Երեւանում Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնի բացումը նոր ազդակ է հաղորդելու հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին: Այդ մասին երեկ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ընդունելով Գերմանիայի արտաքին գերատեսչության պետնախարար Կոռնելիա Պիպերին: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը վերջին տարիների կտրվածքով զգալիորեն ընդլայնված է որակել Հայաստանի եւ Գերմանիայի փոխգործակցությունը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտակրթական բնագավառներում:
Պետնախարար Պիպերն իր հերթին նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը:
Երեւանում Գերմանիայի դեսպանությունը մինչեւ Պիպերի այցը Հարավային Կովկաս տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն դեռեւս Բեռլինում ապրիլի 14-ին պետնախարարն իր այցը Հայաստան եւ Վրաստան ածանցել է երկու երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակից: «Զարգացման քաղաքականության երկկողմ համագործակցության մեջ մենք եղել ենք երկրորդ խոշոր դոնոր գործընկերը», հայտարարել է գերմանացի դիվանագետը:
Պետնախարարը հիշատակել է նաեւ Եվրոմիության շրջանակներում հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունները, ափսոսանք հայտնելով, որ «հարավկովկասյան պետությունները կրում են տարածքային ցայսօր չլուծված հակամարտությունների կնիքը, մինչդեռ բոլոր կողմերը մեծապես կշահեին խաղաղ կարգավորումից»:
Կոռնելիա Պիպերն անդրադարձել է նաեւ սպասվող ընտրություններին, ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում, շեշտելով, որ դրանք կարեւոր չափանիշ են ժողովրդավարական զարգացման ու դեպի Եվրոպա ուղղության համար:
Այսօր պետնախարարը կմասնակցի Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնի բացմանը:
Ա. Հ.