Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը երեկ նույն ընտրատարածքում առաջադրված իր մրցակից թեկնածուների նախընտրական հիմնադրամներին խորհրդանշական 1000-ական դրամ է փոխանցել:
Տիգրան Գրիգորյանը բացատրում է` կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ քաղաքացիական կեցվածքը: Տիգրան Գրիգորյանն իր քայլով կոչ է անում բոլոր ընտրողներին, որոնք իսկապես համոզված են` այս կամ այն թեկնածուն կարող է լինել իրենց շահերի արտահայտողն Ազգային Ժողովում, մասնակցելու իրենց նախընտրած թեկնածուի նախընտրական հիմնադրամի համալրման աշխատանքներին: Ֆինանսական ներդրումի քայլը նաեւ պարտավորեցնող հանգամանք է դառնում արդեն հետագայում ընտրված պատգամավորի համար:
Տիգրան Գրիգորյանը ծագումով լոռեցի է, սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, հետոՙ Ամերիկյան համալսարանում:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Գրիգորյանը նշեց. երբ առաջադրել է իր թեկնածությունը, հենց սկզբում նկատել է «ինֆորմացիոն բլոկադայի երեւույթ»: Այսինքն` որոշ լրատվամիջոցներ չեն ներկայացրել, որ նա եւս առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում:
«Ընդհանուր վերլուծություններով ես եկա եզրահանգման, որ իշխանության ու ընդիմության առաքելությունն է հնարավորինս նեղացնել դարպասները, որոնց միջոցով քաղաքական ասպարեզ են մտնում քաղաքական նոր դեմքեր», հավելեց Տիգրան Գրիգորյանը:
Ես ու երիտասարդների թիմը, որոնք աջակցում են ինձ, ունենք մաքուր կենսագրություն, լավ կրթություն, ինչը կարեւոր նախադրյալ է մեր ծրագրերում լինելու հաստատակամ ու Ազգային ժողովում ժողովրդի շահերը ներկայացնելու համար: «Ընտրություններին մասնակցելը եղել է ոչ թե միանձնյա, այլ թիմային որոշում: Հանրապետության տարբեր մարզերում նույնպես ունենք անկուսակցական ընկերներ, որոնք առաջադրվել են մեծամասնական կարգով», ասում է Տիգրան Գրիգորյանը` ընդգծելով` ինքն ու իր շուրջը հավաքված թիմը ցանկանում են ցույց տալ, որ հանրապետությունում հասունացել է նոր որակի քաղաքական գործիչների պահանջարկը:
Տիգրան Գրիգորյանը պատգամավորության թեկնածուին անհրաժեշտ նվազագույն ֆինանսական խնդիրները լուծել է, թեեւ ակնկալում է, որ լայն հանրությունն էլ կաջակցի:
Ինչ վերաբերում է թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճի թեմային, ապա Տ. Գրիգորյանը պատրաստ է բանավիճելու ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության թեկնածուների հետ:
Ի. Պ.