ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգը» երեկ գրել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության մասին: Երեկ Գյումրիից տարբեր «խողովակներով» մեզ մանրամասներ էին հասնում սպանության վերաբերյալ, որոշ մանրամասներ դրանցից ներկայացնենք: Ապրիլի 12-ին նշանակված էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր եւ 27-ամյա Կարեն Եսայանի նշանադրությունը: Երբ փեսան եւ նրա հարազատներն ուշացել են, Ղուկասյանները կապվել են փեսայի կողմի հարազատների հետ, որոնք ասել են, որ Կարենը չկա, առավոտից նրան չեն տեսել, ու անգամ անհանգստացած հարազատները դիմել են իրավապահ մարմիններին: Նրան սկսել են փնտրել, եւ արդեն երեկոյան Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի եւ Սեւ Ղուլ կոչվող ամրոցի ճանապարհին գտնվել է Կարեն Եսայանի «Մերսեդես» մեքենան, նրա մեջ եղել է մի քանի հրազենային վերք ստացած Կարեն Եսայանի դիակը (ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` գլխի մասում հրազենային վնասվածքների հետքերով):
Գյումրեցիների մեջ երկու վարկած է շրջանառվում, որոնցից ոչ մեկն առայժմ հաստատում չի ստացել: Ըստ դրանցից մեկի` կասկածվում է Անիի նախկին տարածաշրջանային ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, որը, ըստ գյումրեցիների, նույնպես սիրահարված է եղել քաղաքապետի աղջկան ու ենթադրաբար կարող էր խանդի հողի վրա սպանել մրցակցին: Կարենն ու քաղաքապետի դուստրը համադասարանցիներ են եղել, դեռ դպրոցական տարիներից սիրել են իրար: Ըստ այս վարկածի` նախկին ոստիկանապետի որդին մերժում է ստացել, եւ գուցե դա առիթ է դարձել այս կերպ վրեժ լուծելու: Ասում ենք` սա ընդամենը վարկած է խոսակցությունների մակարդակով, Շիրակի իրավապահ մարմինները դեռեւս որեւէ բան չեն հաստատում կամ ժխտում` դատախազությունից բոլոր հարցում անողներին պատասխան է հնչում, որ նախաքննություն է կատարվում, արդյունքների մասին կտեղեկացվեն: Մինչդեռ, էլի ոչ պաշտոնական տեղեկություններով սպանություն կատարողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կարեն Եսայանը ԱՄՆ-ից էր ժամանել Գյումրի` նշանվելու եւ պսակադրվելու իր սիրած աղջկա հետ: Կարենի հայրը, մինչեւ ԱՄՆ տեղափոխվելը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է եղել, նրա եւ նրա ընտանիքի մասին գյումրեցիները լավ են արտահայտվում: Ընտանիքը տարվա կեսն ապրում էր ԱՄՆ-ում, կեսը` Գյումրիում, որտեղ բիզնես ուներ, ընտանիքի մորն է պատկանում Գյումրիի կենտրոնի խանութներից մեկը: Կարենի մասին գյումրեցիք միայն լավ բաներ են ասում` խելոք, կազմակերպված երիտասարդ էր, բարձրագույն կրթությամբ, նա եւ քաղաքապետի դուստրը վաղուց սիրել են իրար, ու երբ պարզ է դարձել, որ աղջկա ծնողները դեմ չեն երիտասարդների ամուսնությանը, այդ ժամանակ էլ Կարենն ու իր մայրը ժամանել են:
Մի այլ վարկածով, որտեղ էլի նախկին ոստիկանապետի որդու անունն է շոշափվում, սպանությունը կարող է բիզնես հետաքրրությունների տիրույթում լինել, քանի որ ե՛ւ Կարեն Եսայանը, ե՛ւ կասկածվող երիտասարդը զբաղվում էին տարբեր առեւտրային գործերով, վերջինը Գերմանիայից մեքենաների ներկրման բիզնեսով է զբաղվում:
Չար պատահականությամբ քննչական գործողություններ իրականացնելիս նույն օրը, կեսգիշերն անց վրաերթի է ենթարկվել Կարեն Եսայանի սպանության գործով քննչական խմբի քննիչ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ` վրաերթը պարզապես անզգույշ հանցագործություն է ու դրա մեջ միտում չկա, վրաերթ կատարողը` 23-ամյա Ռադիկ Մուրադյանն էլ հայտնաբերված եւ ձերբակալված է, քանի որ ամենատարբեր խոսակցություններ պտտվեցին նաեւ այս մահի շուրջը:
Երեկ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացառել է սպանության քաղաքական ենթատեքստի հնարավորությունը (այդ կարգի խոսակցություններ եւս կային) եւ նշել է, թե այս հանցագործությունը շատ արագ կբացահայտվի: Նա նաեւ կոչ է արել կասկածյալների անուններ շրջանառության մեջ չդնել, քանի որ օրենքի պահանջ է նախաքննությունը չավարտած անուններ չշրջանառելը:
Երեկ ավելի ուշ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկատվություն տարածեցին, որ Կարեն Եսայանի գործով արդեն ձերբակալված կա, որի անունը քննության շահերից ելնելով չի հայտնվում: Ըստ ոստիկանության հաղորդագրության` ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել սպանվածի մայրըՙ Ռ. Եսայանը, եւ հայտնել, որ որդին` 1985 թ. ծնված Կարեն Եսայանը, նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոլվացման կետից վերցրել է իր «Մերսեդես-200» ավտոմեքենան եւ անհայտ կորել:
Սակայն այս բոլորին այլ երանգ հաղորդեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը երեկ երեկոյան, կայքերից մեկին հարցազրույց տալով` հերքեց, թե իր դստեր նշանածի սպանության գործը կատարվել է խանդի հողի վրա, նա ավելի շատ դա կապում է քաղաքականության հետ. «Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է: Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են»: Ըստ News.am-ի` քաղաքապետն ասել է, որ այդ երիտասարդը, որը ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, սպանել է քաղաքապետի դստեր նշանածին, որեւէ կապ չի ունեցել իր դստեր նշանածի հետ. «Այդ վարկածը սարքովի է եւ այդ երիտասարդնՙ իր ընտանիքով, շրջապատով ԲՀԿ-ական են: Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է», ասել է նա` շեշտելով, որ իր դստեր նշանածն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ եւ կուսակցական չէր:
Սպասելով ողբերգական դեպքի հետաքննության վերաբերյալ հետագա լուրերին` նշենք, որ այս իրադարձությունը գումարվում է այն նախորդներին, որոնք Գյումրիի կրիմինալ նկարագրի բաղադրիչ են դառնում, եւ որքան էլ ցավալի է` Գյումրիի ավելի վաղ ձեւավորված մշակույթի ու հումորի քաղաքի իմիջին նոր, կրիմինալ շեշտադրումներ են ավելացնում: