ՌԴ շախմատի տղամարդկանց թիմային առաջնության 2-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի ֆեդերացիայի թիմը 4-2 հաշվով հաղթեց Չիգորինի անվան ակումբին: Սանկտ Պետերբուրգի թիմում այս անգամ հանդես չեկավ Սերգեյ Մովսիսյանը, որը նախորդ տուրում իր թիմակիցներից միակն էր, որ չհաղթեցՙ պարտիան ավարտելով ոչ-ոքի:
Դեսնոգորսկի «Ատոմը» 1-ին հաղթանակը տոնեցՙ 3,5-2,5 հաշվով պարտության մատնելով Կազանի «Նեզմետդինովին»: Այդ հաջողությունում իրենց ներդրումն ունեցան հայ շախմատիստներից Պողոս Նահապետյանն ու Գեորգի Պողոսյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Վալերի Յանդեմիրովին ու Անտոն Իսաեւսկուն: Բենիամին Գալստյանը ոչ-ոքի խաղաց Իլդար Իբրահիմովիչի հետ, Վարդգես Թովմասյանը հաշտություն կնքեց Արտյոմ Իլյինի հետ: Միակ պարտությունը կրեց Սարգիս Մանուկյանըՙ զիջելով Ռամիլ Հասանգատինին:
Լիպեցկի «EGU-Պերսպեկտիվա» թիմը 1,5-4,5 հաշվով պարտվեց Մոսկվայի «Նավիգատորին»: Լիպեցկի թիմի կազմում Գոռ եւ Գեւորգ Հայրապետյանները պարտություն կրեցին համապատասխանաբար Ալեքսանդր Մոսկալենկոյից եւ Միխայիլ Դեմիդովից: Բելգորոդի թիմում հանդես եկող Անդրեյ Անանիկյանը ոչ-ոքի խաղաց Անատոլի Բաբիտի հետ: Բելգորոդցիները 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցին Վլադիվոստոկի թիմիցՙ 2,5-3,5:
2 տուրից հետո 5 թիմեր 2-ական հաղթանակ են տոնել ու վաստակել են 4-ական միավոր: Առաջատարները «Տոմսկ-400» եւ «Նավիգատոր» թիմերն են, որոնք բոլոր պարտիաներում վաստակել են 10,5-ական միավոր: Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 9,5 միավորով 3-րդ տեղում է: Մեկ միավոր պակաս ունի ShSM-64-ը, իսկ Սարատովի «Էկոնոմիստը» 8 միավորով եզրափակում է առաջատար հնգյակը: