամին Սեզերը, որը ցույց տվեց 301 կգ (142+159) արդյունք: Նա ոսկե մեդալ նվաճեց նաեւ պոկում վարժությունում, իսկ ահա հրումում բավարարվեց արծաթե պարգեւով: Այդ վարժությունում ոսկե մեդալի արժանացավ բուլղարացի Ստոյան Ենեւը, որը թուրք ծանրորդին գերազանցեց 1 կգ-ով: Ենեւը երկամարտի 282 կգ (122+160) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հետաքրքրական է, որ պոկում վարժությունում նա միայն 6-րդ արդյունքն էր ցույց տվել:

Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Կիպրոսը ներկայացնող Դիմիտրիս Մինասիդիսը, որը երկամարտում ցույց տվեց 288 կգ (130+158) արդյունք: Նա բրոնզե մեդալներ նվաճեց առանձին վարժություններում:

Մինչեւ 53 կգ քաշային ծանրորդուհիների մրցավեճն ավարտվեց մոլդովացի Քրիստինա Իովուի հաղթանակով: Նա երկամարտում ցույց տվեց լավագույն արդյունքըՙ 207 կգ (91+116): Մոլդովացի մարզուհին ուժեղագույնն էր նաեւ առանձին վարժություններումՙ արժանանալով ոսկե մեդալների:

Չեմպիոնուհուն 6 կգ զիջեց թուրք Այլին Դասդելենը, որը երկամարտի 201 կգ (88+113) արդյունքով դարձավ արծաթե մրցանակակիր: Նա պոկում վարժությունում արժանացավ բրոնզե մեդալի, իսկ հրումում 2-րդն էր: Պոկում վարժության արծաթե մեդալը նվաճեց բելառուս Ալյոնա Չիչկանը, որն անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ գերազանցեց Այլին Դասդելենին ու ռուսաստանցի Սվետլանա Չերեմշանովային: Վերջինս Ռուսաստանին առաջին մեդալը պարգեւեցՙ երկամարտի 201 կգ (88+113) արդյունքով դառնալով բրոնզե մրցանակակիր: Հրում վարժությունում էլ ռուս մարզուհին բրոնզե մեդալ նվաճեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4