ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի դիտարկումը, որ ԼՂՀ ՀՕՊ ուժերն օրվա մեջ 260 ադրբեջանական ինքնաթիռ են ուղեկցում, ինչպես եւ սպասվում էր, հարեւան երկրում սառը ցնցուղի ազդեցություն է թողել: Բաքվի գրեթե բոլոր լրատվամիջոցները հիմնավորապես վերաշարադրել են Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը: «Չենք ճանաչում»-ն, այսպիսով, ադրբեջանական կողմի համար այնքան էլ «սկզբունք չէ», եթե խնդիրը տեղափոխվում է լուրջ հարթություն: Իսկ ի պատասխան Ադրբեջանի սպառնալիքների, թե Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու դեպքում «կձեռնարկվեն հակազդեցության բոլոր միջոցները», ասել, որ Արցախի զինված ուժերն էլ ընդունակ են «հակազդելու հակազդեցությանը», խոստովանենք, շատ լուրջ նախազգուշացում է:
Ի՞նչ են այդ առթիվ մտածում ադրբեջանական կողմի պաշտոնական կառույցներըՙ Բաքվում դեռեւս չեն բարձրաձայնում: Մամուլը, մինչդեռ, վերակենդանացրել է «հայկական օդային ահաբեկչության» թեման: «Էխո»-ն, ի մասնավորի, հիշեցրել է, որ «1991թ. նոյեմբերի 20-ին Գարաքենդ գյուղի մերձակայքում ջերմային հրթիռով խփվել է ԾՌ-8 ադրբեջանական ուղղաթիռը, 1992 թ. հունվարի 28-ին` եւս մի քաղաքացիական ուղղաթիռ, որը Աղդամ- Շուշի չվերթն էր իրականացնում, իսկ 1994 թ. մարտի 17-ին «Օսա» հրթիռով` իրանական C-130 «Հերկուլես» ինքնաթիռը»:
Սկսենք նրանից, որ 1991թ. նոյեմբերի 20-ին ԾՌ-8-ն օդ է բարձրացել Աղդամից: Ուղղաթիռում են գտնվել Ադրբեջանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ` ԼՂԻՄ եւ հարակից շրջանների արտակարգ դրության պարետության զինվորականներ, իրավապահ մարմինների ղեկավարներ: Անգամ լավագույն ցանկության դեպքում ղարաբաղյան կողմը չէր կարող տեղյակ լինել, թե ի՞նչ նպատակով, ո՞ւր է թռչում ԾՌ-8-ը, ովքե՞ր են նրա ուղեւորները: Իսկ նման տեղեկատվություն չունենալով, անիմաստ է «ահաբեկչություն իրականացնել»:
Ընդհակառակը, Աղդամում հայտնի էր, որ Մութալիբովի գրեթե ամբողջ թիմն է ուղղաթիռում: Ավելին, ինչպես հենց ադրբեջանական մամուլում է բազմիցս գրվել, վերջին պահին ուղղաթիռ չի նստել Ադրբեջանի ԳԽ նախագահի տեղակալ Թամեռլան Գարաեւը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր իբրեւ ընդդիմադիր ԱԺՃ ներկայացուցիչ:
Անցյալ տարեվերջին նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն Մութալիբովին մեղադրեց հիշյալ ուղղաթիռի կործանման մեջ: Ավելացնենք նաեւ, որ աղետի պատճառները հետաքննելուն խոչընդոտել է հենց ադրբեջանական կողմը` արգելք հանդիսանալով, որպեսզի ուղղաթիռի «սեւ արկղերը» եւ բեկորները փորձաքննության տարվեն Մոսկվա: Այնպես որ` միջադեպի պատճառներն ուսումնասիրված չեն, եւ ո՞վ է ահաբեկչություն իրականացրել` մնում է գաղտնիք:
Երկրորդ դեպքն ավելի պարզ է. 1992թ. հունվարի 26-28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջմեդին Մեհթիեւի անմիջական հրամանատարությամբ իրականացվել է «Դաշալթի» ռազմագործողությունը: Նպատակը Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի բռնատեղահանումն էր: Տեղական ուժերը դրանում չեն ներգրավվել: Մեհթիեւն իր հետ Բաքվից Շուշի է բերել շուրջ 500 «ընտյալ մարտիկներ»: Երկօրյա համառ մարտերից ադրբեջանական բանակն ունեցել է ավելի քան 150 զոհ:
Ինչպես վկայել է կործանված ուղղաթիռի հրամանատարի այրին, թռիչքն իրականացվել է Բաքվի մերձակա «Զաբրատ» հենակայանից: Դա մարտական առաջադրանք էր պատերազմական գործողությունների գոտի: Հնարավոր է` նախօրեին զոհվածների դիակները կամ վիրավորներին Բաքու տեղափոխելու, կամ Մեհթիեւին օժանդակ ուժեր հասցնելու նպատակով: Նման իրավիճակում կործանված ուղղաթիռը չի կարելի անվանել «քաղաքացիական»: Մանավանդ պարզ կեղծարարություն է ասել, թե այն «կանոնավոր չվերթեր էր իրականացնում Աղդամից Շուշի»:
Երրորդը նույնպես կարոտ է մեկնաբանության. ինչպե՞ս է Մոսկվա-Թեհրան թռիչքն իրականացնող ինքնաթիռը հայտնվել ԼՂՀ օդային տարածքում: Ո՞ր երկրի դիսպետչերական ծառայություններն են ուղեկցել իրանական ինքանթիռը: Ի՞նչ է կատարվել: «Էխո»-ն, մանավանդ, մեջբերում է իրանական կողմի պաշտոնական մեկնաբանությունը, որ «ինքնաթիռն օդում պայթել է անհայտ պատճառներով»: Բացառված չէ, որ ահաբեկչությունն իրականացրել են ադրբեջանական ՀՕՊ ուժերը` վնասելու հայ-իրանական հարաբերությունները:
Իսկ ահա փաստ է, որ 1990թ. օգոստոսին Երեւան- Ստեփանակերտ չվերթի «Յակ- 40» ուղեւորատար ինքնաթիռը չպարզված հանգամանքներում կործանվել է Լաչինի շրջանի տարածքում: Տեղ հասած փրկարարներն ականատես են եղել զոհվածների հանդեպ անմարդկային վերաբերմունքի փաստերի: 1992 թ. հունիսին «Ստեփանակերտ-Երեւան» թռիչք իրականացնող դարձյալ «Յակ-40» ինքնաթիռը ենթարկվել է ադրբեջանական կործանիչների հարձակմանը: Միայն օդաչուների բացառիկ վարպետության շնորհիվ է հաջողվել բոցավառվող օդանավը վայրէջքի տանել Սիսիանի օդանավակայան եւ փրկվել:
Բանավիճել, ինչ խոսք, կարելի է: Բայց ամեն ինչ իմաստ ունի չափի մեջ: Ակնհայտ կեղծարարությունն առաջին հերթին վնասում է կեղծողին: Քանի որ դրանից հետո անհնար է հավատալ նրա որեւէ խոսքին: