Դալմայի այգիներում հողատարածք ունեցողներից մեկը, որ խնդրեց իր անունը չգրել, երեկ զանգահարել էր «Ազգ» օրաթերթի խմբագրություն` տեղեկացնելու, որ Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող հատվածում ճանապարհաշինության անվան տակ ավերում են Դալմայի այգիները: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը, առանց շինթույլտվության եւ հողահատկացման: «Նրանք կտրում են խաղողի վազերը, ծառերը ու տեղում քարեր լցնում, որ հետո ասեն, թե իբր այնտեղ այգի չի եղել: Նրանք ոչնչացնում են Դալմայի այգիները, որպեսզի հետագայում այդ ճանապարհի հարեւանությամբ իրենց առեւտրի կենտրոններն ու խանութները կառուցեն», ասաց մեր զրուցակից-ականատեսը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ ճանապարհաշինության ժամանակ ոչ մի ծառ չի տուժելու:
Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ զանգահարեցինք քաղաքապետարան, սակայն մեզ տեղեկացրին, որ միայն պաշտոնական նամակից հետո կարող ենք պատասխան ստանալ:
Հ. Հ.