Այդ փաստն է ընդգծվում Զավեն Մսըրլյանի «Հայկական հարցի հոլովույթը 1939-2010» աշխատությունում
Օրերս Բեյրութում լույս է տեսել սփյուռքահայ պատմաբան Զավեն Մսըրլյանի «Հայկական հարցի հոլովույթը 1939-2010» ծավալուն աշխատությունը: Սա համալրված տարբերակն է հեղինակի դեռեւս 1978-ին լույս տեսած «Հայկական հարցի մասին» գրքի, որն արժանացել էր ինչպես Մեծի տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ մեծ բարերար Ալեք Մանուկյանի բարձր գնահատականին:
Զավեն Մսըրլյանը 1938-ին ծնվել է Բեյրութումՙ ղարաբաղյան արմատներով Մկրտիչ եւ Սաթենիկ Մսըրլյանների ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բեյրութի հայկական վարժարաններում, իսկ բարձրագույնըՙ տեղի Ամերիկյան համալսարանում: Հեղինակել է մի շարք աշխատություններ, մասնավորապես «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի եւ Կարսի դաշնագրերը 1920-1921 թթ.)» (Բեյրութ, 1979), «Ազգային քաղաքական գործունեությունը» (Բեյրութ, 1981), «Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը եւ Հայկական հարցը 1900-2009», (Բեյրութ, 2010), որոնց մի մասը լույս է տեսել նաեւ անգլերեն:
2003-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, հաշվի առնելով Մսըրլյանի հայագիտական գործունեությունը, նրան շնորհել է պատմական գիտությունների պատվավոր դոկտորի կոչումը: 2011-ին հեղինակին ՀՀ գիտության եւ կրթության նախարարության ոսկե հուշամեդալով է պարգեւատրել նախարար Արմեն Աշոտյանը: Նա գործուն եւ ղեկավար դեր է կատարել լիբանանահայ գաղութի ուսանողական, երիտասարդական եւ մշակութային միություններում: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձր է գնահատել հեղինակի ազգային, գիտական եւ հասարակական գործունեությունը, շնորհելով նրան Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանը:
Զավեն Մսըրլյանի «Հայկական հարցի հոլովույթը» գիրքը 351 էջ է, հրատարակվել է Հովիկ Քյուրքճյանի մեկենասությամբ, ունի առաջաբան եւ վերջաբան, հագեցված է անձնանունների, տեղանունների եւ հատուկ անունների ցանկով: Գրքում օգտագործված է հարուստ նյութՙ հատկապես Մեծ Բրիտանիայի արտգործնախարության արխիվներում պահպանվող վավերագրերը, որոնց պատճենը հեղինակին տրամադրել է անգլիացի պատմաբան Քրիստոֆըր Ուոքերը:
Գիրքը կազմված է 21 գլուխներից, որոնք ներառում են ինչպես Հայ դատին ու պահանջատիրությանը, այնպես էլ խորհրդա-թուրքական հարաբերություններին, Կարսի եւ Արդահանի մարզերը վերադարձնելու ԽՍՀՄ ղեկավարության Թուրքիայի ներկայացված պահանջին, ԱՍԱԼԱ-ի զինյալ պայքարին, հետխորհրդային շրջանում Հայաստան-Թուրքիա շփումներին եւ թուրքական շրջանակների Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից բխող մտավախություններին առնչվող խնդիրներ:
Աշխատության մեջ բարձրացված հարցերի ոչ ամբողջական թվարկումն անգամ բավական է պնդելու, որ Հայկական հարցը, անկախ Սեւրի դաշնագրի ձախողումից ու Լոզանի պայմանագրի կնքումից, անցյալին պատկանող սպառված խնդիր չէ, այլ ընդամենըՙ ժամանակավորապես կասեցված: Ամենայն հավանականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա ծավալումը վերստին կապահովի դրա մուտքը միջազգային օրակարգ:
Թերեւս այս ամենի առումով պատահական չէ, որ հեղինակի ուսումնասիրությունը սկսում է 1939-ից: Այդ թվին է սկսել 2-րդ համաշխարհային պատերազմը, որի ավարտին ԽՍՀՄ-ը պաշտոնապես Թուրքիայից պահանջել է վերադարձնել Արդահանի եւ Կարսի մարզերըՙ Սուրմալու գավառը ներառյալ: Խնդիրը, սակայն, սոսկ խորհրդային պահանջը չէ, այլ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը:
Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է 1923-ի հոկտեմբերի 29-ին: Քանի որ Սեւրը տապալվել, իսկ Լոզանում մերժվել էր ցեղասպանությունից հրաշքով փրկվածների համար Արեւմտահայաստանում թեկուզ փոքրիկ «հայկական օջախ» ստեղծելու առաջարկը, ուստի ժամանակակից Թուրքիայի հիմնադիրները լիարժեք սպառված համարեցին Հայկական հարցը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության, ապա այդ հարցը նրանց ոչ միայն չէր հուզում, այլեւ ներկայացնելով իրենց հուշագրերում սպանդի դրվագներ, նրանք դեռ լկտիաբար պարծենում էին:
Սակայն 1934-ին Ավստրիայում լույս տեսած Վերֆելի գրքի լայն արձագանքը եվրոպական մյուս երկրներում եւ ԱՄՆ-ում նախազգուշական լուրջ ազդակ հանդիսացավ Թուրքիայի ղեկավարների համար, ինչպես պահանջատիրության համար հանդիսանալու էր 1945-ին Թուրքիային ներկայացված Կարսի եւ Արդահանի մարզերը վերադարձնելու խորհրդային պահանջը: Թեեւ նրանց հաջողվեց կանխել «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորման ամերիկյան նախաձեռնությունը, այնուամենայնիվ նրանք հասկացան, որ Հայոց ցեղասպանությունը մոռացված չէ: 1965-ին Երեւանում Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին նվիրված համաժողովրդական հուժկու ցույցը, 70-80-ականներին ԱՍԱԼԱ-ի զինյալ պայքարը նպաստեցին, որ ցեղասպանության հարցը նորից մտնի միջազգային հանրության օրակարգ, սկզբնավորելու համար հարցի միջազգային ճանաչման նոր գործընթացը:
Դրա ծավալումը ենթադրում է ցեղասպանության հետեւանքների վերացման հարցի միջազգայնացումը նյութական եւ բարոյական փոխհատուցման բոլոր հետեւանքներով: «Հայկական հարցի հոլովույթը 1939-2010» աշխատության մեջ Զավեն Մսըրլյանը հենց այս հանգամանքը շեշտելու խնդիր է դրել իր առջեւ: Նա կարողացել է այդ խնդիրը գիտականորեն լուծել, թերեւս դրանով էլ ցույց է տվել, որ Հայկական հարցը զուտ պատմական անցյալին պատկանող խնդիր չէ, սպասում է արդարացի լուծման:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու