«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ԵՐԲ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՆՅԱՐԴԵՐԸ

Նախընտրական քննարկումն ավարտվեց փողոցային լեզվակռվով

Թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի մեկնաբանությամբ` այդ ընտրատարածքի թիվ 27 դպրոցում աշխատել է 8 տարի, ունի լուրջ ընտրազանգված, նրան ճանաչում են որպես գործի մարդու, հետեւաբար իր հաղթանակին չի կասկածում: Բախշյանը գալիս է բերքահավաք անելու եւ իր ընտրատարածքի բնակիչների հոգսերը հոգալու: «Գալիս եմ որակյալ կրթության համար», երեկ ասաց նա ՄԱԱ-ում` հավելելով, որ նոր խորհրդարանում էլ շարունակելու է պահանջել, որպեսզի շաբաթական 22 ժամ ծրագրված դասաժամը կրճատվի 18 ժամի:

ՀԱԿ անդամ, թիվ 36 ընտրատարածքում առաջադրված Պետրոս Մակեյանը վերջին պահին է որոշել առաջադրվել այդ ընտրատարածքում: Մինչ այդ ցանկանում էր առաջադրվել Աջափնյակում. այդ ընտրատարածքում իր մրցակիցը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն էր լինելու: «Ցանկանում էի պայքարել այն մարդու եղբոր դեմ, ում ձեռքի գործն էր մարտի 1-ից հետո հարյուրավոր ընդդիմադիր գործիչների ձերբակալումը»: Սակայն ՀԱԿ-ում որոշեցին Մակեյանին առաջադրել թիվ 36-ում: Նույն ընտրատարածքում իշխանական կոալիցիայի 3 թեկնածուներն էլ, ըստ ընդդիմադիր թեկնածուի, ընտրակաշառք են բաժանում: «Կա երեք օղակ, որի շնորհիվ իշխանությունները կարող են հաղթանակ տանել. ուռճացված ցուցակները, վարչական ռեսուրսները, որոնք օգտագործվում են հիմնականում ՀՀԿ-ի օգտին, եւ ընտրակաշառքը»: Մակեյանը նշում է, որ երբ բնակիչներին նախընտրական ծրագիրն է ներկայացնում, նրան հարցնում են. «Բա փողն ո՞ւր է»:

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն այս անգամ ընտրություններին մասնակցում է միայնակ: Նա առաջադրվել է Արտաշատում, որտեղ ծանոթությունը շատ է, կապերը ամուր են: Կարապետյանը պատմում է, որ Արտաշատի դպրոցներում, մանկապարտեզներում պահանջում են, որ ընտրեն իշխանության ներկայացուցչին` Կարինե Պողոսյանին: «Ժողովուրդը օդի մեջ զգում է փողի շունչը ու դրան է սպասում»: Անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի վրա հարձակված կանանց, Կարապետյանը հիշեցրեց, որ ժամանակին նույն «ԲՏՌ» կանայք Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էին ծեծում եւ ճանկռում: «Դա ՀԱԿ-ի մոտեցումն էր: Այդ նույն «ԲՏՌ» կանայք գալիս էին իմ հանրահավաքին եւ ասում` սրան մի՛ հավատացեք, սա ծախվել է իշխանություններին», հիշում է Կարապետյանը: Մինչդեռ Մակեյանը չի հիշում, որ ՀԱԿ-ում երբեւէ եղել են «ԲՏՌ» կանայք: «Շատ վատ է, որ չեք հիշում», քմծիծաղով պատասխանում է Կարապետյանը: «Այդ ժամանակ ես բանտում էի», խոստովանում է ՀԱԿ ներկայացուցիչը: Անահիտ Բախշյանն էլ Մակեյանին տեղեկացրեց, որ ՀԱԿ անդամները մտնում են տնետուն եւ հորդորում, որ «Ժառանգությանը» ձայն չտան: «Չեմ հավատում», ասաց Մակեյանը: «Ես ձեզ կարող եմ հասցեներ տալ», ասաց Բախշյանը, ինչին ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ դա սադրիչների գործն է:

Շարֆիկների, հեռախոսների, ջեմ-մուրաբաների ու սուպերմարկետներում զեղչի քարտերի մասին հարցերը չշրջանցեցին «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդ անդամ, «Արմնյուզ» հեռուստաընկերության նախկին լրագրող Տիգրան Ղալեչյանին , ում խոսքերովՙ ՕԵԿ-ը օրինաստեղծ եւ լուսավոր պատմություն ունեցող քաղաքական ուժ է: Մեծամասնականով առաջադրված ամենաերիտասարդ թեկնածուն խորհուրդ է տալիս, որ ժողովուրդը թացը չորից ջոկի եւ ճիշտ ընտրություն կատարի: «Եթե ժողովուրդը հետեւի ձեր խորհրդին եւ թացը չորից ջոկի, ապա այս ընտրություններին «Օրինաց»-ը մեկ ձայն անգամ չի հավաքի», հակադարձեց Տիգրան Կարապետյանը: Շարունակելով շեշտել, որ ՕԵԿ-ը պարզ ու լուսավոր է, Ղալեչյանն ասաց, որ իրենք նվերներ են արել միայն ՕԵԿ-ականներին: «Դուք չգիտեք, բայց դրանք միայն ՕԵԿ ներկայացուցիչներին են տրվել», արդեն զայրանալով ու ձայնը բարձրացնելով ասաց Ղալեչյանը: Լրագրողների մեկի դիտարկմանը, որ ՀԱԿ-ի անդամ ընկերուհու ընտանիքին ՕԵԿ-ականները առաջարկել են հեռախոս եւ 15.000 դրամի զեղչի քարտ, Ղալեչյանն ասաց. «Ուրեմն լավ չգիտեք, ձեր ընկերուհին ՕԵԿ է»:

Կրքերն առավել թեժացան, երբ երիտասարդը շարունակեց կրկնել ՕԵԿ-ի լուսավորության եւ մաքուր պատմության մասին: Հենց այստեղ Պետրոս Մակեյանի նյարդերը չդիմացան ու հիշեցրեց, որ ՕԵԿ-ը մեկ օրում ընդդիմությունից դարձավ իշխանություն, եւ ինքը ՕԵԿ-ի լուսավորության մասին այնքան բան գիտի, որ լավ կլինի երիտասարդ քաղաքական գործիչը չիմանա: Պ. Մակեյանը հիշեց ՕԵԿ-ի ցանկի ներկայացուցիչներին, մի քանի անգամ Հովհաննես Մարգարյանին ասելով «Մի հատ գյումրեցի», ինչից ՕԵԿ պատգամավորի ձայնն ավելի բարձրացավ ու սկսվեց, մեղմ ասած, փողոցային լեզվակռիվ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4