«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2012-04-12 | #67, 2012-04-13 | #68, 2012-04-14


ԲԱԽՏԱՄՅԱՆԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԿԳԱ

Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկներից ամենատարեցն ու ամենափորձառուն 40-ամյա հրաձիգ Նորայր Բախտամյանն է: Լոնդոնյան օլիմպիական 30-րդ խաղերը հայ հրաձիգի համար կլինեն 3-րդը մարզական հարուստ կենսագրությունում: Նա իր նորամուտը նշել է 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերումՙ գրավելով 4-րդ տեղը: Այդ արդյունքն առայժմ լավագույնն է Նորայրի համար: Ինչ խոսք, նա երազում է մրցանակակիր դառնալ, որի համար քրտնաջան նախապատրաստվում է առաջիկա օլիմպիադային: Բախտամյանը ներկայումս մարզվում է Երեւանի հրաձգության մարզադպրոցում: Մայիսին նա կմասնակցի Միլանում եւ Մյունխենում հաջորդաբար անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարերին: Այնուհետեւ կհաջորդեն ուսումնամարզական հավաքները, Լվովում հուլիսին կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը:

Հայ հրաձիգը Լոնդոնի օլիմպիադայում մրցասպարեզ դուրս կգա հուլիսի 28-ինՙ մրցելով օդամղիչ ատրճանակով 10 մետր հեռավորությամբ կրակագծում: Իսկ օգոստոսի 5-ին նա կմասնակցի 50 մետրից ազատ ոճի կրակահերթին:

Իհարկե, այժմ դժվար է գուշակել, թե ինչպիսի արդյունքի կհասնի Նորայրը Լոնդոնի օլիմպիադայում: Կասկածից վեր է, որ հաջողության համար նա կներդնի իր ողջ վարպետությունն ու կարողությունները: Հիշեցնենք, որ Բախտամյանը հայ մարզիկներից առաջինն էր, որին հաջողվեց Լոնդոնի օլիմպիադայի ուղեգիր նվաճել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4