«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2012-04-12 | #67, 2012-04-13 | #68, 2012-04-14


ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Շախմատի ՌԴ թիմային առաջնությունում Սերգեյ Մովսիսյանը վերջապես անդրանիկ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Ալեքսանդր Մոտիլյովին: Այդ հաղթանակի շնորհիվ Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 3,5-2,5 հաշվով հաղթեց «Տոմսկ-400-ին»: Սանկտ Պետերբուրգի թիմից հաղթանակ տոնեց նաեւ Մաքսիմ Մատլակովըՙ պարտության մատնելով Դենիս Խիսմատուլինին: Այդ հաղթանակից հետո Սանկտ Պետերբուրգի թիմը թիմային 6 եւ բոլոր պարտիաներում վաստակած 15 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում նույնպիսի արդյունքի հասած Մոսկվայի «Նավիգատորի» հետ: Վերջինս 3,5-2,5 հաշվով առավելության հասավ Նիժնի Տագիլի «Պոլիտեխնիկի» նկատմամբ:

Հաղթարշավը շարունակեց Սարատովի «Էկոնոմիստը»ՙ 3,5-2,5 հաշվով առավելության հասնելով Մոսկվայի ShSM-64-ի նկատմամբ: «Էկոնոմիստը» 8 միավորով (ընդհանուր միավորներըՙ 16) միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Լիպեցկի «Պերսպեկտիվայի» կազմում հաջող են խաղում Գոռ եւ Գեւորգ Հայրապետյանները: Գոռը հաշտություն կնքեց Ալեքսեյ Մոկշանովի հետ, իսկ Գեւորգը հաղթեց Դարսեն Սանզաեւին: «Պերսպեկտիվան» 3,5-2,5 հաշվով հաղթեց Սամարայի «Ժիգուլիին»: Լիպեցկի թիմը 4 միավորով 9-րդն է:

Դեսնոգորսկի «Ատոմը» 2,5-3,5 հաշվով պարտվեց Բելոգորսկի «Ռակիտա» շախմատի ակումբի թիմին: Հայ շախմատիստներից հաղթեցին Բենիամին Գալստյանն ու Վարդգես Թովմասյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Ալեքսանդր Դանինին եւ Ալեքսանդր Իվանովին: Պողոս Նահապետյանը հաշտություն կնքեց Բորիս Սավչենկոյի հետ, իսկ Սարգիս Մանուկյանը պարտվեց Գրիգորի Օպարինին: «Ատոմը» 2 միավորով 16-րդ տեղում է:

4-րդ անընդմեջ պարտությունը կրեց Բելգորոդի «Բելոգորիեն», որի կազմում Անդրեյ Անանիկյանը զիջեց «Նեզմետդինով» թիմի անդամ Ազատ Շարաֆիեւին: Այդ մրցախաղում «Բելոգորիեն» ընդամենը կես միավոր վաստակեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4