ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ, ԼՂՀ
Եթե 1920թ. Արցախում հայերի թիվը 125.000 էր, իսկ 1989թ. թիվը հատել էր 144.000-ի սահմանագիծը, ապա պատերազմի տարիներին բնակչության թիվը կտրուկ անկում էր ապրել: Կառավարության նախորդ տարվա ամենալուրջ ձեռքբերումներից մեկը ժողովրդագրական ցուցանիշի բարելավումն է: Համաձայն վիճակագրական տվյալներիՙ այսօր ԼՂՀ բնակչության թիվը հատում է 145.000-ի սահմանը: Մինչդեռ 2007-ին բնակչության թիվը կազմում էր 137.000: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գնահատմամբ` սա կարեւոր ցուցանիշ է, որին հասնելու համար անցել են դժվար ճանապարհ: Վարչապետը շեշտում է, որ այսօր Արցախում բնակարանային խնդիրն ամենաարդիականն է, իսկ եկողների եւ գնացողների սալդոն դրական է: Հարությունյանը եւս մեկ ձեռքբերում է համարում, որ Արցախում չկա ծայրաստիճան աղքատ մարդ, որ կանգնած է հացի խնդրի առաջ: Թեպետ այսօր վերաբնակեցման մասին քիչ է խոսվում, սակայն կառավարությունն այս խնդրին նույնպես լուրջ ուշադրություն է դարձնում: Վերաբնակեցման մասին նախորդ տարիների համեմատությամբ քիչ է խոսվում, որովհետեւ առկա են ֆինանսական խնդիրներ: Վերաբնակեցման կարեւորագույն նախապայմանը բնակարանի տրամադրումն է, իսկ յուրաքանչյուր բնակարանի կառուցումն արժե 22 միլիոն դրամ: Վարչապետի մեկնաբանությամբՙ երբ մեկնարկեց վերաբնակեցման ծրագիրը, Քաշաթաղում 14.000 բնակիչ կար: Տարիներ անց այնտեղ բնակվում էր 7.000 մարդ: Հարությունյանը կատարվածն ընդամենը աշխարհին ցույց տալու ժեստ է անվանում, որը դժվար է կոչել վերաբնակեցում:
«Մարդկանց խոսք էին տալիս ու հուսախաբ անում: Խոստանում էին, որ ապագայում լավ կլինի, բայց այդպես չէր: Չկային էլեկտրականություն, դպրոց, սանիտարահիգիենիկ պայմաններ, եւ եկածները հեռացան», ասում է Հարությունյանը` հավելելով, որ այժմ կառավարությունը զարգացման ծրագիր է մշակել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանում: «Կառուցում ենք ենթակառուցվածքներ, ճանապարհներ, ոռոգման համակարգ, էլեկտրիֆիկացում եւ ապահովում ենք աշխատանքային պայմաններով, ինչի շնորհիվ մարդիկ տեղափոխվում են Արցախ: Պետությունը տրամադրում է շինանյութ եւ արտոնյալ վարկային պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար», ասում է վարչապետը` ընդգծելով, որ վերոնշյալ երկու տարածքներում ապրում են նաեւ սիրիահայ եւ բեյրութահայ ընտանիքներ:
Արա Հարությունյանի գնահատմամբ` վերջին տարիներին համախառն ներքին արդյունքի ցուցանիշները նույնպես խոստումնալից են: Անցյալ տարվա համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,1 տոկոս: Դա մեծամասամբ շնորհիվ մանր եւ միջին ձեռնարկատիրությունների: Նման արդյունքի հասնելու համար կիրառվող գործիքներից վարչապետն առանձնացնում է պետական բյուջեով իրականացվող փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար արտոնյալ վարկավորման ծրագիրը, որը թույլ է տալիս օգտվել մատչելի տոկոսներով վարկային ռեսուրսներից:
Պետության համար լրջագույն խնդիրներից մեկը վարչապետը համարում է ջրի հարցը, որն արդեն լուծման փուլում է: Արա Հարությունյանի ներկայացմամբ` եթե ժամանակին ջուրը դույլերով էին կրում, այսօր դույլերին փոխարինում են մեքենաները: Վարչապետը հավաստիացնում է, որ դա էլ ժամանակավոր է, կառուցվում է նոր ջրային համակարգ, մինչեւ տարեվերջ մայրաքաղաքի 80 տոկոսը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: «Աշխատանքներ են տարվում, որպեսզի Արցախի այլ բնակավայրերում էլ ջրամատակարարման որակը բարելավվի»: Վարչապետը հիշում է, որ 2 տարի առաջ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչները ջրի պատճառով թունավորվել էին: «Այս վիճակն էր Արցախի համարյա բոլոր գյուղերում, եւ մենք փորձում ենք իրավիճակը շտկել»:
Արա Հարությունյանի ներկայացմամբ` Արցախում գործազրկությանը զուգահեռ աշխատուժի պակասի խնդիր կա: «Եթե տղամարդը գործ է փնտրում, անհնար է, որ չգտնի: Խնդիրները առաջադրած պայմաններն են: Գյուղատնտեսության, շինարարության առումով աշխատուժի խնդիր կա: Հենց դա է պատճառը, որ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանակավոր հաստատվում են Արցախում, համեմատաբար բարձր աշխատավարձ ստանում: «Մտեք շինհարթակ եւ այնտեղ կտեսնեք վարպետների Հայաստանից: Մանավանդ ազատագրված շրջաններում Հայաստանից եկածները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Վարչապետը ցավով է փաստում, որ Շուշին վերականգնելու համար մեծ գումարներ է անհրաժեշտ, ինչն այսօր պետությունը չունի: Տարեկան Շուշիում ներդրումներ կատարելու համար 1,5-2 միլիարդ դրամ է ծախսվում, որը չի բավարարում: «Նման հզոր քաղաքի վերականգնման համար գումարը չնչին է, սակայն կատարված աշխատանքը նկատելի է: Պետական կառույցները` մշակույթի նախարարությունը, ՄԻՊ գրասենյակը, դատական համակարգը, Հայաստանի Ագրարային համալսարանը Ստեփանակերտից տեղափոխելու ենք Շուշի, ինչը կնպաստի քաղաքի աշխուժությանը: Իհարկե, այսօր Շուշին հեռու է մեր երազանքների քաղաքից, սակայն համոզված եմ, որ հինգ տարի անց այլ Շուշի ենք ունենալու»: