Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ԱԺ նախագահին կից մոնիտորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպմանը հրավիրվել էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը : Վերջիններս հանգամանալից ներկայացրին ընտրական ցուցակներ կազմելու, դրանց առավելագույն ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները: Խմբին մտահոգող կարեւորագույն հարցերից էին մեկ անձի` մի քանի անձնագիր ունենալու մասին լրատվամիջոցների հրապարակումները:
Փոխոստիկանապետը մանրամասն տեղեկացրեց ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ողջ գործընթացը, որով բացառեց նման դեպքերի հնարավորությունը: Արթուր Օսիկյանը հավաստիացրեց, որ ճշմարտությանը չեն համապատասխանում մամուլում եւ հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանում շատ քաղաքացիներ ունեն երկու անձնագիր եւ կարող են իրականացնել կրկնակի քվեարկություն: Ըստ նրա` ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին: Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին` փոխոստիկանապետը նշեց, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Հնչեցին նաեւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կարգին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ պարոն Օսիկյանը նշեց, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում եւս փոխոստիկանապետը կարեւորեց քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Նա պատասխանեց առաջադրված բոլոր հարցերին` յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով այն օրենսդրական հիմքը, որով լուծում է տրված կամ հնարավոր է կարգավորել դրանք:
Ըստ ԱԺ լրատվական հաղորդագրության