Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանը կդառնար 80 տարեկան
Երբեւէ կգա՞ արդյոք այն պատմագիրը, այն բանասերը, որը պետական ու քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի կերպարի ճշմարիտ նկարագիրը պիտի տա` նրա ժամանակի մեջ, նրա ժամանակի նկարագրին զուգահեռելով գործունեությունը մի անհատի, որի կենսագրությունը երկրի պատմության անջնջելի էջը մնաց: Եվ տարիներ, տասնամյակներ անց մեկ այլ սերունդ, որ Երեւանի մետրոպոլիտենի մուտքին կամ մարզահամերգային համալիրի ճակատին պիտի տեսնի այդ անուն-ազգանունը, առանց տարեց մեկին հարցնելու կկարողանա՞ այդ անվան հետ կապված որեւէ հիշարժան բան մտաբերել: Կուզենայի, շատ կուզենայի, որ մտաբերեր: Մտաբերեր ու հետո նաեւ իր զավակներին պատմելու ցանկություն ունենար:
«Գրական թերթ»-ի հին համարներից մեկում գրող, դրամատուրգ Մանուկ Մնացականյանի` Արարատ քաղաքի ընդարձակման նախագիծ-պլանին առնչվող հոդվածը վերընթերցեցի: Շինարարության տակ էին դրվելու «Դեմիրճյան» անունը կրող խնձորի հարյուրավոր հեկտարներով այգիներ: Մնացականյանը գրողի հուզականությամբ մատնացույց էր անում Արարատ քաղաքը շրջապատող այլ` ամայի տարածքներ եւ աղաչելով պահանջում. «Գնացեք, այնտեղ ընդարձակեք ձեր քաղաքը եւ ձեռք մի տվեք «Դեմիրճյան» խնձորներին, ձեռք մի տվեք Դեմիրճյան անվանը»:
«Ձեռք մի տվեք Դեմիրճյան անվանը»: Կենդանի լիներ արժանահիշատակ Մանուկը, նույն վրդովմունքը պիտի ապրեր, երբ Դեմիրճյանի կերակրամանից տարիներով օգտված մի քանի վայ կոմունիստներ, մոռացած օձը տաքացնողի եւ կծողի մասին ժողովրդական իմաստուն խոսքը, 99-ի վերջերին վայնասուն բարձրացրին... Դեմիրճյանի դեմ: Ի՞նչ էր ուզածները, բան չհասկացանք:
Նման մարդկանց անմաքուր վարմունքի շուրջը խոսելու տեղ ու առիթներ շատ կլինեն: Դա իմ խնդիրը չէ: Այսօր` նրա ծննդյան օրը, ուզում եմ հիշել ու հիշեցնել 2002-ի ապրիլի 17-ին Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրում նշված հոբելյանական միջոցառումը: Եթե մինչ այդ Դեմիրճյանի մասին մի ընդհանրական, մի ամփոփ, մի լիարժեք խոսք ասվել է, ապա դա Գագիկ Հարությունյանի այդ օրվա զեկուցումն էր: Լեփ-լեցուն դահլիճը 43 րոպե լսում էր վառ անհատականության, երկրի տարեգրության մեջ իր մնայուն էջը թողած, երկրի դիմանկարի վրա իր անջնջելի գույները բերած հայ մարդու իրական գնահատականը: Դա ոչ միայն հոբելյարի կատարած գործերի գնահատանքն էր, այլեւ Դեմիրճյանի` Հայաստանի ապագային միտված ծրագրերի շուրջը յուրովի խորհրդածություն, որ Դեմիրճյանի միջոցով ծրագրային դրույթներ էր առաջարկում հանդիսությանը ներկա պետական ու քաղաքական ամենաբարձր աստիճանի մարդկանց: Դա հիրավի ապագայի ծրագրի հանգամանալից մատուցումն էր Կարեն Դեեմիրճյան-Գագիկ Հարությունյան զույգի կողմից: Նաեւ շեշտադրվեց շատ կարեւոր մի բան` իր հերոսին փնտրող ժողովրդի հավաքական կերպարի նկարագրության լիիրավ տեր դարձած Կարեն Դեմիրճյանը երբեւէ դադար չի ունեցել անգամ այն ճամփաբաժանումին, որը, չգիտես ինչու, հեռացումի տարիներ են կոչում: Դա բաժանում չէր իր ժամանակից, եւ այդ հեռացում ասածը պարզապես հորինվածք է: Մեծերը միշտ մնում են իրենց ժամանակի մեջ, նրանք ավելի ճիշտ են լսում իրենց ժամանակի թելադրանքը: Հոբելյանական այդ հանդիսությանը եւ, մանավանդ, հիմնական զեկուցմամբ ամեն ինչ տեղը դրվեց: Դեմիրճյան անհատը, Դեմիրճյան երեւույթը ամբողջական ներկայացվեց նոր իրականության մեջ` մեր ազգին եւ անկախ պետականությանը ժամանակի նետած մարտահրավերներին դիմակայելու կռվի եւ պայքարի մեջ իր հարուստ կենսափորձով, ուսանելի գործելաոճով եւ ինքնատիպ պահվածքով: Դահլիճը քարացած լսեց 43-րոպեանոց այդ համապարփակ, այդ տարողունակ ելույթը եւ... հոտնկայս ծափահարեց: Շոկ էր ու սարսուռ` ո՞ւմ եւ ինչպե՞ս կորցրինք: Այդ շոկն ու սարսուռը խտացավ, երբ բացվեց բեմի էկրանը, եւ սկսեց խոսել կենդանի Դեմիրճյանը. «...Ազգային ժողովը պետք է լինի մեր ժողովրդի կոլեկտիվ միտքը, կոլեկտիվ խորհրդարանը...»: Եվ շարունակությունը` «Խորհրդարանի ուժն ու հեղինակությունը պայմանավորված է ազատ եւ թափանցիկ ընտրություններով. միայն հանրության իրական կամքն արտահայտող լեգիտիմ խորհրդանը կարող է լուծել համազգային ծավալների եւ նշանակության խնդիրներ»:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այս օրերին պատգամի պես չե՞ն հնչում, արդյոք, Դեմիրճյանի այս խոսքերը: Շա՛տ կուզենայի, որ քարոզարշավի այս օրերին ընտրողների հետ հանդիպողները, զանազան խոստումներ տվողները հաշվի առնեին սա:
Մեծերին չեն գնահատում նրանց գալ-գնալով, այլ միշտ նրա ներկան զգալով, հարկավոր պահին նրա Ոգու զորությանը դիմելով: Ժամանակի ու պայմանների փոփոխությունը, որպես ավելորդ խառնուրդ, մեր վերաբերմունքի մեջ չպիտի կարողանա խամրել մեր հիշողության երանգները: Որովհետեւ մեծ ու փոքր, լավ ու վատ հիշողության խնդիր չկաՙ այստեղ միայն մարդուն հիշողությունից չվանելու խնդիրն է: Որովհետեւ Մեծերը մեզանից ու մեր ժամանակներից ինչ-որ չափով վեր են կանգնած: Նրանց շուրջը ներկայի ու գալիքի հանդեպ հավատի ներշնչման մթնոլորտ է, համատարած ու գերող մթնոլորտ: Նրանց այդ վստահության աղբյուրը անցյալի փորձն է, այդ փորձի հիման վրա ստեղծված հասարակական կարծիքն ու, անպայման, նաեւ անձից ճառագող հմայքը: Ղեկավար անձի հմայքը գեղեցկատեսություն չէ, պատրանք չէ, այն առաջին հերթին հավատ է, վստահություն է: Հավատը դյուրըմբռնելի եւ խաբուսիկ է դառնում, երբ կերպարն ինքդ ես ստեղծում եւ նրա հատկանիշներն էլ հորինում եսՙ ցանկալին իրականի տեղ պատկերացնելով:
Կարեն Դեմիրճյանի պարագայում այլ էր. նա եկել էրՙ հմա՛յքն էլ, հավա՛տն էլ իր գործելաոճով պայմանավորած, եւ երբ կրկին վերադարձավՙ այլեւս վստահություն ներշնչող Առաջնորդի ծիրանին ուսած եկավ: Եվ իրենից հետո, որպես ուսյալ եւ անարգել անցնելիք ուղի, նա թողեց, Չարենցի բնորոշմամբՙ «Անանց եւ անջինջ մի հետք»:
Այսպես ասած «հեռացումի տարիներ»
Մենք նստած էինք «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի իր աշխատասենյակում:
Դեմիրճյանը չասաց, թե այս անաշխատ, դժվարին տարիներին գործարանն աշխատում է, չավելացրեց, թե սա մեր բաժին երկինքն է, որ պահում ենք: Այդ գործարանի բանվորներն ու Դեմիրճյանն ինքը առանձին մի կեցվածք չէին ընդունում: Ցանկալին իրական տեսնելու պատրանքին նրանք մարմին էին տվել, եւ այդ ժամանակ երկրի երբեմնի ղեկավարի համար դույզն ինչ մտահոգիչ չէր այդ մասնակի միջավայրում գործելու հանգամանքը: Սա մեծերի բնույթն է. մեծերը նեղսրտել չգիտեն` նրանք ամեն պարագայում ընդունակ են շարունակելու իրենց կյանքի գործը: Մեծ կամ փոքր գործի խնդիր չկա` իրենից չհեռանալու, իր բնույթը չփոխելու խնդիր է: Ոմանք այն տարիները «հեռացումի տարիներ» կոչեցին` չպատկերացնելով, թե իր արժանապատիվ հեռացումով այն ժամանակ ինչ արյունահեղություն կանխեց Կարեն Դեմիրճյանը: Սա, անկասկած, այլ ուսումնասիրության թեմա է` անցյալն ընդհանրապես ու անցյալի պետական գործչին մասնավորապես գնահատելու եւ որպես ուսուցյալ դաս ընդունելու իմաստով: «Ինձ համար այս տարիները նաեւ նոր պայմաններում ապրելու, աշխատելու, նոր փորձի ձեռքբերման, մի տեսակ ադապտացիայի ենթարկման տարիներ եղան. ես պետք է ազատվեի այն իներցիայից, որ իմ մեջ կրում էի որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ»:
Ազգի հերոսներն ամենաքիչը իրենց կյանքի մասին են մտածում` նրանց մտածումի հիմնական հենքը, ատաղձը, հիմնական ուշադրությունն այն գործն է, որին նվիրվել են: Ավելորդ մտահոգությունները հեռու վանելու միտումն էլ այն է, որ իրենց թիկունքից տագնապ չպիտի ունենան:
Բոլոր նրանք, ովքեր լավ ճանաչել ու լավ են ճանաչում Դեմիրճյան մարդուն, նոր չէ, որ պիտի համոզվեն, թե ճիշտ մարդու վրա ոչ ժամանակը, ոչ պայմաններն ու հանգամանքները, ոչ էլ, մանավանդ, կյանքի աստիճանի վեր ու վարը չեն կարող բացասական ազդեցություն թողնել: Դեմիրճյանը հրաշալիորեն տեսնում-զգում էր նորանկախ երկրի զարկերակը, նաեւ հույսեր էր կապում, թե այս նոր երկրի նոր ղեկավարությունը նորովի մի բան պիտի որ անի: Արվեց, թե չարվեց, այլ խնդիր է: Նաեւ այլ խնդիր է, որ եթե ինքը մտներ (թող ներվի, որ այս համեմատությունն ենք անում), ասենք, միջին վազքուղի, արդյո՞ք իր տեմպը` վաստակի, փորձի, խորագիտության, իներցիան պահպանած տեմպը, իր փեշը ձգող կամային արգելքների չէ՞ր հանդիպի` «մեր ասպարեզն է» անմիտ թելադրանքով: Սրանք ընդամենը իմ եւ Դեմիրճյանի գնահատողների մտավախությունն են, եւ իր երկրի ճակատագրով մտահոգ մարդու մտորումն էլ «հիմա ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանն է` «Հիմա՞... Հիմա պետք է մտածել այս քանդված երկիրը վերաշինելու մասին, այս քայքայված տնտեսությունը կարգավորելու մասին` հենվելով անցյալի փորձի վրա, ամբիցիաներից ազատվելով, մարդկանց մեջ հավատ ամրապնդելով, վաղվա օրվա ուրվագիծը միշտ տեսնելով եւ դրան ձեւ ու կերպարանք տալով»:
Գյումրին եւ Դեմիրճյանը
«Վստահեի՜ն Դեմիրճյանին, ո՜նց կկառուցեր
անտեր ու դուրս մնացած մեր այս քաղաքը...»:
Տարօրինա՞կ թվաց այս վերնագիրը, ինչո՞ւ հատկապես Գյումրիի հետ եմ զուգահեռում արդեն ոչ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մտորումները: Իմ բոլոր հանդիպումներում (դրանք շատ են եղել, ու ես Դեմիրճյանի կողմից կեսկատակ-կեսլուրջ համարվել եմ աներես լրագրող) միշտ էլ արծարծվել է Գյումրվա թեման: Դա իմ սիրելի քաղաքն է, երկրաշարժից հետո նրա դժվարությունները` իմ տխրությունը, իսկ Դեմիրճյանի համար այդ քաղաքը շատ ավելին էր, քան պարզապես սիրելի քաղաք: Գյումրին Դեմիրճյանի ափսոսանքն էր, նրա ցավը, նրա անզոր անհանգստությունը:
- Գուցե պետք էր, որ Դուք ներկա իշխանություններին առաջարկեի՞ք Ձեր մասնակցությունը Գյումրիի վերականգնմանը:
Այս հարցը բազմիցս տրվել է, եւ ամեն անգամ ցավի արձագանք է եղել, ափսոսանքի արտահայտություն, նորից ու նորից ուշացած մի խոստովանություն, թե` «Երեւի դա պետք էր անել»: Եվ նորից ու նորից բացատրության պես մի բան, որ ոչ այնքան զրուցակցին էր ասվում, որքան իր ներքին մտորումի բարձրաձայնումն էր.
- Կարծում եմՙ նպատակահարմար կլիներ ապագա քաղաքը կառուցվող հողերի վրա փայտաշեն ժամանակավոր տնակներ պատրաստվեին, քաղաքն ազատվեր բնակիչներից, մաքրվեր բուն քաղաքն ու կառուցվեր իր նախկին ճարտարապետական տեսքին համահունչ: Հետո աստիճանաբար բնակիչներին տեղափոխել քաղաք եւ ազատել այն հողերը, որոնց վրա ժամանակավոր փայտե տնակներն էին: Այս սակավահող երկրում կպահպանվեին շրջակա գյուղերի հողերը, ազատված քաղաքում էլ ավելի դյուրին կընթանար կառուցապատումը: Եվ ամենակարեւորը` սեփական տները կառուցելու հնարավորություն կտրվեր մարդկանց` օգնելով վարկերով, շինանյութերով: Այդ պայմաններում քաղաքը լքել ցանկացողների քանակը կհասներ նվազագույնի:
Այսպես, պարզ ու որոշակի, նաեւ ամենօրյա ափսոսանք: Հետագայում, երբ ԽՍՀՄ-ի փլուզումը Գյումրիից տարավ միութենական հանրապետությունների շինարարներին, եւ քաղաքը մենակ մնաց իր հոգսերի հետ, նրա այդ ափսոսանքն ավելի խորացավ: Գուցե այս քաղա՞քը պիտի լիներ այն հրաշալի առիթը, որ պայմանավորեր առաջնորդի հետդարձը, գուցե հենց այնտե՞ղ էր պետք մարդկանց կորացած մեջքը շտկելու նեցուկը` իշխանությունների բարի հայացքը շրջելու դեպի աղետյալ քաղաք, հոգու երկրաշարժի առաջն առնելու, եթե ավելի մանրամասնենք, ապա նաեւ` հեռացող շինարարների կողմից թողածի (շինանյութեր, օժանդակ կառույցներ եւ այլն) ահավոր թալանը կանխելու:
Սա մի թեմա է, որ Կարեն Դեմիրճյան անհատի մասին երբեւէ գրողների համար միշտ արծարծվելու կարոտ պիտի ունենա, քանզի ժողովրդի մեջ հավատի եւ հույսի թելերը ամուր կապված էին իրենց նախորդ առաջնորդի հետ: Եվ պատեհ առիթ է, որ ես հիշեմ այս նյութի բնաբան տողերի հեղինակ, մասնագիտությամբ բժիշկ Ֆելիքս Գրիգորյանին, ում տարբեր առիթներով Գյումրիում հանդիպել եմ, ու նա մեր զրույցները միշտ թեքել է դեպի Դեմիրճյանը. «Գյումրեցիները սպասում էին, որ Դեմիրճյանն այն օրերին կգա մեր քաղաք, մեր այդ ցանկությունն առավել գունեղ դարձավ շինարարների հեռանալուց հետո»:
Հեռու եմ առաջնորդների միջեւ զուգահեռումներ անելու միտումից, սակայն պատմությունն ինքն է խրատում, որ անցյալը (այս պարագայում անցյալի կարող ուժերին ու հեղինակություններին) կտրուկ վանելը երբեւէ չի խրախուսվել: Սա` մեղմ ասած: Անկախության գաղափարի հորձանքով իշխանության եկած ուժերն այն ժամանակ հանդիմանության առիթներ, կարծում եմ, չէին տալիս` պատերազմն էր շարունակվում, շրջափակումն էր սեղմում, տնտեսական արտաքին կապերն էին խզվել: Խոսքը մարդկային գործոնի, ընդունված կարգով ասած` կադրերին ճիշտ ու սխալ ընտրելու, նրանց վստահել-չվստահելու մասին է: Այդ ամենը դեռ բավարար չէր, կոմունիստների մի նեղ շրջանակ էլ` իրենց նեղ, անձնական ամբիցիաների ձեռքը կրակն ընկած, քաղաքական մի անհիմն արշավ սկսեցին իրենց նախկին առաջնորդի դեմ...
Այսօր, սակայն, մի պահ հեռանանք այս ամենից ու հիշատակի խնկարկումի խոսքեր պահենք Կարեն Դեմիրճյանի համար` այսօր նրա ծննդյան օրն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ