«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի պատմությանը: Նա ծառայության է մեկնել ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամաս: Ծառայությունից 4 ամիս անց գտել են նրա դիակը: Նրա մայրը` Նանա Մուրադյանը , երեկ բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով պարզել իր որդուն սպանողներին եւ պատժել նրանց: «Որդուս մարմնի վրա կային բազմաթիվ հետքեր: Պարանոցի վրա առկա են 2 պարանի հետքեր, մատի սեղմած հետք պարանոցի աջ կողմում, քթի եւ բերանի վրա սեղմած հետքեր, թեւերի բազուկների ներսային մասում` մատնահետքերի տեսքով կապտուկներ, բութ մատի եղունգըՙ սեւացած, ոտքի վրա հարվածի հետք: Որդուս խեղդել են, հետո կախել, որ նմանվի ինքնասպանության: ԼՂՀ-ից որդուս բերել էին մերկ վիճակում: Ամուսնուս հարցին, թե ինչո՞ւ է Վալերին մերկ, պատասխանել են, որ հագուստը տարել են փորձաքննության, բայց դա սուտ էր: 4 ամիս անց մեր բողոքներից հետո ՊՆ քննչական վարչություն տեղափոխվեց գործն, ու միայն 5-րդ ամսում ներկայիս քննիչ` Ա. Թամրազյանը, որդուս հագուստն ուղարկեց փորձաքննության, որը բորբոսած վիճակում էր: Պարանի վրա առկա է արյան հետք, ոը տեսանելի է, սակայն մեր փորձագետները անունակ են արյան խումբ որոշել», գրել է տիկին Նանան նախագահին ուղղված նամակում:

Նա հիշում է, որ դեպքից 4 օր առաջ զրուցել է որդու հետ: Վալերին պատմել է, որ տեսել է, թե ինչպես են տղաները վառելիք գողանում եւ լցնում սպայի մեքենան: Նրան լռության համար գումար են առաջարկել, սակայն Վալերին հրաժարվել է` ասելով, որ ոչինչ չի տեսել կամ լսել:

«Որդուս սպանության օրը օրվա հերթապահ սպան երեկոյան անվանականչ չի կատարել` պատճառաբանելով, որ հեռուստացույց է դիտում, սակայն նրան ոչ մի տույժի չեն ենթարկել: Ես համոզված եմ, որ որդուս սպանել են հենց այդ սպան եւ 4 զինվորները, որոնք այդ երեկոյան վեճ են ունեցել որդուս հետ` պայմանագրային զինծառայողների սենյակում»: Նանա Մուրադյանը նամակում գրում է. «Հարգելի նախագահ, 2011թ. հունվարի 27-ին Ձեր նստավայրի դարպասների մոտ դուք ասացիք, որ բոլորից շատ եք ուզում, որ մեր որդիների մահվան հանգամանքները բացահայտվեն, սակայն քննիչները պնդում են ենթադրյալ ինքնասպանության վարկածը: Ես չեմ հավատում, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն ու մյուս քննիչները ձեզ ճիշտն են զեկուցում: Ձեր կարգախոսն է` «Հավատացեք, որ փոխվի»: Արդեն մեկ տարի եւ չորս ամիս մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել», գրում է զինվորի մայրը` պահանջելով բացահայտել որդու սպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4