«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ՄԵՂԱՊԱՐՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒԹԵՆԲԵՐԳԻ ԵՐԿՐՈՒՄ

Հայ գրատպության 500-ամյակի ցուցահանդեսներՙ ապրիլի 17-ինՙ Հալլեում եւ Կոպենհագենում, 19-ինՙ Վաշինգտոնում

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հալլե, Գերմանիա

Ապրիլի 15-ին ժամը 15-ին Հալլեի Քունստֆորումում ԳԴՀ եւ ՀՀ մշակույթի նախարարությունների հովանու ներքո Անահիտ Աբգարյանի մատուցած Կոմիտասի «Ով մեծասքանչ դու լեզու» երգի հնչյուններով պաշտոնապես բացվեց Հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրչության եւ պատկերների թովչանքը» անունը կրող ցուցահանդեսը, որ ապրիլի 17-ից մայիսի 20-ը հասու է լինելու հանրության լայն շրջանակներին:

60-ից ավելի հրավիրյալներին ողջույնի խոսք հղեցին Հալլեի խնայդրամարկղերի հիմնադրամի նախագահ Ֆրիդրիխ Շթումփֆը, Սաքսոնիա Անհալթի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհն, Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր-Քամփֆը, Հալլե Վիթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերը, ինչպես նաեւ ցուցահանդեսի ճարտարապետներըՙ հայ մշակույթի երկու նվիրյալներՙ Մեսրոպ հայագիտական կենտրոնի տնօրեն Արմենուհի Դրոստ-Աբգարյանը եւ Բեռլինի պետական գրադարանի աշխատակից Մելինե Փեհլիվանյանը: Նախարար Դորգերլոհն հիշեցնելով 1996-ին ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի միջեւ կնքված պայմանագիրը գնահատեց, թե 16 տարիների գունեղ ժամանակագրությունը վկայում է երկու երկրների բազմաշերտ համագործակցության մասին: ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Մարտիրոսյանն էլ արգասաբեր որակեց հատկապես Սաքսոնիա Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը: Մոտ մեկ ժամ տեւած գերմաներեն եւ անգլերեն ելույթները համեմվեցին գերմանական Թութցինգից ժամանած ժպիտն այցեքարտ դարձրած Անահիտ Աբգարյանի (սոպրանո) եւ Շտեֆան Բեքի (դաշնամուր) հնչեցրած մեղեդիներով, որ ավելի ուշՙ ժամը 18-19-ը Հենդելհաուսի կամերային դահլիճում շարունակություն գտան համերգային գունեղՙ հայ երաժշտության առավել ընդգրկուն ծրագրում: Ելույթ ունեցան նաեւ դաշնակահար Ռուբեն Դալիբալթայանը (Զագրեբ), ում մատնահպումը դաշնամուրի ստեղներին այնքան զգույշ էր, որ կառավարում էր դահլիճի շնչառությունը եւ Լայպցիգի երաժշտության, եւ թատրոնի բարձրագույն դպրոցի ուսանող, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կրթաթոշակառու սաքսոֆոնահար Արտեմ Սարգսյանը, որ մանրանկարների, մագաղաթի, մատուցված ծիրանաչրի «պարտադրանքով» հոգու խոսքը գերադասեց հաղորդել դուդուկի միջոցով: Իսկ համերգավար Թոմաս Բուխհոլցի հմուտ, աշխույժ ներկայությունը վերահաստատեց, որ երբեմն իսկապես լավ է, որ բեմում հայերի կողքին մեր ժառանգության վերաբերյալ հենց օտարների մեկնաբանությունն ենք լսում:

Բայց մինչ համերգային անմոռաց դելիկատեսը վայելելը հրավիրյալներին առիթ տրվեց նախ դիտել ցուցահանդեսը: 60-ից ավելի ցուցանմուշների թվում առանձնանում են առաջին անգամ հանրությանը ներկայացվող եզակի ձեռագրեր ու հնատիպ գրքեր, որ մեծ մասամբ գերմանական տարբեր գրադարանների սեփականությունն են: «Գրչության եւ պատկերների թովչանքը» ցուցահանդեսը, որ գերմանական ժամանակացույցից շեղվելով իրականություն է դարձել կարճՙ դեկտեմբերից-ապրիլ ամիսների ընթացքում, կայացել է հատկապես Հալլե Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնի եւ Բեռլինի պետական գրադարանի ջանքերով: Երկու մասիցՙ ձեռագրեր եւ վաղ տպագրության նմուշներ ներկայացնող ցուցահանդեսում ակնհայտ է շարունակականությունը:

Հայ գրատպության հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հալլեում բացված ցուցահանդեսը Գութենբերգի հայրենիքում առաջին արձագանքն է, եւ դատելով բացման օրվա հպանցիկ գնահատականներից, թե ափսոս է նման ցուցադրությունը սահմանափակել միայն Հալլեով, պետք է ուրիշ քաղաքներում էլ ներկայացվի, հանգում է գլխավոր պատճառաբանությանըՙ հնարավոր է,եթե ցուցանմուշները անհրաժեշտ պայմաններում պահպանելու երաշխիքներ տան հյուրընկալելու ցանկություն հայտնած մյուս թանգարաններն էլ:

Ցուցանմուշների մեջ տպավորիչ է հատկապես Բեռլինի պետական գրադարանի սեփականությունը հանդիսացող մեծաքանակ ժառանգությունը, որը լրացրել են հիասքանչ այլ ցուցանմուշներՙ բերված զանազան հաստատություններիցՙ Մյունխենի բավարական պետական գրադարանից, Սաքսոնիա Անհալթի երկրամասային, համալսարանական գրադարանին կից գործող գերմանական արեւելագետների ընկերության գրադարանից, Ֆրանկեի հիմնադրամից, Վիթթենբերգի Մարտին Լյութերի թանգարանից: Առաջին անգամ Տրանսիլվանիայի Եղիսաբեթպոլսի մի մասնավոր հավաքածուից հանրության ուշադրությանն է ներկայացվում 6 տպագիր նմուշ, նաեւ մամուլՙ «Արմենիա» ամսագիրը: Հալլեում կարելի է տեսնել նաեւ Երեւանից բերված ցուցանմուշներՙ Երեւանի ազգային գրադարանից հնատիպ Ուրբաթագիրքը, Մատենադարանի հարուստ գրապահոցից 3 ձեռագրերի նմանապատճենումները, ինչպես նաեւ Երեւանի ժողարվեստի թանգարանից տառպատկերներով հյուսված 3 գորգ: Արմենուհի Դրոստ-Աբգարյանի գնահատմամբ, ցուցահանդեսում կենտրոնական տեղ է գրավում 10-րդ դարում ստեղծված Էջմիածնի հանրահայտ Ավետարանի նմանապատճենված թանկարժեքՙ փղոսկրյա կազմով օրինակը, որ տարիներ առաջ պրոֆ. Գոլցի առաջարկով 20 հազար եվրոյով գնել է Հալլեի խնայդրամարկղը եւ տրամադրել Մեսրոպ կենտրոնին: Վաղ շրջանի տպագրության հիասքանչ օրինակ է գերմանացի Բերնհարդտ ֆոն Բրեյդենբախի 1486-ին Սուրբ երկիր կատարած ուխտագնացության առաջին նկարազարդ նոթագրությունը, որտեղ գերմանացի ճանապարհորդը մի շարք այբուբենների կողքին ներկայացրել է նաեւ Մաշտոցի ստեղծածը: Տիկին Դրոստ- Աբգարյանի գնահատմամբ, ցուցահանդեսի բարձրակետը 1513-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտի ստեղծած առաջին գրքերից մեկն էՙ «Պարզատումարը»:

«Ինչո՞ւ են ցուցանմուշների մեծ մասն առաջին անգամ ներկայացվում հանրությանը» մեր հարցին ի պատասխան Բեռլինի պետական գրադարանի արեւելագիտոության բաժնի վարիչի տեղակալ, Հալլեի ցուցահանդեսի համակարգող Մելինե Փեհլիվանյանը մեկնաբանեց, թե նախկինում պարզապես առիթ չի եղել, նկատել տալով, թե սակավ չեն այն դեպքերը, երբ գերմանացի եւ օտար մասնագետները ծանոթանալով կատալոգին ցանկություն են հայտնում գրադարանում ուսումնասիրել հայկական ձեռագիր կամ տպագիր ժառանգությունը, իսկ հոբելյանական տարին լավագույն առիթն էր իրենց ունեցած 128 բացառիկ գեղեցիկ եւ հին ցուցանմուշները ներկայացնելու: Ինչ վերաբերում է պատկերագրքին, այն հիշյալ ցուցահանդեսի առիթով էլ հրատարակվել է, բայց Ժամանակի սղության պատճառովՙ փոքր չափման մեջ: Տիկին Փեհլիվանյանի տեղեկացմամբ, Գերմանիայի տարբեր գրադարաններում պահվող հայկական ամենամեծ ժառանգությունն ամբարել են Բեռլինի պետական գրադարանումՙ 128 ձեռագիր եւ մոտ 300 հնատիպ գիրք, որ Եվրոպայում ամենամեծ հավաքածուն է:

Ցուցահանդեսում ներկայացված ամենահին ձեռագիրը ստեղծվել է վաղ միջնադարում Կիլիկիայում եւ Մյունխենի գրադարանի հարստությունն է: Բեռլինի գրադարանի անզուգական նմուշները 13-17 դարերի Ավետարաններ են, երգարաններ: Հետաքրքրական ձեռագրանմուշ է 17-րդ դարում ստեղծված «Ալեքսանդր Մակեդոնացու վարքը», որ ի թիվս 80 լեզուների ժամանակին առաջինների մեջ բնագիր հունարենից թարգմանվել է նաեւ հայերեն: Այն, ինչպես իրազեկում է տիկին Փեհլիվանյանը, արդեն ուրիշ առիթներով ներկայացվել է Մարսեյլում եւ այլուր:

«Թե ինչու Մայնցի կամ Թյուբինգենի գրադարաններում պահվող հայկական մյուս արժեքավոր գանձերն էլ չեն մեկտեղվել Հալլեի Քունսթֆորումի 20 ձեռագիր եւ 30 տպագիր ցուցանմուշներ կողքին» մեր հարցի պատասխանը շատ պարզ է: Կարճ ժամանակամիջոց, նաեւ ֆինանսական խնդիրներՙ այդպիսի ցուցանմուշները տեղափոխելն ու ցուցադրելը, ապահովագրելը թանկ հաճույք է, բացատրում է տիկին Փեհլիվանյանը:

Ցուցահանդեսը դիտելու էր եկել նաեւ ԳԴՀ պետնախարար Քորնելիա Փիիփերը, ում գլխավորած պատվիրակությունը Հալլեի քաղաքապետ տիկին Շաբադոշի, Հալլե Վիթ թենբերգի համալսարանի գիտաշխատողների ընկերակցությամբ կիրակի գիշեր ուղեւորվեց Երեւան: Մինչ այցի հագեցած ծրագրին ծանոթացնելը,պետնախարարը շեշտեց, թե երկու երկրների համալսարանների միջեւ սերտ համագործակցություն կա, իսկ հայաստանյան հագեցած ծրագիրը ներառում է այց մի շարք դպրոցներ, ուր գերմաներեն են ուսուցանում, ինչպես նաեւ հանդիպում գեղարվեստի ակադեմիայում: Բայց գլխավոր առիթը ապրիլի 16-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ գերմանացի գոբելենագործների ցուցահանդեսի բացումն է: (Դա տեղի ունեցավ երեկ, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում-խմբ.):

Քունսթֆորումում բացված հայ գրատպությանը նվիրված ցուցահանդեսը գնահատելով, տիկին Փիիփերն ընդգծեց, թե «հպարտ է,որ նման հիասքանչ ցուցահանդես է բացվել Հալլեում: Գերմանիան 2011-ից ի վեր համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է կրկին եւ հրաշալի է, որ Երեւանն էլ այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաքն է: Պատմության մեջ Գութենբերգի հեղափոխական հայտնագործությունից հետո արեւելյան ժողովուրդների մեջ հայերը երկրորդն էին, որ յուրացրեցին եւ զարգացրեցին այնՙ համաշխարհային ժառանգության մեջ հետք թողած երկու ժողովուրդներին կամրջելով իրար», ասաց տիկին Փիիփերը:

Հայաստանի անկախության, ինչպես նաեւՀայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առիթով մեր ակնարկին ի պատասխան, տիկին Փիիփերն ասաց, թե կլոր տարեթիվը գեղեցիկ առիթ է գերմանահայկական հարաբերությունները վերահաստատելու եւ խորացնելու, ինչի համար Հայաստան է ուղեւորվում: Երբ հիշեցրինք, թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մոտենում է, տիկին Փիիփերն անմիջապես արձագանքեցՙնկատել տալով, թե Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելով ծաղկեպսակ է խոնարհելու, եւ սա էլ արդեն կարեւոր ազդանշան է:

Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց Մելինե Փեհլիվանյանի եւ Արմենուհի Դրոստ-Աբգարյանի կատարած աշխատանքի համարՙ իրազեկելով, թե հիշյալ ցուցահանդեսից բացի Բեռլինի պետական գրադարանի հետ այլ ծրագրեր էլ կան: Մասնավորապես մշակվել է գրադարանի եւ Մատենադարանի համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր- Քամփֆի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն 2012-ին ՀՀ այցելության վերաբերյալ: 2011-ի վերջում դեսպանութունը Մատենադարան Է առաքել գրադարանի կողմից անվճար տրամադրված հատուկ սարքավորումներՙ հին մատենագրերի վերականգման համար:

Մեր մյուս զրուցակիցը Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էր: «Գրատպության հոբելյանական տարվա շրջանակներում մեկուկես տասնյակ ցուցահանդեսներ ենք բացում արտերկրումՙ հիմնականում եվրոպական երկրներում: 2011-ին սկսվեց Վենետիկից, այս ցուցահանդեսը կարելի է ասել երկրորդն է: Հաջորդը Կոպենհագենի Դայմոնդհաուսում դանիական թագավորական թանգարանում ապրիլի 17-ին բացվող ցուցահանդեսն է, ուր ներկայացվելու են թագավորական եւ երկրի այլ գրադարաններում պահվող հայկական հնատիպ գրքեր: Փորձում ենք եվրոպական բոլոր երկրներում ամփոփել հայ գրավոր ժառանգության հետքերը: Ապրիլի 19-ին Վաշինգտոնում աշխարհի ամենամեծՙ Կոնգրեսի գրադարանում բացվելու է հաջորդ ցուցահանեսը, ուր ներկայացվելու է Ուրբաթագրքից մեկ նմուշ եւ Կոնգրեսի գրադարանի հայ գրավոր ժառանգության այլ նմուշներ: «Տարին ինչպե՞ս են ամփոփելու» մեր հարցին ի պատասխան փոխնախարար Պողոսյանն ասաց, թե հաջորդ տարի, երբ Գրքի մայրաքաղաքի տիտղոսը հանձնեն հաջորդ քաղաքինՙ Բանգկոկին, բոլոր ցուցահանդեսների արդյունքները մեկ պատկերագրքում եւ ֆիլմում կխտացնեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4