ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ուզում էինք ամփոփել քարոզչական առաջին շաբաթն, ու մտքներիս էր, թե համեմատաբար հանգիստ քարոզարշավ է առայժմ ` նախորդ ընտրությունների քարոզչության լարումների համեմատ, երբ մեկ էլ կիրակի մի քանի սադրանք, այնուամենայնիվ, տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա թիվ 7-ում:
Սակայն մինչ այդ, այնուամենայնիվ որոշ հիմնական միտումներ մեկ շաբաթվա քարոզարշավից առանձնացնենք:
Նախ` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը տանում է նույն միայնակ քարոզարշավը, ինչ անցած խորհրդարանական ընտրություններին: Ճիշտ է` նախագահը տանում է կշռադատված, ոչ մեկի հանդեպ ոչ մի ագրեսիվ կայծ չպարունակող, անգամ հանդուրժողականություն սերմանող քարոզարշավ, որտեղ ամեն ինչ կառուցված է խոստումներն իրականացնելու համար նոր ժամանակ խնդրելու հիմքի վրա, ու արդեն ընտրողի տրամադրությանն է մնում` տա՞ այդ ժամանակը, թե՞ ոչ: Սակայն ինչքան որ լավ տպավորություն է թողնում նախագահի հանդուրժողականության հրավերը, նույնքան չի ընկալվում, որ նա արդեն երկրորդ անգամ միայնակ է գնում ընտրողի մոտ, չնայած մի ողջ կուսակցություն է թիկունքին: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ մեկին չի վստահում: Գուցե այդ միայնակ քարոզարշավն է պատճառը, որ թվում է, թե այս անգամ ՀՀԿ քարոզարշավը շատ ակտիվ չէ, համենայն դեպս առաջին շաբաթից այդպիսի տպավորություն է:
ԲՀԿ-ն մասամբ երկու ճակատով է քարոզարշավ տանում` ակտիվ եւ հայեցողական. ակտիվը Գագիկ Ծառուկյանի հանդիպումներն են, գուցե նաեւ այն պատճառով, որ ՀՀԿ նախագահի սահմանած ձողանիշը` առաջին դեմքի մակարդակով տանել ընտրարշավը, Ծառուկյանը ստիպված է պահել: Եվ Ծառուկյանն է ստիպված լինում ե՛ւ կոալիցիայի լինել-չլինելու մասին խոսել, ե՛ւ ԲՀԿ ծրագրային դրույթները ներկայացնել, ե՛ւ ամեն տեղ խոստանալ` տեր կանգնել ընտրողի քվեին («Պատրաստ եմ տուժելու, բայց ձեր հավատքը պահպանելու»): Ընդհանուր առմամբ` Ծառուկյանը հասարակ մարդկանց մեջ բավական ընդունելի է (հասարակ ընտրողը պարզ կերպարներ է սիրում), սակայն ընդդիմախոսները նրա խոսքից կառչելու բազմաթիվ առիթներ կարող են ստանալ. երբ խոսում ես հասարակ մարդկանց լեզվով` քաղաքական շրջանակների համար հեշտ է դրանցից ցանկալի նյութ քաղելը:
Իսկ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը շարունակում է ասել ուրիշ ԲՀԿ-ականների չասածը. երկու օր առաջ Մոսկվայի տանը ընտրողների հետ հանդիպելով` նա ընտրությունների լուծելիք երկու խնդիր է նշել. ըստ Օսկանյանիՙ այս ընտրություններով նախ պետք է փոխել քաղաքական իրավիճակը` վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը եւ հասնել քաղաքական հակակշիռների, ապա եւ կազմել հասարակության լայն աջակցությունը վայելող կառավարություն, որը կլուծի ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Օսկանյանը նաեւ ասել է, թե «Բարգավաճ Հայաստանը» այլընտրանք է գործող իշխանությանը, չորս տարվա ձախողված եւ անարդյունավետ քաղաքականությանը:
«Ժառանգության» տեսահոլովակում եւ հանդիպումներում մի փոքր նոր կիսաշեշտեր կային շաբաթվա վերջում. սփյուռքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է (Ձախ Հարութն էր ասում), եւ Ր. Հովհաննիսյանն էլ հանդիպումների մեջ նույնիսկ սփյուռքի անունից միլիարդ ու կես էր խոստանում Հայաստանին (հիշեցնենք` սփյուռքը նուրբ օրգանիզմ է եւ հատկապես իր փոխարեն տրված փողի խոստումները չի սիրում), բացի այդ` «Ժառանգության» նոր, երկանդամ կերպարին ընտրողը դեռ սովորում է (նրա համար հին պատգամավորներն են հասկանալի):
ՀՅԴ-ի մարզային հանդիպումները մարդաշատ են ու այնտեղ ՀՅԴ լիդերները շարունակում են ամբողջական իշխանափոխությունից խոսել, ցասկոտ շեշտադրումներ են հաղորդում իրենց խոսքին, ասում են, թե թույլ չեն տալու, որ կաշառակերը մտնի խորհրդարան, գողը նստի խորհրդարանական իր աթոռին, բայց ինչպես հայտնի է, այնուամենայնիվ, մեր ընտրողին ամբողջական իշխանափոխության մասին խոսակցությունը կարող է շատ վիրտուալ եւ աննյութական թվալ, քանի որ ամեն ինչից երեւում է` նրան կոնկրետ բան տվողներ կան:
Որքան էլ ՕԵԿ-ին չսիրողները քննադատում են այս կուսակցությանն ու նրա քարոզարշավը, բայց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընտրողին մեկ առ մեկ ասում է այն, ինչ նա իրականում ուզում է լսել` ավանդների վերադարձի շարունակություն, մեծ խանութների մենաշնորհի փոխարեն` փոքր բիզնեսի զարգացում, անվճար բուժօգնություն, անգամ Վրաստանում արդեն առկա արդարադատության տան խոստում է հնչեցնում, ուր պետության հետ բոլոր գործառնությունները ՀՀ քաղաքացին կարող է մի քսան րոպեում անել մի տեղում: Սրանցից ո՞ր մեկը հասարակ ընտրողը չի ուզում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կարող է հարց ծագել` իշխանության մեջ չէի՞ք, անեիք:
Դե իսկ ՀԱԿ-ի առաջնորդին սիրողներ կլինեն, նա մարզերում իր հանգիստ-վերլուծական ձայնով շարունակում է գողապետության դեմ խոսել, որպես ամեն ինչի բալասան ՀԱԿ-ին ընտրելն առաջարկելով. անշուշտ, նրա պահվածքից նրա սակավ ընտրազանգվածը կարող է աճել, եթե նա շարունակի հոգեբանական-հանգիստ գրոհը ընտրողի վրա, ինչպես որ Տավուշի մարզում եղավ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀԱԿ-ում կան կերպարներ, որոնք մի փութ յուղումեղրով չեն ուտվի, ու որ Ջհանգիրյանը խոսում է արդարությունից, դատական համակարգի բարոյականությունից, մեր օրենքների չգործելուց` մի տաս-տասնհինգ տարի առաջվա մեռելները կարող է գերեզմաններում շուռ գան:
Գալով թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպին, որին երեկ հաջորդել էին Նիկոլ Փաշինյանի ասուլիսը եւ նրա հայտարարությունները, ապա նաեւ Սամվել Ալեքսանյանի շտաբի հայտարարությունը, նշենք, որ երկու կողմն էլ միմյանց մեղադրում էին վիրավորանքի եւ սադրանք անելու մեջ. Նիկոլն ասում էր, որ ապրիլի 15-ին իր քարոզարշավը խոչընդոտվել է, Ալեքսանյանի շտաբը բացատրում էր, որ Նիկոլի եւ նրա կողմնակիցների բաժանած նամակում վիրավորական արտահայտություններ կային մյուս թեկնածուի հասցեին, որը զայրացրել է նրա կողմնակիցներին: Կուզեինք նշել, որ այս ընտրատարածքում դեռ ավելի վաղ էինք սադրանքների սպասում, ու զարմանում էինք, որ տեղի չեն ունենում, քանի որ երկու հիմնական մցակիցները բոլորովին տարբեր հարթություններում են, Նիկոլը ` քաղաքական, Ալեքսանյանը ` տնտեսական-նյութական լծակների, ու արդեն իսկ տարբեր, միմյանց անհասկանալի լեզուներով են խոսում: Մնացածն արդեն ընտողի բարոյականության խնդիր է` քաղաքակա՞նն է գերադասում, թե՞ նյութական շահը: Բայց հատկապես օլիգարխ թեկնածուին պետք է դնել չափերի մեջ (մեկ այլ թեկնածու Բաբկեն Գորոյանի քիթն է ջարդել, Գայանե Առուստամյանին եւ Զոյա Թադեւոսյանին են քաշքշել Ալեքսանյանի կողմնակիցները), եթե սեփական քիթդ կարգի ես բերում (վերջերս էր վիրահատել), ուրիշի քթին մի կպի, եւ առհասարակ` կողմերին առանց լարումների քարոզարշավի կոչ ենք անում:
Երեկ զարգացում ապրեց նաեւ չորսի ձեւաչափում (չորս ուժերի միասնական ընտրական շտաբի ստեղծման) սկսված տարըմբռնումը, երբ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ասուլիսում մեղադրեց ձեւաչափի մյուս ուժերին`«Ժառանգության» դեմ հակաքարոզչություն անելու համար, նորից վերահաստատելով, թե ողջ կոալիցիան է կրում երկրի վիճակի պատասխանատվությունը, եւ ոչ թե կոալիցիայի ուժերից մեկը: Ընդհանրապես` եթե միասնական շտաբի գործունեության փաստաթուղթը կուսակցությունների առաջին դեմքերը չստորագրեն` «Ժառանգությունը» դուրս կգա, խոստացավ Ռ. Հակոբյանը: Դե իսկ` ակնարկները ԲՀԿ բարեգործության ուղղությամբ էին, եւ ԲՀԿ-ից էլ պատասխան ակնարկներ էին հնչում, թե «Ժառանգության» այս պահվածքի շարժառիթը բոլորին պարզ է, եւ գաղտնիք չէ ԲՀԿ-ի դեմ այս ելույթների պետպատվերը որտեղի՞ց է իջեցվում ( Նաիրա Զոհրաբյան ): Ավելի հետաքրքրական դիտարկումներ էլ են ջրի երես ելնում` «Ժառանգության» կազմի մեջ եղած «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կոալիցիայի հետ ապագա խորհրդարանում համագործակցությունը բացառում է, մինչդեռ ավելի վաղ, երբ հարց եղավ, Ր. Հովհաննիսյանը չէր բացառել Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը նաեւ, բայց սա պետք չէ կոնտեքստից կտրել` սա այն տարբերակն է, երբ ոչինչ չես բացառում քաղաքականության մեջ: Իսկ Ալեքսանդր Արզումանյանը ընդհանրապես 4-ի նախաձեռնությունն անվանում է ընդդիմադիր ձայները փոշիացնելու միտում ունեցող, եւ այն կարծիքին է, որ միասնական շտաբը իմիտացիայով է զբաղվում:
Մի խոսքով` ընտրական նոր ծաբաթում ենք, եւ չէինք ուզենա լարված նոր իրավիճակներ: