Գորկու հերոսն է, կարծեմ, ասում. «Փչիր, Գավրիլա, աշխարհի վերջն է»: Երբ հանդիպում ես Մուբարիզ Ահմեդօղլուի «վերլուծաբանական մտքի գոհարներին», տպավորություն ես ունենում, թե «աշխարհն արդեն կործանվել է, մնացել է միայն Ադրբեջանը, որն էլ կամք է թելադրում»: Այլ կերպ չես մեկնաբանի նրա ասածը Հելսինկիի Եզրափակիչ ակտի մասին: Ըստ Ահմեդօղլուի, այնտեղ «երաշխավորված են սահմանների անփոփոխելիությունը, տարածքային ամբողջականությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի կիրառումից հրաժարումը, միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ինքնիշխնության հավասարությունը, ինչպես նաեւ արձանագրված է ժողովուրդների ինքնորոշումը հարգելու պարտավորությունը»:
Թվում է` բարեխիղճ շարադրանք է: Բայց տեսեք, որ «մեկնաբանելիս» Ահմեդօղլուն վերադառնում է իրեն բնորոշ «ղոչիությանը» եւ գտնում, որ ««երաշխիքի» եւ «իրավունքը հարգելու պարտավորության միջեւ մեծ տարբերություն կա»: Այսինքն` մեկը «ենթակա է պարտադիր կատարման, մյուսը կախված է հարգող-չհարգողի կամքից»: Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է պարտադիր վերականգնվի, իսկ կհարգի, թե չի հարգի նա ինքնորոշման իրավունքը, դա միջազգային հանրության գործը չէ»:
Սույն պնդաճակատը չի կարողանում իրավական փաստաթուղթ կարդալ: Կամ իրեն «ռետինե խողովակի» տեղ է դնում: Իր խնդիրն է: Միջազգային իրավունքը հստակ բանաձեւում է, որ «տարածքային ամբողջականությունը հարգելի է, եթե տվյալ պետությունը հարգում է ինքնորոշման իրավունքը»: Ավելի հասկանալի լեզվով ասած` եթե Ադրբեջանը հարգեր ինքնորոշման իրավունքը, հնարավորություն ընձեռեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատորեն որոշեր իր կարգավիճակի հարցը ԽՍՀՄ միասնական պետության փլուզման ժամանակ, ինչպես եւ պահանջում էր ԽՍՀՄ օրենքը, եթե այդ կամարտահայտության ընթացքում ԼՂ քվեատուների մեծամասնությունն արտահայտված լիներ «Ադրբեջանի կազմում գտնվելու օգտին», իսկ դրանից հետո «մի խումբ ծայրահեղականներ խախտեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքվի պահանջներն արդարացի կլինեին միջազգային իրավունքի տեսակետից»:
Քաջ հայտնի է, որ Ադրբեջանը չի հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին, փորձել է այն բռնաճնշել, տեղահանել, ոչնչացնել խաղաղ բնակչությանը: Այդ իսկ պատճառով «տարածքային ամբողջականության երաշխիքն» Ադրբեջանի պարագայում գործել չի կարող: Բացի դրանիցՙ Հելսինկիի Եզրափակիչ ակտն ստորագրել է ԽՍՀՄ-ը: Ի՞նչ տրամաբանությամբ է այդ «երաշխիքը տարածվում Ադրբեջանի վրա»: Չէ՞ որ մինչ ԽՍՀՄ փլուզումն Ադրբեջանը 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով դադարեցրել էր իր մասնակցությունը ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրին: Ադրբեջանը ոչ թե Ադր. ԽՍՀ, այլ` 1918-20թ.թ. գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդն է: Իսկ ԱԴՀ-ն ոչ միայն ԵԱՀԿ անդամ եւ Հելսինկյան Եզրափակիչ ակտն ստորագրած, այլեւ նույնիսկ Ազգերի լիգայի անդամ «պետություն» չէր: Ինչո՞ւ պիտի միջազգային հանրությունը հարգի մի «պետության տարածքային ամբողջականություն», որը պատմության ասպարեզից հեռացել է` չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, բնականաբար էլ` չունենալով լեգիտիմ սահմաններ:
Ահմեդօղլուին, ըստ երեւույթին, հանձնարարված է բռիություն խաղալ: Ուստի արտահայտությունների մեջ նա ժլատություն չի անում. «Եթե նախկինում մենք պահանջում էինք միայն Լեռնային Ղարաբաղը, ապա... այսօր մենք ստիպված ենք քննարկել ե՛ւ Զանգեզուրը, ե՛ւ Էրիվանը այն դիրքերից, ինչ որ` Լեռնային Ղարաբաղը»: Այսինքն, «պահանջում են ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, ե՛ւ Զանգեզուրը, ե՛ւ Էրիվանը»: Եվ սա ներկայացվում է իբրեւ «միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական մոտեցում»: Նման դեպքի համար է, որ արցախցին հարց է տալիս. «Էդ խելքով քանի՞ ախպեր եք»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ