«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2012-04-12 | #67, 2012-04-13 | #68, 2012-04-14


Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆ. ««ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՇԱՏ ՓՈՔՐ Է, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊԱՀԱՆՋԻ»

Էջմիածնում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ, ըստ լրատվական կայքերի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստանը» առկա խնդիրների լուծման համար պատասխանատվություն կկրի այնքանով, որքան ձայն կստանա: Ինչ-որ մի պահ, ըստ լրատվական միջոցների, Ծառուկյանը ծնկել է բեմի վրա, որ վերցնի ժողովրդի միջից իրեն փոխանցվող նամակներ, ու սա կայքերը դարձրել էին վերնագիր: Ելույթում նա ասել է. «Այսօր բոլորը ասում ենՙ Ծառուկյանը քաղաքականության մեջ որ մտել է, ի՞նչ է ուզում: Ծառուկյանն իր համար ոչինչ չի ուզում, Ծառուկյանն ուզում է, որ մարդիկ զբաղմունք ունենան, որ մարդիկ լավ ապրեն, որ արտագաղթի ճանապարհը մոռանան, որ երիտասարդները չընկճվեն, չհիասթափվեն, իրենց գիտելիքներին համապատասխան գործի արժանանան, որ կարողանան իրենց նպատակները կյանքի կոչել»:

Դալարիկում, միասնական շտաբի փաստաթղթերի տակ 4 քաղաքական ուժերի առաջնորդների ստորագրությունը դնելու «Ժառանգության» պահանջին անդրադառնալով` Գ. Ծառուկյանն ասել է. «Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ բան պահանջի. եթե «Ժառանգությունը» խաղեր ունի տալու` թող տա, ով պետք է այդ փաստաթուղթը ստորագրեր, արդեն ստորագրել է»: Ապա ավելի ուշ այս խնդիրը կրկին է պարզաբանել. «Ով ուզում է ազատ եւ արդար ընտրություններ` մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցել: Մենք ստորագրել ենք փաստաթուղթ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ գործող կառավարության հետ: Մենք պատրաստակամ ենք, ուզում ենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ», ասել է Ծառուկյանը` «Ժառանգության» մասով էլ նշելով, թե եթե վերջինս դուրս է եկել` պետք է գնա-իշխանության հետ ստորագրի՞, ինչ է ուզածը. «Ես իրեն շատ եմ հարգում, շատ նվիրյալ հայրենասեր է, բայց հիմնական նյութն ու գաղափարը չեմ կարողանում հասկանալ», Րաֆֆի Հովհաննիսյանի ե4-ի ձեւաչափում արած «Ժառանգության» առաջարկի մասին ասել է Գ. Ծառուկյանը: Բազմաչարչար հարցին` կոալիցիան կա՞, թե՞ չկա, ԲՀԿ առաջնորդն արձագանքել է, թե կոալիցիա ձեւավորվում է ընտրությունից ընտրություն, մայիսի 6-ին այդ կոալիցիան վերջացած կլինի, իսկ թե ընտրություններից հետո կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ, պարզ կլինի ընտրություններից հետո:

Ըստ լրատվական կայքերի պատրաստեց Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4